Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Երեւանում հուշարձան կանգնեցնել՝ ի պատիվ արդարամիտ թուրքերի ու քրդերի

Սեպտեմբեր 20,2012 13:12

«Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ վերակառուցի անպատեհ ուղղահայաց հարաբերությունները՝ հասնելու համար համագործակցության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հորիզոնական մակարդակի եւ դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն առանձին, բայց համարժեք կապերով ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի, Չինաստանի ու Հնդկաստանի, բարելավված Վրաստանի, նորացված Իրանի եւ մեծ Միջին Արեւելքի հետ»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ցեղասպանությանը, նա նշեց, որ նախագահության կեսին՝ 2015-ի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման 100-րդ տարելիցի օրն արժե, որ Թուրքիան իր մեջ քաղաքական խիզախություն եւ բարոյական տոկունություն գտնի՝ կամրջելու հայ-թուրքական վիհը, ճանաչելու մարդկության հանդեպ գործած աննախադեպ ոճիրն ու հաստատելու հաշտություն: Թուրքիան պատասխանատվություն պետք է ստանձնի՝ առանց հնացած արձանագրությունների ու այլ պայմանականությունների հղման հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, վերացնելով Հայաստանի շրջափակումը եւ բանակցությունների ուղենշային գործընթաց սկսելով հայ ժողովրդի հետ՝ մարդկության բաց վերքը ակելու, դեպի Ազգային օջախ վերադարձի երաշխավորված ծրագիր ապահովելու համար: Անկարայի նախկին մոտեցման մեջ էական փոփոխության բացակայության դեպքում Երեւանը նույն օրը կհրապարակի իր սեփական նախապայմաններն ու առաջարկները»: Պարոն Հովհաննիսյանն առաջարկում է դրան զուգահեռ մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնել ի պատիվ բոլոր այն արդարամիտ թուրքերի ու քրդերի, ովքեր Ցեղասպանության ժամանակ փրկեցին հայերի, այդ թվում նաեւ՝ իր մեծ մոր կյանքը:

Իր ելույթի վերջում պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ քննարկումից դուրս բյուրեղի պես պարզից էլ պարզ է, որ Արցախն այլեւս երբեք չի տառապի ավատատիրական մի վարչակարգից, որը պանծացնում է կացնահարող մարդասպաններին եւ օրը ցերեկով ավելում մշակութային այնպիսի գանձեր, ինչպիսիք են Ջուղայի միջնադարյան գերեզմանների խաչքարերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930