Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թալիբան-2

Սեպտեմբեր 20,2012 13:51

«Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը՝ մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձեւացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երեւանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել՝ դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ՝ մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը ձեզ գուցեեւ պարգեւատրի՝ քաղաքացիական զգոնության եւ (բառիս բուն իմաստով) լավ հոտառության համար:

Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երեւույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը եւ հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել՝ ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ՝ մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել «առօրեական» լուրերով. «Էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում եւ տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում եւ կազինոներում կրվում»: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաեւ, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում: Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. «մեշոկները»՝ այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձեւ կա՝ բանկային քարտը, եւ Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ… եւ այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի:

Երեկ ես պատիվ ունեի շփվելու ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ՝ նա մեկն է մեր մոլորակի 12 մահկանացուներից, որը քայլել է Լուսնի մակերեսով: Այդպիսի մարդու Հայաստանում եւ Արցախում հայտնվելը մեզ համար պետք է որ ուրախալի փաստ լինի: Բայց երեկ ես լսեցի մեկ այլ կարծիք. ասում են՝ ոչ տիեզերանավ եւ ոչ աստրոնավթ Լուսնի վրա չի իջել՝ այդ ամբողջ տեսագրությունները բեմադրված են այստեղ՝ Երկրի վրա: Մարդկանց ուղեղում դժվարությամբ են տեղավորվում տիեզերական մասշտաբի երեւույթները, իսկ մանր խարդախությունները՝ որքան ուզեք: Եվ այդ ժանրի ցանկացած անհեթեթության մենք հակված ենք հավատալու:

Իսկ աֆղանական թալիբներից պետք չէ առանձնապես վախենալ: Ահաբեկվելու համար մեզ մեր տեղական «թալիբներն» էլ են հերիք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930