Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեց ամիսը մեկ չեն գալիս-ասում՝ ի՞նչ ես արել, այ տղա»

Սեպտեմբեր 20,2012 13:59

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ Սերժ Սարգսյանը փորձում է  պատասխանատվությունն իր վրայից գցել

«Եթե կա խնդիր, ապա դա ողջ կառավարության լուծելիք խնդիրն է: Կառավարությունից որեւէ մեկը, առանձին վերցրած, չի կարող լուծել այդ խնդիրները: Իսկ գործադիր իշխանության ղեկավարը հենց ինքն է՝ նախագահը: Ինքն իրենից պետք է դժգոհի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախորդ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին, որոշներին՝ անգամ անվանական, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Մեր զրուցակցի կարծիքով. «Վեց ամիսը մեկ չեն գալիս-ասում՝ ի՞նչ ես արել, այ տղա, այսինչի կամ այնինչի համար: Անընդհատ հետեւում են, ղեկավարում են, կառավարում: Եվ կառավարման արդյունքը ստանալու համար ամենակարեւոր գործոնը քաղաքական լեգիտիմությունն է»: «Առավոտի» դիտարկմանը՝ եթե հիմա  գոնե տեսականորեն ընդունենք, որ նախագահ Սարգսյանն անկեղծ էր իր նախատինքներում, դիտողություններում եւ պատրաստվում է հետեւողական լինել, միեւնույն է՝ այդ դեպքում է՞լ չի հաջողելու, քանի որ լեգիտիմ ընտրված նախագահ չէ, Արտակ Զեյնալյանը հակադարձեց. «Ինքը չի կարող տարանջատվել գործադիր իշխանությունից: Կառավարությունից տարանջատվել հնարավոր չէ, եւ կառավարության մեջ հնարավոր չէ տարանջատել այսինչ կամ այնինչ նախարարին: Կառավարությունը կամ հաջողել է, կամ չի հաջողել»: Օրինակ բերելով առողջապահական ոլորտը եւ նախագահի անդրադարձն այդ ոլորտին ու նրա պատասխանատուին՝ Արտակ Զեյնալյանը հայտարարում է. «Ոլորտի հաջողությունը նախարարությունից կախված է ընդամենը 15 տոկոսով: Ոչ ավելի: Ամբողջ աշխարհում է դա ընդունված եւ հասկանալի: Մնացածը՝ բոլորի համատեղ եւ ներդաշնակ գործունեությամբ են հասնում արդյունքի: Չես կարող այդ նախարարին առանձնացնել, փնովել, թե 100 կամ 20 տոկոս արդյունք չես տալիս: Առկա խնդիրների համար ողջ կառավարությունն է պատասխանատու՝ իր ղեկավարով՝ հանրապետության նախագահով»:

Նկատեցինք, որ սա նախագահ Սարգսյանի առաջին սուր քննադատությունը չէր գործադիրի հասցեին հնչեցված: Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վկայակոչեց դեռ 2010 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի ունեցած առավել սուր եւ քննադատական ելույթը, որին այդպես էլ քայլեր չհետեւեցին: Պարոն Զեյնալյանին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել՝ սա է՞լ, այսպես ասած, ցուցադրությունների ոլորտից էր, թե՞ հնարավոր են նաեւ գործողություններ: «Ավելի շատ դրան է նման, քան հետեւանք առաջացնող որեւէ գործողության»,- եղավ պատասխանը:

Պարոն Զեյնալյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն կողմնորոշվե՞լ է առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւերի մասով, ո՞ր քաղաքական ուժերի հետ է նախընտրելի համագործակցությունը, կամ գուցե արդեն կա՞ն քաղաքական շփումներ: Վերջինս պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես հնչեցնել: Հիմա այդ հարցին պատասխանելը նպատակահարմար չենք գտնում»: Դիտարկմանը՝ նպատակահարմար չեք գտնում, որովհետեւ պատասխա՞ն չկա, թե՞ այլ խնդիրներ կան, Արտակ Զեյնալյանը կարճ պատասխանեց. «Նպատակահարմար չենք գտնում, եւ դրանում որեւէ այլ բան չկա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930