«Անկախության տարիներին մենք ունեցանք առաջին եւ երկրորդ նախագահներ, ազգային արժեքային համակարգով, ազգային շահերով չապրող երկրի առաջին դեմքեր: Հիշեցնեմ` գույք-պարտքի դիմաց մարդկության պատմության մեջ բացառիկ գործարքը ,որը կարող էր իրեն թույլ տալ միայն Հայաստանը որպես սեփական տուն չընդունող նախագահը, ես նվազագույնն եմ ասում: Եվ առաջին նախագահը, որը լինելով Ղարաբաղ կոմիտեից, բայց Հայաստանի սահմանները ՄԱԿ-ում արձանագրելիս՝ մոռացավ, որ ինքը պայքարել է Արցախի եւ Հայաստանի միավորման համար: Ես Ղարաբաղ բառը օգտագործեցի, որովհետեւ իրենք են այդպես ասում: Ես թուրք չեմ,որ Ղարաբաղ ասեմ, ես միշտ Արցախ եմ ասում». այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքերով` սեպտեմբերի 21-ը մեր հայ ժողովրդի մեծագույն տոներից է, որը սակայն, առայժմ սխալմամբ կոչվում է անկախության տոն, այլ ոչ թե` անկախության հանրաքվեի տոն. «Այս տոնը մի նոր էջ բացեց մեր պամության մեջ, ոչ թե այն պատճառով, որ մենք վերստին պետականութուն ստացանք, այլ այն, որ դա ստացանք ժողովրդի հավաքական կամքով»:
ԱԻՄ նախագահը նաեւ նկատեց, որ այսօր սեպտեմբերի 21-ն իր ձեւակերպմամբ եւ «Տոների եւ հիշատակների մասին» օրենքի մատուցմամբ` բացասական դեր է կատարում, քանի որ պետք է շեշտվեր` անկախության վերականգման տոն, որովհետեւ նշել միայն անկախության 21-րդ տարեդարձ, ստացվում է, որ մենք ունեցել ենք 21 տարվա անկախություն, իսկ մինչ այդ ապրել ենք որպես ցեղախումբ եւ պետականություն չենք ունեցել, մինչդեռ, իրականում, մենք մեր անկախությունն ենք վերականգնել: Ըստ Պարույր Հայրիկյանի. «Օրինակ հարեւան Ադրբեջանը նշում է իր անկախության 94 ամյակը: ԱՄՆ-ն նշում է իր անկախության 220 ամյակը, պատկերավոր եմ ասում, իսկ հայերը 21 ամյակ»:
Կարդացեք նաև
ԱԻՄ նախագահի դիտարկմամբ` «Ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք` ԱՊՀ կամ ԵվրԱզԵՍ, այնպիսի շեշտադրումներով, նախնական փուլում ինքնիշխանությունը սահմանափակելու փորձեր չեն անում, բայց մեկ էլ տեսնում ենք, որ ուզում են մի նոր Սովետական Միություն վերականգնել, որից մենք դուրս ենք եկել ժողովրդի կամքով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ