Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակումը խանգարում է Հայաստանում արտադրվող ապրանքների արտահանմանը, շրջափակման հետեւանքով թանկանում են հանրապետություն ներկրվող ապրանքները: Սակայն ներկայումս Հայաստանի տրանսպորտային բոլոր կոմունիկացիաներն արդյունավետ չեն օգտագործվում: Խորհրդային տարիներին կառուցվեց Իջեւան-Հրազդան երկաթգիծը: Իջեւանից երկաթգիծը միանում էր ադրբեջանական երկաթուղուն: Այդ երկաթգիծն արդեն 20 տարի անգործության է մատնված: Տարիների ընթացքում այն թալանվել է, գողացել են երկաթգծի էլեկտրական լարերը, հիմա էլ երկաթուղու թալանը շարունակվում է: Մինչդեռ երկաթգիծը վերականգնելու, այն գործարկելու դեպքում դա կկանխվեր, գործող տրանսպորտային գիծը չէր թալանվի: Ներկայումս Իջեւանի տարածաշրջանից արտերկիր արտադրանք արտահանող ընկերությունները` «Քարարտը», «Բենտոնիտը» մեծ դժվարություններ են կրում: Այդ ընկերությունները ստիպված ավտոմեքենաներով իրենց ապրանքը տեղափոխում են երկաթուղային Այրում կայարան, այնտեղից էլ` Վրաստան եւ ապա տարբեր ուղիներով` արտերկիր: Մինչդեռ Իջեւան-Հրազդան երկաթուղին վերագործարկելու դեպքում վերոհիշյալ եւ Տավուշի մարզի այլ ընկերությունների, օրինակ, Դիլիջանի հանքային ջրերի երկու գործարանների արտադրանքը Այրում կայարան կհասցվեր երկաթգծով, որն ամենաէժան տրանսպորտային միջոցն է: Իջեւան-Հրազդան երկաթգծի մի հատված, Հաղարծին գյուղի տարածքում, սողանքից քանդված է: Սակայն այն կարելի է վերականգնել: Իջեւան-Հրազդան երկաթգծի վերականգնումից հետո դրանից կօգտվեն նաեւ Տավուշի մարզի բնակիչները, կլինի որոշակի ուղեւորահոսք:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ