Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու նորընտիր քաղաքապետ. «Ես կընգրկվեմ այն կուսակցության շարքերը, որը Մեղրիում առավել գործեր կանի»

Սեպտեմբեր 19,2012 22:44

Մեղրու նորընտիր քաղաքապետ, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ինքը ՀՀԿ անդամ է դարձել, եւ դա եղել է ճնշումների արդյունքում: Պարոն Հովհաննիսյանը հերքեց տեղեկատվությունը եւ անհեթեթություն համարեց վերջին օրերին տարածված այդ լուրերը:

«Շատ ցավալի է նման բաներ կարդալը:  Միանգամից ասեմ, որ ճնշումներ իմ նկատմամբ չեն եղել եւ չեն էլ կարող լինել, իսկ հանրապետական կուսակցության շարքերն անցնելու մասին  խոսակցություններ մարզային ոչ մի իշխանավորի հետ տեղի չի ունեցել,  որեւէ կուսակցության շարքեր մտնելու կամ չմտնելու մասին խոսք չի գնացել: Պարոն մարզպետը, որի հետ ընտրվելուց հետո ես ունեցել եմ 2 հանդիպում, բացարձակ ոչ մի բառ հանրապետական կուսակցության մեջ անցնելու մասին ինձ հետ չի խոսել:  Ես կարդում եմ թերթերում գրվածները, ճնշումների մասին եւ այլն ու վիրավորվում եմ, նման բան չկա: Եվ վերջին հաշվով, եթե ես որեւէ կուսակցության շարքերը մտնեմ, ապա միայն այն ակնկալիքով, որ այդ կուսակցությունն իմ քաղաքին պետք է տնտեսական մոտեցում ցույց տա», – ասաց պարոն Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ընդամենը 5000 բնակչություն ունեցող Մեղրին իրեն հեռու է պահում կուսակցական խաղերից եւ կուսակցությունը բացարձակ որեւէ դերակատարում չունի անձի ընտրության, համայնքի ղեկավարի ընտրության հարցում:

«Ուզում եմ բոլորը միանգամից հասկանան, որ ժողովուրդն ընտրել է ոչ թե անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանին, այլ` Մեղրու քաղաքացի Արշավիր Հովհաննիսյանին, եւ պարտվել է ոչ թե հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը, այլ` պարզապես քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Մարդիկ ընտրում են որեւէ անհատի: Ի վերջո, մեղրեցուն 4 տարի հետո բացարձակ չի հետաքրքրելու ես անկուսակցակա՞ն մնացի, հանրապետակա ՞ն դարձա, թե ՞ այլ կուսակցության անդամ:  Մեղրեցուն հետաքրքելու է, թե ես ինչ արեցի այս 4 տարվա ընթացքում: Մենք ցանկություն ունեք մեր քաղաքը 4 տարի հետո այլ տեսքով տեսնել, մի քիչ առավել բարգավաճ քաղաք ունենալ: Շատ ցավալի է, որ բոլորը սկսել են զանգել ինձ միայն կուսակցության վերաբերյալ հարցեր տալու համար, մեկը չզանգեց զուտ տնտեսական հարցերով հետաքրքրվելու համար» , – նշեց Արշավիր Հովհաննիսյանը եւ շեշտեց, որ եթե որոշի անդամագրվել որեւէ կուսակցության, ապա դա կարվի հանուն  Մեղրու զարգացման:

Իսկ Մեղրու զարգացման հիմքը տեսնում է Մեղրու նման  հեռավոր քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մեջ, որտեղ գործող կառույցները պետք է ազատված լինեն պետական բոլոր հարկերից: Այն կնպաստի բիզնեսի զարգացմանը եւ ամենակարեւորը` աշխատատեղեր կստեղծվեն քաղաքում եւ այլն: Սա քաղաքի թիվ մեկ կարեւորագույն խնդիրն է համարում եւ նպատակ ունի հետամուտ լինել դրա  իրագործմանը: «Ես պատրաստ եմ մտնել այն կուսակցության շարքերը, որը կարող է իմ քաղաքի համար լուծել տվյալ հարցը, կամ անդամագրվել այն կուսակցությանը, որն առավել գործեր կանի մեր քաղաքի համար: Ես կարող եմ նաեւ չմտնել որեւէ կուսակցություն, եթե դա իրոք ի շահ ժողովրդի է, բայց դա դեռեւս չեմ տեսնում: Քաղաքականությունը չէ, որ որ ինձ հետաքրքրում է, ես քաղաքական եւ գործադիր իշխանավոր եմ, բայց առավել շատ ես ինձ ուզում եմ տեսնել գործի մեջ:  Բայց եթե հանրապետականը, որից  էսօրվա մեջ սպասում եմ մի հատ լուրջ խոստումի (չմանրամասնեց.- Մ. Ս.), որը պետք է որ արդեն արվի, անպայման կմտնեմ այդ կուսակցության մեջ: Վերջին 10-15 տարում ինչ աշխատանք էլ որ արվել է Մեղրիում, ՀՀԿ-ի կողմից է արվել:  Մեր հարեւան Ագարակ քաղաքը, որը տնտեսապես ավելի արագ է զարգանում, ունի  հանրապետական քաղաքապետ,   դրանից քաղաքը  չի տուժել, միայն շահել է», – հավելեց նորընտիր քաղաքապետը եւ իր խնդիրը համարեց այս 4 տարիների ընթացքում քաղաքը ոտքի կանգնեցնել եւ դա անել այնպիսի հաջողությամբ, ինչպիսի հաջողությամբ, որ ընտրվել է` շնորհիվ քաղաքի ողջ երիտասարդներից համախմբված ու մեկ բռունցք դարձած թիմի:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930