Մեծարգո պարոն նախագահ. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»:
Քանի՞ անգամ լսած կլինենք այս արտահայտությունը։
Կուզեի ասել՝ վերջերս հանկարծ մտածեցի, բայց երեւի թե միշտ եմ մտածել, որ հայ լինելը շատ վտանգավոր, ավելին՝ անշնորհակալ գործ է։ Իրենց կյանքի մի գեղեցիկ վայրկյանի այս եզրակացությանն են հանգում ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ հերոսները։ Ընդ որում, հայ լինելը վտանգավոր եւ անշնորհակալ գործ է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ հերոսների համար։
Կարդացեք նաև
Կյանքից հեռացած հերոսները մեր մխիթարության կարիքը չունեն։ Ոչ էլ կարիք ունեն երախտագիտության։ Մենք ենք երախտապարտ նրանց, եւ մենք ունենք մխիթարվելու կարիք։ Սա է քաղաքացու դաստիարակության եւ մենթալիտետի ձեւավորման հիմնասյունը։ Բայց…
Ճանաչո՞ւմ ենք, արդյոք, մենք Ղարաբաղի պատերազմի հերոսներին, որոնք զոհվել են այդ պատերազմում եւ չեն մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին։
Ինչո՞ւ մենք, հարգանքի տուրք մատուցելով ազգային ողբերգությանը զոհ գնացածների հիշատակին, չենք պատվում նրանց, ովքեր ազատագրել են մեզ պարտվածի բարդույթից։ Ինչո՞ւ է մեր կամարը միշտ կռացած։
Պատասխանը գտնելու համար հեռու գնալու կարիք չկա։ Բավական է այցելել Արշակունիների պանթեոն. պատմության եւ մշակույթի մի բացառիկ հուշարձան։ Ի դեպ, հենց Արշակունիների տոհմից է հայ թագավորների փայլուն համաստեղությունը. Տրդատ I-ը, Տրդատ Մեծը, Վռամշապուհը, Արշակ Երկրորդը։ Հուշարձանների վիճակը ողբալի է։ Ճամփորդելով աշխարհում եւ աշխարհի տարբեր երկրներում հիանալով համանման հուշարձաններով, ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ մերոնք ավելի լավ ճակատագրի պիտի արժանանային։
Բայց դրանք ոչ թե պարզապես պատմական հուշարձաններ են, այլ պատմություն են՝ ջնջված մեր հիշողությունից։
Մի՞թե չկա մեկը, որ սկուտեղի վրա մատուցի տարրական ճշմարտությունը. «Հարգելով անցյալը՝ հարգում ես ներկան. ներկան անցյալի շարունակությունն է»։
Ավելացնեմ. չհարգելով մեր անցյալը, սերունդներին իրավունք ենք տալիս չհարգել արդեն իրենց անցյալը։ Ընդ որում, այն, ինչ անցյալ է դառնալու մեր սերունդների համար, մեր ներկան է։ Մեր եւ ձեր։ Այսինքն, 20 տարվա ընթացքում մեզնից ոչ ոք՝ երկիրը, ժողովուրդը, արժանահիշատակ ոչինչ չե՞նք արել։ Ինչո՞ւ ենք, ուրեմն, ստեղծել մեր պետությունը։
Եթե մենք, այնուամենայնիվ, ստեղծել ենք այդ պետությունը, ինչո՞ւ է հասարակության գիտակցության մեջ այդ պետությունն այդքան հեղհեղուկ։
Սերունդների միջեւ կապի ընդհատումը մեր ողբերգությունն է։
Խնդիրը կարելի է լուծել շատ հեշտ։ Այն է՝ պետականության հանդեպ հարգանքն ու հպարտությունը նույնական է Հայաստան կոչվող երկիրը ստեղծողների եւ այդ երկիրը պահպանողների հանդեպ հարգանքին ու նրանց գործով հպարտանալուն։ Եթե ավելի պարզ ասեմ՝ մենք պիտի բացահայտենք մեր պատմությունը, լույս եւ ջերմություն պիտի սփռենք մեր անցյալի վրա։
Նախ՝ որ հասկանանք, որ գիտակցաբար ենք հպարտանում մեր պետականության գոյությամբ, եւ երկրորդ՝ որ աշխարհը հասկանա, որ մեր պատմության մեջ տեղի է ունեցել ոչ միայն Ցեղասպանություն, այլեւ եղել են զարմանահրաշ հաղթանակներ, շնորհիվ անանուն հերոսների ու մեր արքաների, որոնց մասին շատերը գրեթե ոչինչ չգիտեն։ Օրինակ՝ Տիգրան Մեծի ու Տրդատի։ Վերջերս, ի դեպ, նրանց էլ չենք խնայում. ով ուզում՝ քննադատում է։ Կարելի է մտածել՝ բոլոր տուրքերը մատուցված են, ըստ այդմ՝ սերունդը դաստիարակված է, ու հիմա կարող ենք եւ լկստվել։ Ի սեր Աստծո, միշտ էլ կարելի է հիմնավորում գտնել։ Զուգահեռ տանել։ Օրինակ, ինչո՞վ են պակաս Ռամզեսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Նապոլեոնն ու սրանց նմանները… Թեեւ նրանք հանճարներ էին, բայց հո Աստված չէին… Եթե Աստված չէին՝ ուրեմն սխալական էին։ Մինչդեռ երախտապարտ սերունդները՝ եգիպտացիները, հույները, իտալացիները, ֆրանսիացիները ոչ միայն հարգում են նրանց հիշատակը, այլեւ ապահովում են համաշխարհային մակարդակի համբավը։ Սրանով են նրանք տարբերվում մեզնից։ ¥Պատմում են, ի դեպ, որ երբ ռուս ցար Ալեքսանդրը հաղթականորեն մտավ Փարիզ, պահակախումբ կարգեց Նապոլեոնի արձանի մոտ, որ ոչ ոք չհամարձակվի տապալել այն։ Սա հարգանքի տուրք է տապալված մեծությանը, եթե անգամ նա թշնամի է եղել)։
Վերոհիշյալ ժողովուրդների հիշողությունը չի ընդհատվում. նրանք հարգում են իրենց երկրի բարօրությունն ապահոված առաջնորդներին։ Ժամանակակից եգիպտացիները, հույները, իտալացիները, ֆրանսիացիները, ռուսները պարծենում են իրենց գիտնականներով ու արվեստի գործիչներով, բայց նախ եւ առաջ հպարտանում են իրենց թագավորներով ու առաջնորդներով, քանի որ ուզենք թե չուզենք՝ նախաժողովրդավարական հասարակությունում օրենքի ուժ էր ստացել մեկ այլ միապետի բանաձեւ. «Պետությունը ես եմ»։
Նրանց հետնորդները՝ օտարերկրացի մեր ժամանակակիցները, իրենց համարում են համաշխարհային երբեմնի առաջնորդների ժառանգները, որոնց մեջ կենսունակ է հաղթանակողի գենը։ Թեեւ պարտությունները եւս քիչ չեն եղել, բայց, միեւնույն է, նրանք իրենց եւ իրենց նախորդների հաղթանակներն են տարփողում։ Ու հպարտ են այդ հաղթանակներով։ Հաղթածի նկարագրով էլ ներկայանում են ամբողջ աշխարհին։
Ահա մի կեցվածք, որ ուսանելի է։
Եվ, իմ կարծիքով, ճիշտ ժամանակն է՝ կառուցել մեր Հաղթանակի Կամարը։
Դա կլինի ոչ միայն արքայավայել հուշարձան, մեր հաղթանակը խորհրդանշող կոթող, այլեւ հարգանքի տուրք մեր պատմությանը, հերոսներին եւ անցյալի մեր արքաներին։
Մեր ժողովրդի պատմության հիմնասյուները եղել են Գիրը եւ Եկեղեցին։ Հենց այդ երկու սրբություններն են ապավեն եղել մեզ ամենաանհուսալի ժամանակներում։ Եվ հիմա հասել են այն ժամանակներին, երբ ոչ թե գոյատեւման հարց ենք լուծում, այլ կյանքի։ Ուստի երկսյուն համակարգը պահանջում է ավարտուն կառույց՝ յուրաքանչյուրի ինքնուրույն գոյությամբ ու նաեւ երկուսի միասնությամբ։ Հարկավոր է մի տանիք, որը երկու անկախ հիմնասյուները կապի իրար։
Միանգամայն բնական կլինի, որ այդ տանիքը հանդիսանա պետությունը։ Առաջին 20 տարիները հանգեցրել են հենց դրան, ու այժմ «Եկեղեցի, Գիր, Պետություն» եռամիասնությունը, ապահովելով մեր նույնականացումը, կայացել է։ Հերթը հուսալիություն ապահովելունն է եւ ինֆրակառույցները զարգացնելունը։ Եվ մենք, սերունդներին հասկանալի դառնալու համար, պետք է ի վերջո կանգնեցնենք այդ հուշակոթողը։ Ով պիտի հաշվի նստի մեզ հետ, եթե մենք չապացուցենք, որ հարգում ենք մեզ։
Մի հեռուստահաղորդման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, տեղի տալով լրագրողի համառ հարցապնդմանը՝ «Ո՞րն է հայերի առաքելությունը», պատասխանեց, թե մենք, որպես Քրիստոսի զինվորներ, պաշտպանում ենք արեւմտյան քրիստոնեական քաղաքակրթության սահմանները։ Իսկ Նապոլեոնն ինչ-որ առիթով նկատել է, որ աշխարհագրությունը դատավճիռ է։ Ասես մեր մասին է։ Ահա, ուրեմն, մեր առաքելությունը ¥ըստ Պարգեւ սրբազանի) ավելի շատ նման է դատավճռի ¥ըստ Նապոլեոնի). այն է՝ լինել իրեն քաղաքակիրթ կոչող Արեւմուտքի պահակակետը։ Շատ համարձակ առաքելություն է։ Բայց ով ռիսկի չի դիմում՝ շամպայն չի խմում։ Կնշանակի՝ մենք արժանանում ենք նրանց շամպայնին, ում շահերը սպասարկում ենք հազար տարի շարունակ, դիմելով ռիսկի եւ կրելով վիթխարի կորուստներ։ Եվ, ուրեմն, մեր որոշ խնդիրներ պետք է լուծի Արեւմուտքը՝ որպես այդ ռիսկի փոխհատուցում։
Բայց որ մեզ այդպիսին ընկալեն, մենք պետք է ապացուցենք, որ փառահեղ կառավարիչների հետնորդներ ենք։ Ինքներս էլ պիտի հավատանք դրան։ Իսկ դրա համար հարկավոր է վերականգնել մեր պատմական հիշողությունը։
Շնորհակալություն նրանց, ովքեր կառուցել են Ծիծեռնակաբերդի հուշակոթողը, շնորհակալություն նրանց, ում շնորհիվ կա Եռաբլուրը։
Բայց այսօր արդեն անհրաժեշտ է Հաղթական կամարը։ Մենք պետք է վերականգնենք ժամանակների ընդհատված կապը։
Հարգանքներով՝
ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ