Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խորհրդի անդամ. «Սոցիալիզմին համաձայն չէինք, կապիտալիզմ էինք ուզում. էս է կապիտալիզմի դեմքը»

Սեպտեմբեր 20,2012 14:32

«Դեբատ» մամուլի ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը եւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անկախության 21- ամյակի նախօրեին պետք է բանավիճեին Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների մասին: Սակայն բանավեճը վերածվեց մտավախությունների բարձրաձայնման: Իսկ դրանք թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարում նույնն են: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը մեր երկրի թիվ մեկ մարտահրավերներից է համարում տնտեսական անկումը: Գտնում է, որ այն մենք ինքներս շտկել չենք կարող: Հաջորդը, որը նույնպես մեզանից կախված չէ, աշխարհաքաղաքական զարգացումներն են: Արամ Կարապետյանը հույս ունի, որ դրանք պատերազմական իրավիճակների չեն հանգեցնի: Մյուս կարեւորագույն մարտահրավերներն, ըստ նրա, արտագաղթն են եւ հասարակության դեգրադացիան՝ իր բոլոր դրսեւորումներով: Ի դեպ, պաշտոնական տվյալներով, վերջին ութ ամիսներին Հայաստանից արտագաղթել է 90 779 մարդ:

Համեմատություններ անելով 1990-ականների հետ, Ռազմիկ Մարտիրոսյանը նկատեց, որ այն ժամանակ իշխանությունը, քաղաքական գործիչները գործում էին օրվա պահանջով, որպեսզի գոյատեւեն: Մինչդեռ հիմա, երեւույթներն այնպես են խորացել, որ առանց գիտելիքների հնարավոր չէ կառավարել: Հայաստանի համար թիվ մեկ մարտահրավերը նա համարում է կոռուպցիան, կրթությունը եւ մասնագետների գոյությունը: Պարոն Մարտիրոսյանը օրինակ է բերում հակակոռուպցիոն հանձնաժողովը, որտեղ իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ չորս անդամներից յուրաքանչյուրը տարբեր է պատկերացնում, թե խնդիրը ո՞րն է, ավելին՝ հստակ չեն պատկերացնում: «Բնականաբար, այդ խնդիրը լուծել հնարավոր չէ»,- ասում է նա: Նրա կարծիքով՝ մարտահրավերները փոխկապակցված են եւ այստեղ ամենակարեւորը հասարակության դիմադրողականությունն է, ինչն էլ կախված է կրթվածության չափից ու մակարդակից:

Բանավեճի ներկաների կողմից բարձրաձայնված խնդիրներին Ռազմիկ Մարտիրոսյանը հումորով հակադարձեց. «Սոցիալիզմին համաձայն չէինք, կապիտալիզմ էինք ուզում. էս է կապիտալիզմի դեմքը»

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930