Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ կլիներ, եթե նման տեսագրություններ լինեին արված ՀՀ կալանավայրերում

Սեպտեմբեր 20,2012 12:14

Վրացական Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ իրականացված սարսափելի բռնությունների կադրերի ցուցադրումից հետո երեկ Վրաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով անհապաղ պատժել բոլոր մեղավորներին։ Հիշեցնենք, որ վրացական «Մաեստրո» եւ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունները ցուցադրել են կալանավորներին ռետինե մահակներով բռնաբարությունների տեսագրությունները, որոնք փոխանցել է այժմ Բրյուսելում ապաստան գտած Գլդանի բանտի նախկին աշխատակիցը։

Նա Վրաստանի հանրային հեռոատաընկերությանն ասել է, որ տեսագրությունները կատարել է բանտապետի հրամանով՝ 2011թ.-ին։ Ի պատասխան՝ Վրաստանի գլխավոր դատախագը շտապել է հայտարարել, որ այդ տեսանյութերը երրորդ անձանց են հանձնել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի համակիրները։ Եվ փոխանակ անդրադառնալու իր խայտառակ գործունեությանը, որի արդյունքում վրացական բանտերում հնարավոր են նման ահասարսուռ, այն էլ՝ զանգվածային դեպքեր, Վրաստանի գլխավոր դատախազը ձեռնամուխ է եղել քաղաքական հայտարարություններ անելուն։

Իհարկե, ինքնին հասկանալի է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ նման սկանդալը կարող է որոշակի կապ ունենալ ընդդիմության հետ։ Սակայն անվիճելի է, որ եթե անգամ դա ընդդիմության ձեռքի գործն է, դրանից այդ կադրերը չեն դադարում պակաս դաժան եւ անթույլատրելի լինել։ Այս առումով Վրաստանի իշխանությունները շատ չեն տարբերվում ՀՀ իշխանություններից, որոնք ընդդիմության կողմից բարձրացվող ցանկացած ահազանգ որակում են իբրեւ դրսից եկած պատվեր։ Եվ քանի որ առաջիկայում ՀՀ-ում եւս նախագահական ընտրություններ են, թերեւս արժե զուգահեռ անցկացնել եւ մի պահ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նման տեսագրություններ լինեին արված ՀՀ կալանավայրերում։ Գաղտնիք չէ, որ մեր ՔԿՀ-ներում էլ են առկա բռնության դեպքեր, գուցե ոչ այդքան դաժան, իսկ գուցե՝ շատ ավելի։ Խնդիրն այն է, սակայն, որ այստեղ այդ ամենն իրականացվում է շատ ավելի կոշտ վերահսկողության ներքո։ Եվ եթե անգամ ՀՀ ՔԿՀ-ներից նման տեսագրությունների արտահոսք էլ լիներ, ՀՀ եւ ոչ մի հեռուստաընկերություն չէր համարձակվի դրանք ցուցադրել։ Նախ՝ դրանով այն լրջորեն կվտանգեր իր ապագան, քանի որ Բաղրամյան 26-ի հրահանգով բոլոր գովազդատուները կխզեին իրենց պայմանագրերն այդ հեռուստաընկերության հետ, իսկ ՀՌԱՀ-ը միանգամից մի քանի խախտումներ կհայտնաբերեր եւ հսկայական տուգանքներ կնշանակեր՝ այդպիսով այդ հեռուստաընկերությունը սնանկացնելու վտանգի առաջ կանգնեցնելով։ Սակայն սա հարցի մի կողմն է, ընդ որում, ոչ ամենավատը։ Խնդիրն այն է, որ եթե որեւէ հայկական հեռուստաընկերություն նման կադրեր ցուցադրեր, ապա հասարակության մի ստվար զանգվածի կողմից կմեղադրվեր հայրենիքին դավաճանելու մեջ։ Եվ Հայաստանն աշխարհով մեկ խայտառակ անելու ու ազերիների ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքների շարանում ոչ ոք չէր կարեւորի այն փաստը, որ այդաիսով մեր երկիրը ոչ թե խայտառակ է լինում, այլ առողջանում։ Իսկ վրացիները, ինչպես երեւում է, նաեւ այս հարցում են մեզանից առաջ:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930