Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջուլհակյանը դատարան կգա ռուս-հայերեն բառարանով. «Լիսկան եկել է այստեղ, շոյել է այս պատերը»

Սեպտեմբեր 20,2012 11:07

Սեպտեմբերի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ նշանակվել է «Հիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության բաժնետեր Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունը ընդդեմ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի։ Ջուլհակյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Այվազյանը, իսկ Հմայակ Հովհաննիսյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբաննարի պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը։ Երրորդ անձ՝ պատասխանող են ճանաչվել 9 ինքնուրույն պահանջ չներկայացնողներ՝ «Հրապարակ» օրաթերթը, «Հայերի ակումբը», «Մեդիա Սթայլ» ՍՊ ընկերությունը, «Դիալոգ» փորձագիտական հայկական կենտրոնը, «Հենարան» սոցիալ-իրավական հումանիտար ասոցիացիան, «Արմենիա» TV ընկերությունը եւ «Մուլտի մեդիա» TV-ն եւ «Արմնյուզ» TV ընկերությունը։

Սենիկ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ նշված ընկերությունում կատարել է զգալի չափով ներդրումներ, մասնավորապես՝ 302.873.124 ՀՀ դրամի չափով, որով վճարվել է աշխատողների կուտակված չվճարված աշխատավարձերը, ուղղվել է ընկերության հարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ ընկերության շենքի տեխնիկական վերազինմանն ու վերանորոգմանը։

Հայցվորը, ինչպես ինքն է նշել, «ականատես եղա այն սպասվելիք հարվածին, որը հայկական իրականության մեջ գրեթե անխուսափելի երեւույթ է»: Սենիկ Ջուլհակյանը գտնում է, որ Հմայակ Հովտաննիսյանի՝ իր հասցեին արված արտահայտությունները, վիրավորանքն ու զրպարտությունը արատավորել են իր գործարար համբավը, պատիվն ու արժանապատվությունը, ուստի՝ դատարանով նա պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն-տեղեկությունները։

Տարբեր լրատվամիջոցներում Հմայակը կատարել էր այսպիսի արտահայտություններ. «… Դա մաշեյննիկ է եւ որեւէ սեփականություն չունի, իրեն ձեւացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առեւտրային ներկայացուցիչն է Սուրգուտ քաղաքում եւ զբաղվում է լյուստրաների վաճառքով» («Հրապարակ», 20.04.2012 թ.), «Քաղաքում Լիսկան է՝ Սենիկ Ջուլհակյանի տեսքով… Մյուս երեք տարածքները արդեն ձեռ գցած չակերտավոր բարերարը ինչ-որ թուղթ է ներկայացրել… Նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում» (Tert.am, 20.04.2012 թ.): Հայցադիմումում հղում է արվել նաեւ www.hayeli.am կայքէջին, որտեղ Հմայակ Հովհաննիսյանը ասել էր. «Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել էր, ինչի իրավունքը չուներ», իսկ «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվել էր հետեւյալը. «Ներդրողների փոխարեն երկիր են գալիս աֆերիստները, Սենիկ Ջուլհակյանը կասկածելի անձնավորություն է, ով բարերարի անվան տակ իբր ներդրումներ է կատարում ինստիտուտում, նա մաշեյնիկ է, վտանգավոր է հասարակության համար»:

Նշենք, որ մեջբերումները կատարվել են Հմայակ Հովհաննիսյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայցվոր Ջուլհակյանը վիրավորական է համարում «մաշեյնիկ» բառը, որի մեկնաբանության համար դիմել է ռուս-հայերեն բառարանին, մասնավորեպես՝ համաձայն նշված բառարանի այն նշանակում է «խաբեբա», «սուտասան», «խարդախ»:

Ուշագրավ է, որ զրպարտություն է դիտվում «Քաղաքում Լիսկան է, Սենիկ Ջուլհակյանի տեսքով, չխաբվեք», ինչպես նաեւ «Սենիկ Ջուլհակյանը գաղտնի ձայնագրել էր, այստեղ սկսվեց ջրհեղեղի նման մի բան, միտումնավոր էր արվում, իմ ահազանգերին հակառակ ջուրը չէին կտրում, ես ոստիկանություն հրավիրեցի, Կենտրոնի բաժնում գործ է հարուցված», «Լիսկան եկել է այստեղ, շոյել է այս պատերը» արտահայտությունները։

Մեր տեղեկություններով հայցադիմումը բաղկացած է 27 էլեկտրոնային էջից, հայցվորը պահանջում է նաեւ Հմայակ Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ եւ 1 մլն էլ՝ զրպարտության համար։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930