Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունները, ասաց, որ ոչ մի պետություն չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը, անպայման պետք է ունենալ դաշնակիցներ։
Տեր- Թադեւոսյանի համոզմամբ, այն, որ նախկինում շեշտվում էր, թե Ռուսաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, այժմ զորավարժությունները ցույց տվեցին, որ հակառակն է։
«ՀԱՊԿ զորավարժություններում Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի, բայց այս դեպքում Ռուսաստանի եւ Հայաստանի հետաքրքրությունները համընկան։ Լավ է, որ մեր հակառակորդը եւ ոչ միայն նա, զորավարժությունների արդյունքում հասկացավ Հայաստանի կարեւորությունը։ Իսկ դրա պատճառով Վրաստանի անհանգստությունը նորմալ էր, բայց հայ-վրացական հարաբերությունները պետք է պահպանել, որպեսզի չվերածվի կոնֆլիկտային իրավիճակի։ Սակայն մի բան պարզ է, որ Վրաստանը չի կարող լինել մեր ռազմական գործընկերը»։
Կարդացեք նաև
Երեկ տարածված լուրի՝ թալիբների Հայաստան գալու մասին էլ Արկադի Տեր-Թադեւոսյանը հետեւյալն ասաց՝ «Թալիբները չէին կարող Հայաստան գալ, պարզապես նրանց լրտեսները կարող են գալ, ասենք, օրինակ, առեւտուր անելու նպատակով»։
Սաֆարովի դեպքի հետ կապված էլ Կոմանդոսը նշեց, որ ասում են՝ Ադրբեջանը չպետք է նման բան աներ, սխալվել է եւ այլն. «Կարծում եմ՝ երեք պետության իշխանություններ չէին կարող միաժամանակ սխալվել: «Եվրատեսիլից» հետո Ալիեւի իմիջը շատ ընկած էր, Սաֆարովի դեպքերից հետո առավել եւս։ Նա Սաֆարովին ազատելու քային գնաց՝ ինչ-որ կերպ իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Քայլ արվեց հասարակական կարծիքը փոխելու ուղղությամբ»։
Պատերազմի հավանականության մասին էլ բանախոսը հետեւյալ կարծիքին է՝ պատերազմ սկսելու համար նախ պետք է դրան պատրաստ լինել:
Բանակի ձեռքբերումներն են շատ, թե բացերը հարցին պատասխանելով՝ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարարը հավելեց. «Ցանկացած բնագավառում, կայացման փուլում բացթողումներ լինում են: Բայց այս տարիների ընթացքում մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, պարզապես այնպես է ստացվել, որ դրանք չեն երեւում, կամ ցույց չեն տրվել։ Բացի այդ՝ բանակում տեղի ունեցող դեպքերը վատ են անդրադառնում այն դրականի վրա, որն արվել է բանակաշինության գործում։ Բայց այն, որ հսկայական աշխատանք է տարվել՝ դա անհերքելի է»։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ