Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են բռնում նախագահի ոտքը

Սեպտեմբեր 20,2012 13:57

ՀՀ վաստակավոր արտիստ, «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը համակրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ տարակուսում է, թե ինչու երկրի նախագահը միայն 5 տարի անց հասկացավ, որ կառավարությունը լավ չի աշխատում: Իսկ Երեւանի ավագանու անդամ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն անվերապահորեն հավատում է ՀՀ նախագահին եւ կարծում է, որ նա մի բան գիտի, որը մենք չգիտենք:  Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

Երվանդ Մանարյան- Նախագահի խոսքում մտահոգություն, իհարկե, կար, բայց թե այդ մտահոգությունն ինչ ուղղվածություն ուներ՝ դա է խնդիրը: Իհարկե, բոլոր հարցադրումները ես ընդունում եմ եւ կարծում եմ, որ անհրաժեշտ էր դրանք բարձրացնելը, բայց թե ինչու դա 5 տարի ուշացումով տեղի ունեցավ՝ այ, սա է մի քիչ մտահոգողը: Վարչապետի մասին շատ էր խոսվում, եւ որեւէ արձագանք չկար: Եվ հանկարծ՝ եղավ արձագանք, որը, պետք է ասեմ՝ թերեւս նախորդ վերաբերմունքի համեմատությամբ գուցե թե մի քիչ ավելի կոշտ էր, քան կարելի էր ակնկալել: Ի վերջո, 5 տարի աշխատել են միասին, եւ գործող նախագահը միշտ համառորեն դիմադրել է եւ պնդել, որ վարչապետը պետք է շարունակի աշխատել, եւ հանկարծ՝ փուչիկը պայթում է: Ժողովուրդն ինչ որ ասում է, ամեն մեկի ասածի մեջ պետք է ինչ-որ ճշմարտության հատիկ փնտրել: Ասվում է, որ դա շոու էր, երեւի թե նման բան կա: Որովհետեւ չի կարող պատահել, որ նախագահական ընտրություններին պատրաստվող գործիչը նման խորհրդակցություն հրավիրի եւ հեռանկարում չունենա իրեն հուզող հարցի լուծումը: Իսկ իրեն հուզող հարցերից ամենակարեւորը երեւի թե հենց ընտրություններն են: Սակայն, անշուշտ, ցանկալի էր, որ դա այդպես չլիներ:

Լեւոն Իգիթյան- Ես մեր նախագահի մեջ շոուի դրսեւորում չեմ տեսել: Առիթ եմ ունեցել շփվելու եւ այն կարծիքին եմ, որ այն, ինչ որ մենք տեսանք այդ խորհրդակցությունում, նման բան էլի է եղել, պարզապես եթեր չի հեռարձակվել: Նաեւ տեղյակ եմ, որ դա այդպես է: Երեւում է՝ նախագահը որոշեց մեր հասարակությանը տեղյակ պահել, որ չկարծեն, թե այնտեղ նման խոսակցություն չկա, չի եղել: Հավանաբար նախագահը մտքում մի բան գիտի, որ մենք չգիտենք: Եվ սա ինչ-որ ուղերձ է:

«Առավոտ»- Ո՞ւմ է ուղղված այդ ուղերձը:

Լ. Ի.- Մեզ բոլորիս, կառավարությանը: Այսինքն՝ որ ստիպված եղա բոլորի ներկայությամբ ձեզ ասել այն, ինչ որ մինչ այդ միայն ձեզ էի ասում:

«Առավոտ»- Ստացվում է, որ կառավարությանը մինչ այդ արված ոչ հրապարակային հորդորները արդյունք չեն տվել: Դա չի՞ խոսում նախագահի ձախողման մասին:

Լ. Ի.- Մենք կայացած հասարակություն չենք: Եվ դա վերաբերում է եւ մեզ, եւ կառավարության անդամներին: Գիտեք, մենք սովորություն ենք դարձրել տարին մեկ անգամ հայրենասեր լինել՝ ապրիլի 24-ին մի փունջ ծաղիկներով եւ լուրջ դեմքով: Հետո այն առօրյան, որը մեր կյանքը փչացնում է՝ մյուս օրն այդ առօրյան նորից շարունակվում է: Բայց հայրենասիրությունն այդ առօրյան է, ամեն օրն է: Եվ դրա համար պետք չէ պարտավորություններ վերցնել: Դա մարդու բնական վիճակն է: Եվ նշանակություն չունի՝ դու նախարար ես, մանկավարժ ես, թե վարսավիր: Եվ եթե մեզանից ամեն մեկը ներքուստ հասկանա, որ այս երկրի խնդիրները կրողը նաեւ մենք ենք, մեր երկրի մակարդակը միանգամից կբարձրանա: Չկա այնպիսի նախագահ, որը գա եւ բոլոր խնդիրները լուծի: Այդպես չի լինում:

«Առավոտ»- Վերջին շրջանում հանրային մեծ արձագանք ստացած հարցերը ի վերջո լուծվում են բացառապես Սերժ Սարգսյանի միջամտությամբ: Օրինակ՝ Մաշտոցի պուրակը: Չե՞ք կարծում, որ նաեւ նախագահի այդ գործելակերպն է պատճառը, որ հասարակությունը բոլոր հարցերի լուծումն ակնկալում է բացառապես նախագահից, ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր ձախողումների համար մեղադրում:

Լ. Ի.- Մենք այսօր մեր չկայացած լինելով, մեր վատ աշխատանքով նախագահին խանգարում ենք իր գործը կատարել: Չի կարելի նախագահին ստիպել, որ մեր գործով էլ ինքը զբաղվի: Սա անազնիվ վերաբերմունք է մեր երկրի նկատմամբ:

Ե. Մ.- Այո, այսօր վիճակն այդպիսին է, բայց դա գալիս է անցյալից: Եղավ մի կարճ ժամանակ, երբ մենք որոշեցինք հրաժարվել խորհրդային ձեւից, ստեղծել մերը, եւ կարծես թե ստեղծում էինք: Սակայն հետո կամաց-կամաց մենք ետ դարձանք դեպի անցյալը: Եվ այսօր այն, ինչ տեղի է ունենում, շատ հարիր եւ նման է անցյալին՝ կենտկոմը ցուցում էր տալիս, կատարվում էր: Այսօր էլ մեր հասարակությանն ամենից շատ խանգարում է այն, որ մենք առաջվա նման սպասում ենք վերեւից ճշմարտության ի հայտ գալուն: Եվ ահա՝ ճշմարտությունն ի հայտ եկավ, մենք հասկացանք, որ վարչապետը սխալ է աշխատել, եւ հիմա ամեն ինչ լավ կլինի: Ես անձամբ կարծում եմ, որ վարչապետը սխալ չի աշխատել: Ես նրա նկատմամբ համակրանք ունեմ: Եվ այդ խորհրդակցության ժամանակ ես երկակի զգացողություն ունեցա: Ի վերջո, նստած ես հեռուստացույցի մոտ, լսում ես քո երկիրը ղեկավարողին, այնտեղ նստած են մարդիկ, որոնց նկատմամբ պետք է հարգանք լինի: Եվ դու-ով խոսելն ինձ մի քիչ ձգեց: Ես չէի մտածում, որ կարելի է վարչապետին այդ ձեւով դիմել: Թեեւ կարելի է շատ խիստ քննադատել, ոչ մի խոսք: Եվ ի վերջո, նորից գալիս ենք հարցին՝ ինչո՞ւ էր 5 տարի շարունակ այդ ամենը հանդուրժում եւ մեկ էլ հիմա որոշեց նման վերաբերմունք ցուցաբերել: Ես կարծում եմ, որ գնում է ուժերի վերադասավորում:

Լ. Ի.- Իմ եղբայրն ասում էր՝ ինձ թվում է, մեր նախագահը ֆուտբոլի դաշտում է, եւ ուր որ է՝ պիտի գոլ խփի, ու հենց այդ պահին մեկ էլ մի հայ բռնում է նախագահի ոտքը: Հիմա մենք էդ ոտքը բռնողներից ենք: Որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է լինել նախագահի թիմում եւ նրա հանձնարարականները չկատարել:

Ե. Մ.- Ինձ թվում է, որ այդ թիմի մեջ արատավոր բաներ կան: Եվ մենք չենք նախագահի ոտքը բռնողը, հաստատ ես ու դու չենք, Լեւոն ջան: Այդ ոտք բռնողները նախագահի թիմի մեջ են: Եվ հիմա էլ դրա համար են ուզում մտնել կառավարություն: Եվ այս աղմուկի մեծ մասն էլ հենց դրա համար է:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930