Մեր հանրապետության ամենահետաքրքիր ՏԻՄ ընտրությունները թերևս տեղի են ունեցել Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր ծայրամասային գյուղում` Բերդաշենում, որտեղ, ի դեպ, Գերմանիայի ու մեր կառավարության համաֆինանսավորմամբ, մի քանի տարի է` հանգստյան գոտի է կառուցվում` Արփա լճի ազգային պարկը, ու այդպես էլ ոչ մի տեղաշարժ չի նկատվում:Այս գյուղը առանձնահատուկ է նրանով, որ միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել հին ու նոր գյուղապետերը, որոնք երկու հզոր գերդաստանների ներկայացուցիչներ են :Ամբողջ գյուղը բաժանված է երկու ազգուտակի` Չապանյանների. նախկին գյուղապետ Սլավիկ Չապանյանի գերդաստանն է, և Ախցխեցյանների. ներկայիս գյուղապետ Համբարձում Ախցխեցյանի հարազատներն են: Փաստորեն այս երկու թեկնածուները նաև խնամիներ են, Չապանյանների աղջիկները Ախցխեցյանների հարսներն են, որոնք գյուղապետի ընտրությունների ժամանակ, հավատարիմ մնալով սկեսրանց գերդաստանին, իրենց ձայնը տվել են գործող գյուղապետ Համբարձում Ախցխեցյանին: Այստեղ, բնակիչների կատակելով, ընտրակաշառքը խոտով է եղել. «տուկով խոտ է բաժանվել, մեկ տուկի շուկայական արժեքն էլ` հազար չորս հարյուր դրամ է: Ինչևէ, մենք նախկին գյուղապետ , մասնագիտությամբ ֆինանսիստ Սլավիկ Չապանյանից հետաքրքրվեցինք, թե իր պարտությունը ինչո՞վ էր պայմանավորված, քիչ ազգուտակ ունենալո՞վ, որին ի պատասխան նա դժգոհեց, որ թեև երկուսի ազգուտակն էլ հավասար քանակությամբ են, սակայն այստեղ 22 հոգի քվեարկության են եկել հարևան Վրաստանի Նինոցմինդայի Փոկա գյուղից: Նշենք, որ այս գյուղում մեծամասամբ Ախալքալակի ժողովուրդն է վերաբնակվել, այն սահմանակից է Վրաստանին, և երկու թեկնածուներ էլ Նինոցմինդայից են: «Երկքաղաքացիություն ունեցողների հարցը ընտրություններում դառնում է շատ լուրջ, սա քննարկման թեմա պիտի դառնա, ժամանակավոր բնակիչը ինչո՞ւ պիտի գյուղի հարցերը լուծի, կամ ո՞վ է տեսել` մարդը հենց հաշվառում ստանա, իրավունք ունենա քվեարկելու , սա ի՞նչ բան է :Իհարկե, ես ինքս կարող էի Փոկա գյուղից մարդիկ բերեի իմ օգտին քվեարկելու, բայց ինձ նման բան թույլ չտվեցի», -ասաց նախկին գյուղապետը:Նշենք, որ այս գյուղում պաշտոնապես կա 236 ընտրող, գործող գյուղապետը ստացել է 87 ձայն, իսկ նախկին գյուղապետը` 61:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ