Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թիրախը համակարգն էր, ոչ թե կառավարությունը

Սեպտեմբեր 20,2012 12:58

Հարցազրույց ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ  Խոսրով Հարությունյանի  հետ

-Ընդդիմությունը «ցավագին» արձագանքեց կառավարության անդամների հետ հանդիպմանը՝ նախագահի «հատու» հարցադրումները գնահատելով որպես «նախընտրական շոու»։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց այսօր թիրախ դարձավ կառավարությունը։
-Նախագահի կողմից հրավիրված բաց խորհրդակցության հիմնական թիրախը, ըստ էության, գնումների գործընթացն էր, ոչ թե կառավարության գործունեության վերլուծությունը։ Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ վերահսկողական ծառայությանը հանձնարարական էր տրվել՝ կառավարության գործառույթների ամբողջ բազմազանությունից առանձնացնել պետական գնումների գործառույթը։
Արդյունքում վեր հանվեց հանրությանը քաջ ծանոթ համակարգային բնույթի արատները՝ պաշտոնական դիրքի չարաշահումներ, դրամաշորթություն, կաշառակերություն եւ հովանավորչություն, որոնք 20 տարի ուղեկցում են մեզ եւ կոռոզիայի ենթարկում մեր իրականությունը, մեր առօրյան։ Այս մասին պարբերաբար խոսվել է, բայց, ցավոք սրտի, մեզ՝ բոլոր ժամանակների կառավարություններին, չի հաջողվել այստեղ էական, կտրուկ փոփոխություններ արձանագրել։
Հետեւաբար նախագահը գնահատական տվեց ոչ թե կառավարության գործունեությանը, այլ կոնկրետ պետական գնումների համակարգում տեղ գտած արատավոր երեւույթներին։
-Բայց նախագահն էլ նշեց, որ նույն բարձիթողի վիճակը տիրում է մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։
-Հասկանալի է. հանրապետության ղեկավարը պետական գնումների համատեքստում, այո, անդրադարձավ նաեւ կապի եւ տրանսպորտի նախարարության գործունեությանը, առողջապահության համակարգում, մասնավորապես դեղորայքի շուկայում գոյություն ունեցող անընդունելի իրավիճակին, բայց, կրկնում եմ, նախագահի թիրախը մեկն էր՝ պետական շատ սակավ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հրամայականը։
Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանը, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված դրսեւորումները, վարչապետի ուշադրությունը հրավիրեց պետական գնումների համակարգում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտության վրա եւ մտերմաբար ասաց՝ Տիգրան, մենք արդեն 4 տարի խոսում ենք այս մասին, բայց իրավիճակը չի շտկվում։
Ի դեպ, անունով դիմելն ընդամենը երկու բան է փաստում՝ նախագահը դիմում էր իր թիմակիցներին, իսկ թիմակիցների հետ պաշտոնական չեն խոսում, երկրորդ՝ եթե դա լիներ շոու, այլ կերպ կդիմեր՝ «պարոն վարչապետ», «պարոն նախարար» եւ այլն. բանն էլ հենց այն է, որ շոու չէր՝ նա ուղղակի իր թիմակիցների հետ խոսում էր իր համար, երկրի համար հատուկ կարեւորություն ունեցող հարցերի մասին։
Պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրն ինչո՞ւ հենց այս պահին հրատապ դարձավ։ Ըստ իս՝ շատ պարզ պատճառով։ Միջազգային տնտեսագիտական միտքը փաստում է, որ համաշխարհային տնտեսությունը կանգնած է ճգնաժամի երկրորդ ալիքի սպառնալիքի առջեւ։ Այս պայմաններում, երբ չգիտենք՝ ինչպիսի նոր մարտահրավերներ են մեզ սպասում, պետք է փորձենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, հող ստեղծել պետական յուրաքանչյուր լումայի արդյունավետ օգտագործման համար։
Եթե հաշվի առնենք նաեւ տարածաշրջանում առկա լարվածությունը՝ ներքին կարգուկանոնի, հատկապես պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը դառնում է բացառիկ կարեւորություն ունեցող ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խնդիր։ Ահա թե ինչու հանրապետության նախագահը կառավարության բոլոր գործառույթներից առանձնացրեց այս մեկը եւ շատ խիստ, շատ առակայական գնահատականներ տվեց։
-Ասել է թե՝ կառավարության եւ վարչապետի հրաժարականի «պահանջը» անհիմն է, կադրային կտրուկ փոփոխությունների սպասելիքները՝ խիստ չափազանցված։
-Հանրապետականը, նույն հանրապետության նախագահը թե՛ կուսակցության վերջին համագումարում, թե՛ դրանից հետո առիթ ունեցել է իր զորակցությունը հայտնելու այն քաղաքականությանը, որ կառավարությունը փորձում է իրականացնել՝ ջանալով մեր տնտեսությունը դարձնել ավելի մրցունակ, ավելի դիվերսիֆիկացված եւ ավելի արդյունավետ։ Եվ այսօր տեսնում ենք էական տեղաշարժեր։
Կառավարությունը անցած տարիներին որոշակի հաջողություններ արձանագրել է։ Արդյոք այդ ամենը բավարա՞ր է։ Հանրապետության նախագահն ասում է՝ հաշվի առնելով գնումների ոլորտում տիրող անընդունելի իրավիճակը, ոչ միայն բավարար չէ, այլեւ խիստ անբավարար է, եւ կառավարության առջեւ խնդիր է դնում՝ համակարգային բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերը պետք է արվեն ավելի համարձակ, ավելի կոշտ եւ ավելի մեծ ծավալներով։
Սա շատ լուրջ հանձնարարական է, եւ առաջիկայում, կարծում եմ, ականատես կլինենք օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես պետական գնումների հետ կապված, որովհետեւ առանց դրա՝ մի քանի հոգու պատժելով, մեկ-երկուսին աշխատանքից ազատելով, խնդիրը չի լուծվի։ Օրենսդրական դաշտը պետք է լինի այնքան թափանցիկ եւ հասկանալի, որ չարաշահումների հնարավորությունը հասնի նվազագույնի։
Այսինքն՝ կա դրական դինամիկա, կան դրական միտումներ, բայց հաշվի առնելով այն խնդիրները, որ կանգնած են մեր առջեւ, ինչու չէ՝ նաեւ եվրոպական ընտանիքին առավելագույնս ինտեգրվելու աշխարհաքաղաքական եւ ռազմավարական կարեւորությունը, նախագահը նոր խնդիրներ է առաջադրում կառավարությանը։
Արդյոք սա նախընտրական հերթական միջոցառո՞ւմ էր։ Չեմ բացառում, որ այս քայլն իր ազդեցությունը կունենա ընտրական գործընթացների վրա, բայց խորապես համոզված եմ, որ նպատակը դա չէր։ Ինչո՞ւ ցանկացած մեկը կարող է կառավարությանը քննադատել՝ փորձելով շահել հանրության համակրանքը, իսկ գործող նախագահը չպետք է ներկայանա հասարակությանը իր կոնկրետ գործերով, կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ մոտեցումներով եւ գնահատականներով։ Այստեղ ի՞նչ տարօրինակ կամ արտառոց բան կա։
-Ընդդիմությունը այդ հարցին պատասխանում է «հակընդդեմ հարցով». ինչո՞ւ չէր կարելի այդ հարցերը բարձրացնել փակ դռների հետեւում», ոչ թե հրապարակավ՝ հանրությանն ի տես «կոպտորեն» նախատելով իր թիմակիցներին։
-Կներե՛ք։ Մենք շատ հաճախ իշխանություններին հանդիմանում ենք նրա համար, որ բաց չեն, թափանցիկ չեն, հասկանալի եւ ընկալելի չեն հանրությանը։ Կարծում եմ, նման միջոցառումները շատ կարեւոր են՝ այն առումով, որ հասարակության մեջ ձեւավորում են առողջ սպասելիքներ։ Ի վերջո, հանրապետության նախագահի հիմնական խնդիրն է՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծել հանրային կյանքի առողջացման համար։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ հասարակության ճնշող մեծամասնությունը ողջունում է հանրապետության նախագահի նախաձեռնությունը՝ նրա պարզ, շիտակ, անկեղծ հարցադրումները շատ-շատերի սրտով են։
Ինչո՞ւ կոպիտ. իսկ ինչո՞ւ լղոզված, եթե խոսքը վերաբերում է հանրությանը հուզող կոնկրետ խնդիրների։ Եթե լղոզված լիներ, ասելու էին՝ ինչո՞ւ էր լղոզված։ Նմանատիպ հարցադրումները լուրջ չեմ համարում. դրանք առանձնապես մեկնաբանության կարիք էլ չեն զգում, որովհետեւ ասվում են՝ ուղղակի ասելու համար։
Գնացեք, ցանկացած քաղաքացու հարցրեք՝ ինչպես է վերաբերվում նախագահի, այո, ինչ-որ տեղ կտրուկ շեշտադրումներին։ Եթե նույնիսկ դա նախընտրական նպատակներով է արվել, միեւնույն է, համապատասխանում է մեր շահերին, բխում է մեր ցանկություններից եւ ակնկալիքներից։ Ժամանակը ցույց կտա՝ իրո՞ք դա նախընտրական «շոու» էր։ Ես ասում եմ՝ ոչ, եւ խորապես համոզված եմ դրանում։
-Նախագահը կառավարությանը եւ իրավապահ մարմիններին հանձնարարեց ավելի վճռականորեն լծվել չարաշահումների դեմ պայքարին, սկսել «մեծերից», ոչ թե ամեն ինչ բարդել «սլաքավարների» վտիտ ուսերին։ Կարծում եք՝ առաջիկայում ականատես կլինե՞նք աղմկոտ պաշտոնանկությունների եւ «հնչեղ» դատավարությունների։
-Նախ, կարծում եմ, մենք դրա ականատեսը կլինենք։ Ինչ-որ պատասխանատուներ պաշտոնանկ կարվեն, կգործեն պատասխանատվության ինչ-որ մեխանիզմներ, բայց, կրկնում եմ, մեր խնդիրը այլ հարթության վրա է։ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ այդ հարցը առաջինը հենց ԱԺ նախագահը բարձրացրեց՝ ասելով, որ ամեն տարի նույն թերություններն եք արձանագրում ե՛ւ սոցիալական, ե՛ւ առողջապահության, ե՛ւ շինարարության, ե՛ւ գնումների ոլորտներում, բայց սայլը տեղից չի շարժվում։
Ես եւս իմ ելույթում նշեցի, որ մեր խնդիրը ոչ միայն խախտումները բացահայտելը եւ մեղավորներին պատժելն է, այլեւ նախեւառաջ այդ թերությունները ծնող պատճառները վերացնելը։ Իսկ այդ պատճառները, անկասկած, մեծապես պայմանավորված են օրենսդրական դաշտի անկատարությամբ. եթե օրենսդրությունը կատարյալ կամ գոնե առավելագույնս անթերի լինի, նման կոպիտ, բիրտ խախտումներ, որպես կանոն, չեն լինի։
Սա էր ամբողջ քննարկման ընթացքում կարմիր թելի պես անցնող հիմնական գաղափարը, եւ եթե նկատել եք՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության այսպիսի բուռն մտքերի փոխանակություն երբեք չէր եղել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

«Հայոց Աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930