Նախագահի վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքները. գնումների գործընթացին վերաբերող հատվածը.
«…Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուրջ մեկուկես տարուց ավելի գործող ապակենտրոնացված գնումների դաշտում դեռեւս առկա են ինչպես համակարգային, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրներ, մասնավորապես,
ա) մինչ օրս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չեն հաստատվել գնումների գործընթացում օգտագործվող հրավերի եւ պայմանագրի օրինակելի ձեւերը, ինչպես ևաեւ օրենքի համաձայն լիազորված մարմնին ներկայացվող հաշվետվությունների ձեւերը եւ դրանց ներկայացման ժամկետները։ Օրինակ, մի պատվիրատուի կողմից կապիտալ շինարարության մրցույթներին միշտ մասնակցել է մեկ կամ երկու մասնակից, իսկ այլ պատվիրատուի կողմից կազմակերպված համանման այլ մրցույթին մասնակցել են բազմաթիվ մասնակիցներ, որի արդյունքում առաջացել են էական տնտեսումներ։ Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարության օբյեկտիվ բացասական եզրակացության դեպքում համապատասխան մարմինները գնումները կատարել են մեկ անձից։
Կարդացեք նաև
Հաջորդ խնդիրը վերաբերում է բողոքարկման հանձնաժողովների կողմից քննվող բողոքների ընթացքին։ Օրինակ, առկա են դեպքեր, երբ մրցույթի իրական հաղթողի բողոքը բավարարելու մասին որոշում ընդունելուց հետո պատվիրատուն խուսափում է տվյալ հաղթողի հետ պայմանագիր կնքելուց։
Անհանգստացնող են նաեւ գնումների մասնակիցների կողմից բողոքարկման հանձնաժողովին ներկայացված բողոքները հետ վերցնելու փաստերը. 2011- 2012թթ. ընթացքում ներկայացվել է 56 բողոք, որի շուրջ 50 տոկոսը հետ է վերցվել։
… Հաջորդ խնդիրը վերաբերում է գնումների ոլորտում պատվիրատուների կողմից իրականացվող գործառույթներին.
դ) առկա են գնման մասնակիցներից ստացված դժգոհություններ՝ կապված պատվիրատուների կամայականությունների հետ։ Օրինակ, Կենտրոնում գործող թեժ գծով սւոացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ մրցույթին մասնակցելու նպատակով առձեռն հայտեր ներկայացնելու ժամանակ պատվիրատուները չեն ապահովում մասնակիցների մուտքը վարչական շենքեր։ Արդյունքում մասնակիցները զրկվում են ժամանակին հայտեր ներկայացնելու, հետեւաբար՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունից։ Ավելին, լինում են դեպքեր, երբ պատվիրատուն ընդունում է հայտը, սակայն մասնակցին հնարավորություն չի տալիս ներկա գտնվելու հայտերի բացմանը կամ հայտերի բացմանը ներկա լինելու պայմաններում հնարավորություն չի տալիս ծանոթանալու մրցակցի գներին։
Հինգերորդ խնդիրը վերաբերում է էլեկտրոնային գնումներին:
Օրինակ՝ (1) գնումների էլեկտրոնային ծրագրի ժամը մեկ ժամ առաջ է տեղական ժամանակից, որի արդյունքում եթե պատվիրատուի կողմից հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում ժամը 12.00-ն, ապա տեղական ժամանակով ժամը 11.00-ին համակարգն ավտոմատ կերպով փակվում է, եւ հնարավոր մասնակիցները չեն կարողանում ներկայացնել հայտեր եւ, նշված խնդրից ելնելով, զրկվում են էլեկտրոնային մրցույթին մասնակցելու իրավունքից:
Եվ մեր կողմից առանձնացված վերջին խնդիրը վերաբերում է հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից գնումների մասին ՀՀ օրենսդրության կիրառմանը։
Օրինակ՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից գնումների կատարման հայտարարությունները չեն հրապարակվում օրենքով սահմանված կարգով:
Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է փաստել, որ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երեւույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից եւ սկզբունքներից։ Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները, բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնման ընթացակարգեր»։
«Հրապարակ»