Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Քոչարյանը լինի վարչապետ, Ս.Սարգսյանը կդառնա կա՛մ անգլիական թագուհի, կա՛մ դիտորդ»

Սեպտեմբեր 20,2012 11:23

Հարցազրույց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանի հետ

– Ի՞նչ տպավորություն ունեք սեպտեմբերի 15-ի կառավարության խորհրդակցությունից:

– Իմ տպավորությունն այն է, որ արդեն էժանագին ձևով սկսվել է քարոզչությունը: Իրենք ունեն լավ փորձագետներ, փողի խնդիր չունեն և հաշվարկել են մեր ժողովրդի մակարդակը, որովհետև, եթե մարդիկ 10 հազարով տրվում են, արդեն գիտեն` ինչ է պետք:

Եվ էդ թատրոնն էլ էդ մասսայի համար են անում, հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում` գնալ կառավարության նիստին զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ` «Տիկո՛, դու էսպես չես արել, Գագո՛, դու էս չես արել…»: Բոլորին էլ հայտնի է այդ ամեն ինչը, ու ոչ մի բան էլ ասել պետք չէր, գործ ա, արե՛ք: Ասում եմ, եթե հիմա մեր հասարակության մի մասը գնում է Վրաստան` մեկ շաբաթով հանգստանալու, այդ մի շաբաթվա ընթացքում զգում է պետության, օրենքի շնչառությունը, գերակայությունը:

Հիմա ինքն ո՞ւմ համար է ասում, ո՞վ է հավատում` միայն այն մարդիկ, ովքեր, ինչպես ասացի, 10 հազարով իրենց քվեները հանձնեցին վարչախմբին: Կարծում եմ` անլուրջ է, և ես բազմիցս ասել եմ` եթե նախագահն իրոք գնում է այդ ճանապարհով` երկրում կարգուկանոն, օրենքի իշխանություն հաստատելու համար, շատերը կողջունեն, այդ թվում` ես, և եթե օգնելու կարիք չլինի, գոնե չեմ խանգարի դրան: Բայց ես գիտեմ, որ դա թատրոն է:

– Իսկ կարծո՞ւմ եք` «ատկատների» գլխավոր մեղավորն իրո՞ք վարչապետն է, ինչպես երևաց նախագահի քննադատությունից:

– Վարչապետ ասածն ուղղակի դրածո է, դա մենք լավ գիտենք: Արդեն 5-րդ տարին է, ինչ վարչապետ է, բայց նա ուժայինների, հարկայինի, այսպես ասած, «հեղինակավոր» նախարարների վրա որևէ ազդեցություն չունի: Իսկ «ատկատն» այս համակարգի հիմնական կոռուպցիոն ոճն է, և վարչապետն էլ, բնականաբար, օգտվում է, բայց ոչ համատարած ընդհանուր շղթային: Եվ, բնականաբար, վարչապետը երկրորդական մարդ է, չնայած պաշտոնով առաջինն է:

Այնուամենայնիվ, այդ «ատկատի» գործընթացը միայն այս վարչախմբի ծնունդն է, բայց այդ կոռուպցիայի զարգացումը, բարգավաճումը եղել է իրենց օրոք: Սերժ Սարգսյանն ի՞նչ է, պատահակա՞ն հայտնվեց նախագահի պաշտոնում: Նա անցել է բոլոր համակարգերով` Ներքին գործեր, Ազգային անվտանգություն, Պաշտպանության նախարարություն, վարչապետ, և այդ ամբողջ համակարգի «ատկատի» մեխանիզմը լավ էլ գիտեր: Նա լավ էլ գիտեր, թե ինչքան է կապված էդ Տիկո ասած վարչապետ հետ:

– ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «168 Ժամի» հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ կառավարությունում նախագահի հնչեցրած քննադատությունների մեջ հստակ միտում կա մյուս քաղաքական ուժերին ասելու, որ փետրվարին որոշվելու է վարչապետի հարցը. «նախագահի հարցը լուծված համարե՛ք, կասկածի տակ չդնե՛ք իմ ընտրվելը և հույս ունեցեք միայն վարչապետի տեղի վրա»: Դուք համաձագյն եք այս տեսակետի հետ:

– Համամիտ եմ, չի բացառվում, որ այդ թատերական ներկայացման երկրորդ երեսն այն է, որ դրսի վեկտորներից մեկը պահանջում է վարչապետի փոփոխություն, և ինքը հող է նախապատրաստում այդ փոփոխության համար: Կարծում եմ` այդ տեսակետը ռեալ է:

– Իսկ ներսի ուժերն այս պարագայում ի՞նչ դեր ունեն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն է պահանջում նախագահից վարչապետի պաշտոնը` նախագահական ընտրություններում նրան սատարելու դիմաց:

– Ես «դրսի վեկտոր» ասելով` նկատի ունեի նաև այդ հանգամանքը, որովհետև «Բարգավաճն» ինքնուրույն կառույց չէ ու որևէ ինքնուրույն գործոն չէ: Այդ պատճառով, երբ ասում եմ` դրսի վեկտոր, նկատի ունեմ` Ռուսաստանի, այսպես ասած, ազդեցությամբ, քանի որ, իմ ունեցած ինֆորմացիայով` «Բարգավաճն» է պայմաններ թելադրում վարչապետի հետ կապված: Բայց, բնական է, ԲՀԿ-ն դա չի կարող ինքնուրույն անել, այլ դա ԲՀԿ-ի բերանով անում է Ռուսաստանը:

– Իսկ, ըստ Ձեզ, վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ն նախատեսում է Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի համար:

– Ես դժվարանում եմ ասել: Եթե Քոչարյանը լինի, ապա այդ պարագայում Սերժ Սարգսյանը չի լինի: Նկատի ունեմ ոչ թե ֆիզիկապես չլինելը կամ պաշտոնից զրկվելը, այլ նա կարող է լինել նախագահ, բայց ամբողջ համակարգի կառավարումն արդեն կանցնի Քոչարյանի ձեռքը: Քոչարյանը Տիգրան Սարգսյան չէ: Դրա համար քիչ հավանական է Քոչարյանի տարբերակը: Սակայն ցանկացած տարբերակի Սերժ Սարգսյանը կարող է համաձայնվել, բայց Քոչարյանի պարագայում ինքը կդառնա կա՛մ անգլիական թագուհի, կա՛մ դիտորդ:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930