Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի դեմ մահափորձի գործով հանցակցին պատժել են 300 հազար դրամով

Սեպտեմբեր 20,2012 10:04

Ազգային Ժողովի ԲՀԿ-ական  պատգամավոր Ռուստամ Գասպարյանի մահափորձի գործով անցնող Ռաֆայել Աշոտի Շահվերդյանին  Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանը 6 տարի անց ճանաչել է մեղավոր  եւ դատապարտել տուգանքի` 300 հազար չափով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Ռաֆայել Շահվերդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` անձնական երաշխավորությունը թողնվել է անփոփոխ: Ռաֆայել Շահվերդյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ.ապրիլի 1-ին ժամը 15:30-ի սահմաններում իր հարեւան  եւ ընկեր Սամսոն Պողոսյանի խնդրանքով վարել է ՎԱԶ 21074 մակնիշի 28 ՕՍ 785 պետհամարանիշի ավտոմեքենան` վերջինիս առաջարկած եւ ստույգ չնշված վայրը նրան տեղափոխելու համար: Սամսոն Պողոսյանը նստել է ավտոմեքենայի հետեւի ձախ նստատեղին: Հասնելով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 6 շենքի դիմացի հատված` Սամսոն Պողոսյանի պահանջով կանգնեցնելու համար դանդաղեցրել է ավտոմեքենայի ընթացքը եւ այդ պահին Սամսոն Պողոսյանը ավտոմեքենայի մեջ թաքցված ինքնաձիգ հրազենով կրակահերթ է արձակել նշված շենքի դիմաց ճանապարհի վրա կանգնած, «ՀԱՄՄԵՐ» մակնիշի 02 ՕՍ 444 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ նստած Ռուստամ Գասպարյանի վրա, վերջինիս սպանելու դիտավորությամբ, որը սակայն հանցավորի կամքից անկախ հանգամանքներով չի մահացել, իսկ Ռաֆայել Շահվերդյանը առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի` Սամսոն Պողոսյանի եւ հանցագործության գործիքի` ինքնաձիգի նախապես չխոստացված պարտակումով, արագ վարելով ավտոմեքենան Սամսոն Պողոսյանին դեպքի վայրից հեռացրել է եւ փախուստի դիմելու հնարավորություն տվել: Այսինքն` Ռաֆայել Աշոտի Շահվերդյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 334.1-ին մասով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը, որը պատժվում է ազատազրկմաբ առավելագույնը 3 տարի ժամկետով: Կատարած արարքի համար ՀՀ քր. օր-ի 334 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ռաֆաել Աշոտի Շահվերդյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու դատարանին հայտնել « որ զղջում է կատարած հանցանքի համար եւ խնդրել իրեն ներել ու իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ: Ի դեպ,  տուժողներ Ռուստամ Գասպարյանն ու Էդուարդ Սարգսյանը քաղ. հայցի կամ դրամական փոխհատուցման որեւէ պահանջ չեն ներկայացրել եւ դատարանից խնդրել ամբաստանյալ Շահվերդյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ։

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը արձագանքելով NEWS.am-ի հարցին, թե արդյոք իր անտարբերությունը դատավարության նկատմամբ գալիս է նրանից, որ ոչ թե մահափորձի պատվիրատուն է  դատապարտվել, այլ ենթակա անձինք, նա ասել էր. «Դե բնական է: Խոսք կա չէ՞, ճորտը կռվում է, իսկ ճորտատերը` ճարպոտում»: Վերջինս նաեւ ասել էր, որ ինքն իր համար պարզել է, թե ով է պատվիրատուն, բայց խնդրեց անուններ չհարցնել: Տեղեկացրել էինք նաեւ, որ մահափորձ կատարողը` Սամսոն Պողոսյանը, ով դատապարտվել էր 8.5 տարվա ազատազրկման, 2012թ-ին վաղաժամկետ ազատ էր արձակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930