Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀՇ վարչության անդամը բացահայտում է, թե ինչու իրենք «դեմ» չեն քվեարկել, որ Վանո Սիրադեղյանը ձերբակալվի

Սեպտեմբեր 19,2012 20:58

Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի արած բացահայտումներից հետո ՀՀՇ նախկին եւ ներկա անդամները հակասական կարծիքներ էին հայտնում, թե ինչ է իրականում եղել 1999-ի փետրվարի 17-ի ԱԺ նիստում, ովքեր են բոցաշունչ ելույթներ ունեցել, ովքեր են կողմ կամ դեմ եղել, որ Վանո Սիրադեղյանը ձերբակալվի: Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանը վստահեցնում էր, որ երբ առաջին անգամ գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ-ում, որ ձերբակալվի Վանո Սիրադեղյանը, այն ժամանակ մշակույթի փոխնախարարի պաշտոն զբաղեցնող Արամ Մանուկյանը մոտեցել է Վանո Սիրադեղյանին ու ասել, որ ստիպված է կամ չմասնակցել քվեարկությանը, կամ կողմ քվեարկել, որովհետեւ կզրկվի փոխնախարարի պաշտոնից: Այդ նիստի քվեարկության արխիվային արձանագրություւնները վկայում են, որ չնայած ՀՀՇ անդամներն ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի ելույթ էին ունեցել, բայց, չգիտես ինչու, քվեարկության ժամանակ նրան ձերբակալելուն դեմ չեն քվեարկել, եղել է միայն 90 կողմ:

Այդ օրը ԱԺ նիստերի դահլիճում է եղել նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ի թիվս ՀՀՇ այլ անդամների, նա նույնպես ելույթ է ունեցել՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի: Այսօր Aravot.am-ը խնդրեց պարոն Իգիթյանին մեկնաբանել, թե ինչու քվեարկությանը դեմ չի եղել եւ հիշո՞ւմ է ինքն արդյոք այն միջադեպը Արամ Մանուկյանի հետ կապված, որը պատմում էր Սուրեն Սիրունյանը: Հովհանես Իգիթյանի խոսքերով՝ «Ես չեմ ուզում շատ խորանալ այդ պատմությունների մեջ: Սուրեն Սիրունյանի մասին ասեմ, որ ես դրսում եմ եղել եւ շատ դժվար եմ տարել նրա մահվան լուրը: Մենք դրսում հանդիպումներ ենք ունեցել շատ ընկերական: Ճանաչում եմ իրեն շատ տարիներ, եւ մինչեւ վերջին օրը տեսնելով՝ որեւէ փոփոխություն մեր հարաբերությունների մեջ չեն եղել: Ինչ վերաբերում է այդ դեպքին՝ կապված Վանո Սիրադեղյանի քվեարկության հետ, ես համոզված եմ, այսինքն՝ գիտեմ, որ Արամ Մանուկյանը ցավում եւ պայքարում էր Վանո Սիրադեղյանին չհետապնդելու եւ Հայաստանից չվռնդելու ուղղությամբ: Այն ժամանակ բոլորս միասին էինք: Ինչ վերաբերում է ինձ,  այն ժամանակ շատ դժվար վիճակում էր մեր խմբակցությունը ԱԺ-ում: Մենք, ըստ էության, բոյկոտում էինք նիստերը, որովհետեւ մեզ հնարավորություն չէին տալիս բնական ձեւով աշխատել պառլամենտում, ընդ որում՝ հենց նույն Ռոբերտ Քոչարյանը: Ես, խախտելով այդ բոյկոտը, այդ օրը դահլիճում էի, նույնիսկ ելույթ եմ ունեցել, խիստ ելույթ, որտեղ որ անուններ էի տալիս, պատճառն էի նշում Վանո Սիրադեղյանի հետապնդման: Քվեարկությանը մենք չենք մասնակցել, որովհետեւ քվեարկությունը պոզիտիվ էր, այսինքն՝ ո՞վ է կողմ, որ Սիրադեղյանին զրկենք անձեռնմխելիությունից: Դեմ չպետք է լիներ, որովհետեւ մենք չէինք մասնակցում, անիմաստ էր: Որեւէ ձեւով մեր՝ քվեարկությանը մասնակցելը կլեգիտիմացներ այդ ամբողջ ֆարսը»:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ 90 «կողմ»-ով այդ հարցն ընդունվել էր, ովքեր էին մտնում նրանց մեջ՝ պարոն Իգիթյանը այսպես բացատրեց. «Այո, 90 կողմ եղավ, որովհետեւ արդեն այն ժամանակ մեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ մի գիշերվա մեջ անցան էն կողմը՝ ուրիշ ճամբար: Նրանցից շատերին հիմա դուք կտեսնեք Հանրապետականի նշանով»: Մենք խնդրեցինք հստակեցնել, թե մասնավորապես ովքե՞ր էին, որ մի գիշերվա մեջ ճամբար փոխեցին: Պարոն Իգիթյանը պատասխանեց, որ ցուցակը վերցնենք նայենք՝ կհասկանանք. «Հիմա անուններ տալով՝ կարող է մեկին մոռանամ՝ մեկը նեղանա: Մեր՝ քվեարկությանը չմասնակցելը զուտ դրանով էր պայմանավորված: Մենք այլ ձեւ այս ամեն ինչին բողոքելու, քան թե չքվեարկել՝ չէինք կարող»:

Պարոն Իգիթյանը ամենայն մանրամասնությամբ նկարագրեց իրենց հոգեվիճակը այդ օրը: Ինչպես են մի քանի ընկերներով որոշել այնուամենայնիվ խախտել հայտարարված բոյկոտը եւ իջնել ԱԺ նիստերի դահլիճ՝ ելույթ ունենալու եւ իրենց նախկին կուսակիցների աչքերին նայելու համար. «Ես դահլիճում էի՝ իմ նախկին, մեր ընկերների աչքերին նայելու: Տեսնում էի, որ այն մարդիկ, որոնք քծնում էին, Վանոյին համարում էին այս երկրի համար 1 մարդ, ինչպես էին կողմ քվեարկում: Ցուցակը վերցրեք՝ նայեք»:

Իսկ թե ինչքանով է հավանական, որ Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան՝ պարոն Իգիթյանի գնահատմամբ՝ գործն արդեն վաղուց դուրս է իրավապահ մարմինների կամ նույնիսկ քաղաքական ոլորտից. «Խոսքը գնում է զուտ մարդկային կողմով: Վանոյի վերադարձն այն չափորոշիչներից մեկն է, որով կարելի է գնահատական տալ այսօրվա Հայաստանին: Ես ճիշտն ասած, նույնիսկ մտածում էի, որ Սերժ Սարգսյանը այդ քայլին կարող էր նույնիսկ գնալ: Իմ կարծիքով՝ եթե չլիներ հետընտրական այս գործընթացները, չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը շտկեր այդ նախկին սխալները, որովհետեւ Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից դուրս մղման մեջ ոչ թե շահագրգռված էր, այլ իրականացնում էր որպես վրեժխնդրություն ընդամենը մեկ մարդ՝ դա Ռոբերտ Քոչարյանն էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930