Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «ազատական» կուսակցությունները վուլգարացնում են ազատականությունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2012 13:40

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակին:

Բացման խոսքով հանդես եկած ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ-ում կազմակերպվել են երկու տասնյակից ավելի միջազգային գիտաժողովներ, սակայն բոլորը չէ, որ պրակտիկ ելքեր են ունեցել. «Գիտաժողովների մեծ մասը բավարարվում է զեկուցումները եւ հիմնադրույթները հրատարակելով, ինչը մեզ չի կարող բավարարել: Յուրաքանչյուր գիտաժողով այս կամ այն բնագավառում պետք է ունենա գործնական նշանակություն»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հանդես եկավ «Գաղափարախոսության և տեղեկատվական անվտանգության հարցեր» խորագրով զեկուցմամբ: Ներկայացնելով գաղափարախոսությունների ծագումը եւ պատմական զարգացումը, Հարությունյանն ասաց, որ գաղափարախոսություն հասկացությունը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների` ազգային առանձնահատկություններից ելնելով. «Այս առումով մաքուր գաղափարներ չկան: Առհասարակ, ազգային-պահպանողական գաղափարը բնորոշ է կոնկրետ ժողովրդին եւ ներկայացնում է վերջինիս նպատակներն ու գերխնդիրները: Միեւնոււյն ժամանակ կարող է ի հայտ գալ գաղափարախոսական մենատիրության վտանգ, երբ տեւական ժամանակ իշխում է մեկ գաղափարախոսություն, ինչին ականատես եղանք ԽՍՀՄ-ի պարագայում»:

Գագիկ Հարությունյանի խոսքով` ազգային գաղափարախոսության պատասխանատուն տեղեկատվական անվտանգությունն է, քանի որ վերջինիս շնորհիվ է հանրության շրջանում քարոզվում ազգային գաղափարախոսությունը:

Հայաստանի պարագայում «Նորավանքի» տնօրենն ասաց, որ տեղեկացված հասարակություն ասվածն իրականությանը չի պատասխանում. «Տեղեկատվության միջոցներն այսօր ոչ թե ստեղծում եւ տարածում են ինֆորմացիա, այլ` վերարտադրում եղածը` օրինակ սոցցանցերի միջոցով: Առաջնահերթ, մենք պետք է մշակենք սիմվոլային համակարգ` պաշտպանելով ազգային գաղափարախոսություն կրող սիմվոլները: Բացի այդ, չունենք վառ արտահայտված կառուցողական կուսակցություն: Բոլոր կուսակցությունները կարծես ազատական են, բայց իրականում վուլգարացնում են ազատականությունը»:

Այլ զեկուցումները կներկայացնենք քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930