Սեպտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը, որի հասույթը կտրամադրվի Հայաստանում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին. թեմայի շուրջ այսօր «Սլաք» ակումբում խոսեց փառատոնի հեղինակ և կազմակերպիչ, «Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Մարիամ Մանուկյանը:
Նրա համոզմամբ փառատոնի նպատակն է համախմբել Հայաստանում գործող դեսպանություններին, հյուպատոսարաններին, արտերկրից ժամանած գործարարներին, ինչպես նաև հայկական մշակույթն ու գործարարությունը մեկ հարկի տակ՝ խթանելով մշակույթը, գործարարությունը, հնարավորություն տալով հայկական արտադրանքն արտահայտելու արտասահմանյան պետություններ.
«Փառատոնը խոստանում ենք, որ կլինի գեղեցիկ, արտասովոր: Երեք օր շարունակ հնչելու է մասնակից երկրների /Արգենտինա, Իտալիա, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ/ մշակութային երգն ու պարը, ինչպես նաև 3 օր շարունակ կատարվելու է հանգանակություն, որի ողջ հասույթը կհղվի Հայաստանում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին: Մենք հաշվի ենք առնում ցանկացած խավի սոցիալական վիճակը և կուզենանք օգնել»:
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անի Զեյթունցյանը նշեց, որ նման մոտեցումը խրախուսիչ է: Նրանք պատրաստ են սիրիահայ, անապահով ուսանողներին օգնել, օժանդակել. «Սա մարդասիրական գործ է, 200 ուսանող է եկել հայրենիք և օր օրի այդ թիվը ավելանում է, մենք պարտավոր ենք օգնել: Համագործակցությունը շատ գեղեցիկ է, և տա Աստված, որ ամեն ինչ լավ ընթանա և հասնենք մեր նպատակին: Հայաստանը մեր ապաստանն է, նա իր թևերը բացած մեզ է սպասում»:
Դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի պնդմամբ, մարդ ինչքան կարող է՝ պետք է օգնի և աջակցի, բոլոր հայերը ովքեր կարիք ունեն՝ անհրաժեշտ է նրանց օգնել, կարևոր չէ, թե ինչ հայ է, որտեղ է բնակվում, կարևորը որ հայ է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ