Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այսօր կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց հանրային գրադարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ նրա գրադարանը կառուցվել է 1937 թվականին, 2005-ին հիմնանորոգման աշխատանքների նախահաշիվ է կազմվել: Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 ից ու ավարտվել 20011-ի դեկտեմբերին:
Ըստ նախարարի՝ հիմնանորոգման համար 690 միլիոն դրամ է ծախսվել. «Կազմվել են շենքի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնք չեն իրականացվել: Հաշվի չեն առնվել սեյսմազինվածության ներքին եւ արտաքին ջրերի ներթափանցումը հիմքեր: Հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել՝ նախապատվությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին: Բարեկարգման աշխատանքների կատարման ընթացքում խախտվել է խնդրի լուծման առաջնահերթությունը՝ չապահովելով ջեռուցում ու օդափոխություն, դրա համար սահմանված գումարներով կատարվել են այլ աշխատանքեր: Աշխատանքների զգալի մի մասը կատարվել է անորակ»:
Պարոն Թադեւոսյանի խոսքերով, աշխատանքների զգալի մասը կրկին պետք է իրականացվի, իսկ շենքի ուժեղացման աշխատանքներն անհրաժեշտություն են:
Կարդացեք նաև
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարեւորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Պետբյուջեից 700 միլիոն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչեւ հիմա ուղարկված չեն, ու պարզվում է՝ պետությունը լրացուցիչ գումարներ պետք է հատկացնի»,- ասաց վարչապետը: Նա վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին եւ քաղաքաշինության տեսչությանը հանձնարարեց համատեղ ուսումնասիրություններ կատարել ու բոլոր նյութերը հանձնել իրավապահ մարմիններին. «Ոչ միայն այս դեպքով, այլեւ շինարարության ոլորտում պետբյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ: Եթե այս դեպքում այսպիսի կարեւորագույն օբյեկտի պարագայում այսպիսի լկտիություններ ու այլանդակություններ կան, կարող ենք պատկերացնել մնացած օբյեկտներում ինչպիսի խախտումներ են լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ