Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 32 500 դրամի փոխարեն 72 500 դրամ սահմանելու օրենսդրական նախաձեռնությունը և եզրակացությունն ուղարկեց ԱԺ:
Հրանտ Բագրատյանն առաջարկում է ր փոփոխություններ կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանում նվազագույն աշխատավարձը 72 500 դրամ սահմանել 2013 թվականի հունվարի 1-ից: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքերով, կառավարության համար շատ ցանկալի արդյունք է՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, բայց այն անմիջապես կատարելը կստեղծի տնտեսական իրական խոչընդոտներ տնտեսության զարգացման առումով. «Անտանելի ծանր բեռ կլինի բյուջեի վրա, կպահանջի 360 մլրդ դրամ լրացուցիչ ծախս»:
Վաչե Գաբրիելյանը նաև նշեց, որ առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի ստվերայնության բարձրացմանը, լրացուցիչ ծախսի բեռ կլինի գործարարների համար, ինչի արդյունքում գործատուները կխուսափեն գրանցել աշխատողներին:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարությունը մտադիր է առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձն առնվազն կրկնապատկել: Ըստ նրա, բարձրացում է նախատեսվում 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով. «2013 թվականի համար էլ է բարձրացում ենթադրվում, սակայն միանգամից 100 տոկոս բարձրացումը ոչ միայն չի նպաստի զարգացմանը, այլև բացասական հետևանք կունենա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ