Հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով բարձրագույն նվաճումների սպորտի համակարգին, նշել է, թե այն անկատար է եւ անհրաժեշտ է լուրջ բարեփոխումներ կատարել: Նախարարը փաստել է նաեւ, որ այսօր ոլորտում պատասխանատվությունը բաշխվում է նախարարության, ՀԱՕԿ-ի, ազգային ֆեդերացիաների եւ մարզական հասարակական կազմակերպությունների միջեւ, այնինչ՝ հավաքական թիմերի մասնակցության համար առաջնահերթ պատասխանատվություն պետք է կրեն մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ղեկավարները եւ հավաքական թիմերի մարզիչները եւ այդ պատասխանատվությունն անհրաժեշտ է ամրագրել թե իրավական եւ թե տնտեսական չափանիշներով: Հրաչյա Ռոստոմյանը ազգային ֆեդերացիաների ղեկավարներին առաջարկել է նախարարության հետ մշակել մարզիչների նշանակման, հավաքական թիմերի կազմի հաստատման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր, նշել բարձրագույն նվաճումները սպորտում եւ մարզական հերթափոխի պատրաստման գործում մարզական հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման նպատակով նախարարության հետ համատեղ պետական բյուջեի աջակցությամբ նոր ծրագրի մշակման անհրաժեշտությունը:
Առաջադրված խնդիրներն, իրոք, օրակարգային են եւ պարտադիր լուծում են պահանջում: Իսկապես, ի վերջո, պետք է մեկընդմիշտ հստակեցվի, թե մեզանում ո՞վ է պատասխանատու լինելու բարձրագույն նվաճումների, ո՞վ՝ մանկապատանեկան եւ մասսայական սպորտի համար: Ճիշտ է, այդ տարանջատումը, կարծես, կա, բայց խնդիրները մի տեսակ խառնված են ու դրանցով զբաղվում են բոլորն էլ:
Մեր կարծիքով՝ պակաս կարեւոր չէ նաեւ մեկ այլ խնդիր եւս: Դա մեդալների ետեւից մրցավազքն է: Ազգային ֆեդերացիաների ղեկավարներից, նրանք էլ իրենց հերթին հավաքականների մարզիչներից Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում անպայման մեդալ են պահանջում: Ու տարեցտարի՝ ավելի մաքուր մետաղից ձուլված մեդալներ: Եվ այդ պահանջները ոչ թե վերցվում են հենց այնպես՝ օդից, այլ մեր առաջատար մարզիկների՝ վերջին տարիներին գրեթե օրինաչափություն դարձած հաջող մրցելույթների հետեւանք: Եվ այս փաստը, անկասկած, ուրախացնող է: Սակայն հարկ է նաեւ նշել, որ այդ մակարդակի մարզիկները մեզանում այնքան էլ շատ չեն, որ մեկը մյուսին լիարժեք փոխարինելով ապահովեն պահանջվող մեդալները: Մարզիչներն էլ, չի բացառվում, որ մարզումների ու հավաքների ժամանակ մեծացնում են ծանրաբեռնվածությունները, իսկ պատասխանատու մրցումներում առայժմ հատուկենտ մարզիկներին «համոզում» մրցելույթներն սկսել ռիսկայինին մոտ սահմաններից, ինչը մեծացնում է ձախողվելու եւ վնասվածքներ ստանալու հավանականությունը: Իսկ այդպիսի մեկ-երկու անհաջողությունը բացասաբար է անդրադառնում ամբողջ մարզաձեւի, տարիների աշխատանքի արդյունքների վրա:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ պետությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հատկապես ՀԱՕկ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ մեր մի քանի ֆեդերացիաների նախագահներ որքան մեծ գումարներ են տրամադրում առաջատար մարզիկների նախապատրաստության ողջ գործընթացին՝ լուծելով բառացիորեն բոլոր հարցերը: Բայց այդ մեդալների պարտադիր պահանջների պատճառով, պատահում է, որ դրանք ջուրն են ընկնում: Հետեւաբար, ավելի ճիշտ չէ՞ առայժմ թողնել մեդալների մրցավազքը (միեւնույն է՝ ոսկիներ, արծաթներ եւ բրոնզներ էլի կլինեն), այդ միջոցների մի մասը հատկացնել մանկապատանեկան սպորտի վերելքին: Բոլորն են ասում՝ թե մարզիչները եւ թե սպորտի ղեկավարները, որ Հայաստանի մարզերում տաղանդավոր բազում երեխաներ կան, որոնք մարզվելու կարգին պայմանների բացակայության պատճառով կորչում են՝ այդպես էլ մեծ սպորտ ոտք չդնելով: Մանկապատանեկան սպորտը զարգացնելով՝ կշատանան նաեւ բարձրակարգ մարզիկները եւ այն ժամանակ ավելի շատ մեդալներ կունենանք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ