Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փախստականների հայցի քննությունը հետաձգվեց

Սեպտեմբեր 20,2012 14:10

Եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյանները հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, այն է՝ անվավեր ճանաչել ՄՊԾ-ի կողմից փախստականի կարգավիճակը դադարեցնող որոշումը եւ կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ ՀՀ-ում իրենց փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին: Դատաքննությունն անցկացվեց դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ: Ներկա էին հայցվորները եւ հայցվորների ներկայացուցիչ Աշխեն Եսայանը: Պատասխանող կողմը ներկա չէր, սակայն, ի պատասխան հայցադիմումի, շեշտել էին, որ դատաքննությունն անցկացվեր առանց պատասխանող կողմի ներկայության: Այդ եւ բազում դատավարությունների ժամանակ պատասխանող կողմը խուսափել է դատարանում ներկայանալուց, ինչը փաստում է իրենց ածանցյալ խնդրանքն այդ մասին, սակայն նաեւ պետք է նշենք, որ պատասխանող կողմը դատարան է ներկայացել երկարատեւ ընդմիջումներով՝ «մեկումեջ»: Չնայած դրան, հայցվորների ներկայացուցիչ Աշխեն Եսայանը միջնորդեց, որպեսզի դատաքննությունը հետաձգվի եւ պահանջեց, որ պատասխանող կողմն ապահովի ներկայացուցչի՝ դատավարությունների ժամանակ, հիմնավորելով, որ Կարեն եւ Կառլեն Հակոբյանների փախստականի կարգավիճակի դադարեցման որոշումը կայացրել են ոչ աշխատանքային շաբաթ օրը եւ նաեւ այն, որ այդ մասին հայցվորները ծանուցված չեն եղել, ինչի վերաբերյալ հայցվորների ներկայացուցիչը պատասխանող կողմից բացատրություն էր ցանկանում լսել: Այդ իսկ պատճառով՝ դատավոր Արման Թովմասյանը դատաքննությունը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 5-ը, որպեսզի պարտավորեցնեն պատասխանող կողմի ներկայացուցչի ներկայությունը դատավարություններին:

Հիշեցնենք, որ Կարեն եւ Կառլեն եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցվել էր հիմնավորումով, որ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չկա նշում նրանց՝ Ադրբեջանից դուրս գալու ժամկետների վերաբերյալ, սակայն հավաստիացնենք, որ նրանց մայրը՝ Անահիտ Առաքելյանը, Ադրբեջանում ստեղծված վիճակի պատճառով 1988 թվականի հունիսի 28-ին՝ երեխա ունենալու նպատակով, Բաքու քաղաքից եկել է Հայաստան եւ Կարեն Հակոբյանի ծնունդից հետո, հուլիսի 15-ին վերադարձել է Բաքու: Այդուհետեւ, 1989 թվականի սեպտեմբերի 5-ին նորից է եկել Հայաստան՝ երեխա ունենալու նպատակով եւ Կառլենի ծնունդից հետո, սեպտեմբերի 25-ին վերադարձել է Բաքու: 1990 թվականի հունվարին բռնագաղթվել են Հայաստան, դիմել են պետական լիազոր մարմին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հաշվառվել: Նրանց ընտանիքի համար սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», որն, ի դեպ, լրացվում է, երբ փախստականներն առաջին անգամ մուտք են գործում ապաստան տվող երկրի տարածք, 1996 թվականին «Փախստականի ընտանիքի վկայական», որի վերաբերյալ էլ նշվել է որոշման մեջ: Նշված փաստաթղթերը պահպանվում են ՄՊԾ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում:

Կառլեն եւ Կարեն Հակոբյանների ընտանիքն Ադրբեջանից բռնագաղթվել է Հայաստան եւ փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնում հաշվառվել է որպես փախստական:

Այն, որ եղբայրները ծնվել են Հայաստանում բռնագաղթվելուց առաջ, կարգավիճակը դադարեցնող որոշման մեջ դա ընդունել եւ նշել է նաեւ ՄՊԾ-ն, սակայն դա դարձել է «կռվախնձոր» վարչական դատարանում՝ ծնվել են բռնագաղթվելուց առաջ, թե հետո:

Ի դեպ, նշենք նաեւ, որ վերջերս վարչական դատարանում Կարեն Ղեւոնդյանի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին հայցով դատարանն անվավեր ճանաչեց ՄՊԾ-ի կողմից վարչական ակտը: Հավելենք, որ վարչական դատարանի կողմից կայացրած վարչական ակտը չի բողոքարկվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից, ինչը ողջունելի փաստ է:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930