Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հարցեր են լուծում ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հասարակ քաղաքացիները

Սեպտեմբեր 19,2012 17:22

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում բացեց իր 67-րդ նստաշրջանը: Մեկ շաբաթվա աշխատանքներից հետո երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին նախատեսվում է ընդգրկուն և ներկայանալի կազմով քննարկում միջազգային իրավունքի և օրենքի գերակայության հարցով: Քննարկմանը ներկա կգտնվեն ինչպես ՄԱԿ-ի անդամ երկրների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկումների ընթացքում կմշակվեն մի շարք մեխանիզմներ՝ օրենքի կարգավորումը տարբեր երկրներում ուժեղացնելու և բարելավելու ուղղությամբ:

Իսկ արդեն սեպտեմբերի 25-ին տեղի կունենա տարեկան ամփոփիչ բանավեճ, որի ընթացքում Գլխավոր ասամբլեան կլսի անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների հայտարարությունները:

Aravot.am-ը հետևելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր քննարկումներին և այդ ընթացքում հնչած ելույթներին: Այժմ ներկայացնենք, թե հատկապես ինչ հարցեր կքննարկի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 24-ին:

Ըստ Գլխավոր ասամբլեայի A/RES/66/102 որոշման՝ նախատեսվում է մեկօրյա պլենար քննարկում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պլենար նիստի ընթացքում հանդես կգան իրենց ելույթներով՝ կապված օրենքի գերակայության և կարգավորման հարցերի շուրջ:

Նշենք նաև, որ մինչ պլենար քննարկումը ձևավորվել է տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մարմին, որը որպես խորհրդատվական մարմին հանդես կգա քննարկումների ընթացքում:

Քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 67-րդ նստաշրջանի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնելու օրենքի գերակայության ու կարգավորման, միջազգային իրավունքի հարցերին, ապա սեպտեմբերի 24-ին կայանալիք պլենար քննարկումը ոչ միայն հարթակ է լինելու տարբեր երկրների ներկայացուցիչների համար՝ բարձրաձայնել իրենց երկրում այս ոլորտներում գոյություն ունեցող խնդիրները, այլև պլենար քննարկումից հետո կկազմվի մի փաստաթուղթ Գլխավոր ասամբլեայի ղեկավարի և անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Փաստաթուղթը պարունակելու է հստակ առաջարկներ ու գործողություններ:

Տեղեկացնենք նաև, որ ՄԱԿ-ում օրենքի կարգավորման և միջազգային իրավունքի հարցերը որոշել են քննարկել ոչ միայն փողկապավոր դիվանագետների ու քաղաքական գործիչների ներկայությամբ, այլև մինչև հուլիսի 9-ը քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել անդամագրվել և մասնակցության հայտ ստանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օրենքի կարգավորման և միջազգային իրավունքին նվիրված քննարկմանը մասնակցելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930