Թեեւ տան բնակիչների հետ նորմալ խոսել չհաջողվեց, փոխարենը զրուցեցինք նրանց հարեւաններից մեկի հետ, որը լավատեղյակ էր մայիսի 4-ի դեպքին եւ դրան նախորդած իրադարձություններին։ Բնականաբար, նա խնդրեց չնշել իր անունը, հաստատեց, որ փուչիկներն իսկապես փչվել են թիվ 60 տանը, եւ այդ տանը բնակվող ընտանիքի հայրը Սերոբ Բոզոյանի ընկերն է։
«Էդ մարդը (Սերոբ Բոզոյանը.- հեղ.) ուղղակի ուզեցել ա փող աշխատի։ էդ կազմակերպիչներին ասել ա, թե եթե ես ձեզ 100 դրամանոց փուչիկ փչեմ, կարող ա տրաքի, տա մեռնես։ Իսկ եթե 1000 դրամանոց փուչիկ փչեմ, ուզում ես կրակ տուր, ուզում ա երկրաշարժ լինի, ուզում ա բոց լինի՝ էդ փուչիկին բան չի լինի։ Կազմակերպիչներն էլ ասել են՝ չէ, 100 դրամանոցներից փչի։ Ինքը՝ Սերժ Սարզսյանը, ու էդ անտեր կազմակերպիչները 900 դրամը ափսոսացել են ավել տալ, անվտանգություն էլ չեն պահպանել, ու տենց Էլ պաժառ ա ընկել։ Միակ խնդիրն անվտանգությունն ա, էդ մարդը վտանգի մասին զգուշացրել Էր»,- ասաց մեր զրուցակիցը եւ ավելացրեց. «Սերոբը եկել ա, ստեղ փուչիկները փչել ա ու գնացել ա։ Մեզ պատմել ա, որ իրան զակազ ա եկել 100 դրամով էդքան փուչիկ փչել։ Ուղղակի էս տունը Հանրապետության հրապարակին մոտ ա եղել, Սերոբը դիմել ա ընկերոջը, ասել ա, որ փչելուց հետո փուչիկները հրապարակ տեղափոխելու համար շատ փող չտամ (նա ապրում է Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում գտնվող իր բնակարանում.- հեղ.)՝ էս տանը փչեմ ու շուտ հասցնեմ հրապարակ։ Յոթ ժամ ա տեւել փուչիկներ փչելը, ինչից հետո «գազելներով» փուչիկները էժանով հասցրել են հրապարակ»։
Մեր զրուցակիցը մի քանի անգամ ընդգծեց, որ Սերոբ Բոզոյանը համերգի կազմակերպիչներին լրջորեն զգուշացրել էր վտանգի մասին եւ չէր կարող ենթադրել, որ նույնիսկ զգուշացումից հետո կազմակերպիչները համերգի մասնակիցների անվտանգությունը չէին ապահովի. «Սերոբը երկու կոպեկի համար ընկավ էդ պատմության մեջ։ Ինքն ի՞նչ իմանար, որ տենց կլինի։ Եթե կազմակերպիչներն ընդամենը 100 դրամով են փուչիկը առել, ո՞նց կարող ա չիմանային վտանգի մասին։ Ծնունդ չէր, որ 10 հատ փուչիկ լիներ, ու իրանք հանգիստ լինեին, էդ մարդն էլ 88 հագար անգամ ասել էր, որ սա վտանգավոր ա, բայց էժան գազա, մեքենայի գազ ա, կարա պայթի, դրա համար էլ տենց էժան ա։ Ու հիմա կազմակերպիչները ազատ ֆռֆռում են, իսկ Սերոբը, որ ընտանիքին պահելու համար համաձայնվեց էդ էժան փուչիկները փչի՝ դատվում ա»:
Կարդացեք նաև
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»