Օրերս Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեկնաբանել է «Մանկական Եվրատեսիլին» իր դստեր՝ Անգելինա Գասպարյանի մասնակցության վերաբերյալ այն լուրերը, թե ոստիկանապետը ջանք չի խնայում, որպեսզի դուստրը եզրափակիչ փուլ անցնի: Իր մեկնաբանությունում ոստիկանապետն իր զավակին պաշտպանել է որպես իսկական սիրող եւ հոգատար հայր. «Այդ լուրերը տարածողները, ինչ-ինչ շահագրգռություններից կուրացած, չեն ուզում հասկանալ, որ խոսքը երեխաների մասին է: Երեխաների, հասկանո՞ւմ եք: Չի կարելի նրանց քաշել մեծական ու կեղտոտ խաղերի մեջ: Մանկությունը մի ժամանակ է, երբ ամեն ինչ սկսվում է, եւ ինչպես սկսվեց, այնպես էլ կգնա: Վատ սկսվեց, կեղծիքով, տգեղությամբ, ոչ մի լավ բան չսպասեք… Հաղթանակը որեւէ մեկի, թեկուզ հորդ հետ կիսելը կիսատություն է նշանակում: Ո՞ւմ է պետք կիսատ մարդը »:
Բայց պարոն ոստիկանապետից պակաս հոգատար եւ սիրող հայր չէ նաեւ ոստիկանությունից իր 2,5 միլիոն դրամ աշխատավարձը պահանջող նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որն ինչ միջոցի ասես, որ չդիմեց` ինքնահրկիզման փորձ, հացադուլ, նստացույց: Սակայն, ոստիկանությունը Ալումյանի հավելավճարներն այդպես էլ չվճարեց, պատճառաբանելով, թե գրանցամատյանները, որտեղ նշվել են նրա արտաժամյա աշխանքների օրերն ու ժամերը, անհետ կորել են:
Նախկին ոստիկանը դիմել է Aravot.am-ին`արձագանքելով Վովա Գասպարյանի` իր դստերը պաշտպանող խոսքերին:
«Պարոն ոստիկանապեստ, Դուք ասում եք` պետք չէ երեխային խառնել կեղտոտ խաղերի մեջ, ո՞ւմ է պետք կիսատ մարդը, կամ էլ` մանկությունից է ամեն ինչ սկսվում: Այդ դեպքում, իմ երեխաները երեխա չե՞ն, ինչո՞ւ է ոստիկանությունը իմ երեխաներին կիսատ մարդ սարքում: Աշխատավարձս պահանջելու համար իմ անչափահաս երեխաներն ինձ հետ նստացույցի էին գալիս: Այդպես է սկսել իրենց մանկությունը: Այսօր ոստիկանության պատճառով իմ երեխաները սոված փորով են քնում: Ինչո՞ւ է ոստիկանությունը իմ երեխաներին վատություն անում, թե՞ նրանք իմն են, դրա համար, այլ ոչ թե` ձերը: Ձեր երեխաները երեխա են, իմը` ո՞չ:
Կարդացեք նաև
Ոստիկանությունն իմ երեխաներին կիսատ մարդ է սարքել, իսկ դուք ասում եք` ո՞ւմ է պետք կիսատ մարդը: Ես էլ չեմ ուզում իմ աղջիկը կիսատ մարդ լինի: Այսօր նա վիրահատության կարիք ունի, բայց ոստիկանության անբարեխղճության պատճառով, որ հրաժարվում է իմ սեփական քրտինքով վաստակածը վճարել, ես չեմ կարող երեխայիս հիվանդանոց տանել. փող չունեմ:
Ես այսօր ծառայության եմ անցել ՀՀ բանակում ու որպես զինվոր` գլուխս բարձր եմ պահում, իսկ երեխաներիս մոտ`գլուխս կախում եմ: Ես ինչպե՞ս բացատրեմ նրանց, որ պապան փող չունի, որովհետեւ ՀՀ ոստիկանությունը խարդախություն է արել իմ գլխին: Հատուկ քննչական ծառայությունը ոնց որ թե «ջրեց» իմ գործը, իսկ Դուք չէք էլ փորձում խորանալ այդ գործի մեջ: Խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, գոնե ձեր իսկ երեխա բառը ասելով, հիշեք, որ մենք էլ երեխա ունենք, ու անաչառ քննություն անցկացրեք իմ գործով, ու վճարեք իմ հալալ աշխատավարձը: Կիսատ մի թողեք իմ երեխաներին: Ձեր որոշումից է կախված, թե ես, որպես ծնող եւ տղամարդ, ինչպես կնայեմ իմ երեխաների աչքերի մեջ»,-ասում է նախկին ոստիկան Մ. Ալումյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ