Բեռլինի «Հումբոլդտ» համալսարանում վարդապետը ներկայություն կունենա
Վերջերս Բեռլինի «Հումբոլդտ» համալսարանի (նախկին՝ Ֆրիդրիխ-Վիլհելմ կայսերական համալսարան) պատին փակցվեց Կոմիտասի հուշատախտակը։ Այս իրադարձությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարը, Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանը (լուսանկարում)՝ իր ղեկավարած «Գեղարդ» վոկալ անսամբլի հետ եւ դաշնակահար Հայկ Մելիքյանը։
«Առավոտը» հանդիպեց Մհեր Նավոյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ դեռեւս 2009 թ., երբ նշվում էր Կոմիտասի 140-ամյակը, մշակույթի նախարարությանը եվրոպական համերգային շրջագայությունների եւ դասախոսությունների ծրագիր է առաջարկել, հատկապես նշելով այն քաղաքներն ու հաստատությունները, որոնք առնչվում են Կոմիտասի կենսագրությանն ու գործունեությանը։ Առաջարկված ծրագրից իրականացվել է միայն ուղեւորությունը Ֆրանսիա եւ Շվեյցարիա։ «Հետագայում Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի մոտ միտք հղացավ Վարդապետի հուշատախտակը փակցնել նրա հարազատ՝ «Հումբոլդտ» համալսարանում։ Մշակույթի նախարարության, Գերմանիայում Հայաստանի դեսպանատան եւ գերմանական կողմի սիրահոժար համաձայնության շնորհիվ հնարավոր եղավ այս տարի իրականացնել ձեռնարկը»,- ասաց պրն Նավոյանը։ Նա հավելեց, որ հիշյալ համբավավոր համալսարանում եվրոպական մշակույթի մեծություններ են դաստիարակվել ու եթե թվարկվի միայն Նոբելյան մրցանակակիրների անունները, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն այդ համալսարանի հետ, մի ամբողջ ցանկ կստացվի։
Հետաքրքրությանը, թե՝ Կոմիտասի նկատմամբ գերմանացիների ցուցաբերած ուշադրությունը, արդյոք, արդարացվա՞ծ է նման ֆորմատում ու մեզ նրա արվեստն ու ժառանգությունը ամբողջակա՞ն է ներկայացվում, մեր զրուցակիցն ասաց. «Թվում է, թե լավ գիտենք մեր մեծությանը, լավ ենք պատկերացնում նրա տեղն ու դերը հայկական երաժշտարվեստի գործում, բայց երբ այսպիսի հարցեր են առաջանում, դրանք վկայությունն են այն իրողությանը, որ ինքներս վատ ենք պատկերացնում Կոմիտասի մեծությունն ու մասշտաբները։ Մինչդեռ եվրոպացու հայացքով նրա կշիռը հստակ տեսանելի է։ Ուղիղ ասեմ՝ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի եւ հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար եւ նշանակալի երեւույթներից մեկն է։ Համաձայն եմ, որ իրական կշռով մենք Կոմիտաս չենք ներկայացրել, ավելի ճիշտ՝ վախեցել ենք ներկայացնել, բացառությամբ 1-2 ուսումնասիրությունների։ Սակայն գերմանական համալսարանական միջավայրում, փաստորեն, Կոմիտասը տեսանելի է, եւ զարմանալի ոչինչ չկա, որ նրանք հավուր պատշաճի գնահատեցին իրենց երկրի երբեմնի սանին»։
Ի դեպ, «Հումբոլդտ» համալսարանում գործում է ադրբեջանական հետազոտությունների ամբիոն, ինչպիսի՞ն էր վերջինիս աշխատակիցների վերաբերմունքը կոմիտասյան միջոցառման առիթով։ Պարոն Նավոյանը նշեց, թե չի հետաքրքրվել ադրբեջանցիների վերաբերմունքով, հետո էլ հայտնեց. «Եթե նկատի ունենանք այդ ամբիոնի գոյությունը եւ հուշատախտակի փակցնելու առիթով հանդիսավոր երեկոյի, դասախոսությունների անցկացումը, ընդհանրապես գերմանացիների խանդավառ ընդունելության փաստը, անպայման դա կունենա նաեւ քաղաքական երանգավորում։ Ադրբեջանը եւ Թուրքիան, արեւմտյան համալսարանական կենտրոններում հսկայական գումարներ ծախսելով, խրախուսում են թուրքագիտական ամբիոնների բացումը, թուրքագիտության զարգացումը: Հաճախ այն հաստատությունների փոխարեն, որտեղ ժամանակին գործել են հայկական ամբիոններ կամ հետազոտությունների բաժիններ, որոնք ինչ-ինչ պատճառներով, նաեւ՝ մեր անփութության, փակվել են, բացվել են թուրգագիտության բաժիններ։ Ակնհայտ է, որ գործ ունենք մշակույթն ու գիտությունը որպես քաղաքական զենք կիրառելու եւս մեկ դրսեւորման հետ։ Ցավոք, միշտ չէ, որ այդ ոլորտում կարողանում ենք համարժեք պատասխան տալ»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ Կոմիտասի հուշատախտակի փաստը կարող է դիտվել նաեւ որպես որոշակի պատասխան ադրբեջանական ամբիոնի գործունեությանը. «Դա վավերագիր է, որը ամենաերեւացող տեղում հիշեցնելու է մեր ներկայությունը եւ վստահ կարելի է ասել, որ ազգի մեծությունները իրենց կշռելիությունը ապացուցում են տարածության ու ժամանակի մեջ եւ միշտ սեփական ժողովրդի համար հարց են լուծում առաջին հերթին հոգեւոր արժեքի, չգիտեմ՝ որերորդ հերթին էլ՝ քաղաքական։ Եվ որ ամենակարեւորն է՝ մենք չէինք տարել Կոմիտասին Բեռլին, մենք էինք գնացել նրա հետեւից, որտեղ նա 100 տարի անց մեր հոգսն է հոգում»։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ