Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թավջութակահար Սուրեն Բագրատունի. Կլասիկ երաժշտություն լսելիս ուղեղի աշխատանք է պետք

Սեպտեմբեր 19,2012 17:03

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի և հայտնի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ և նախագահի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված:

Թավջութակահար (ԱՄՆ) Սուրեն Բագրատունու խոսքով ծրագիրը հետաքրքիր է, ներկայացված են ոչ միայն հայ, այլև տարբեր մշակույթներից ու դպրոցներից ներկայացուցիչներ. «ԱՄՆ-ում ապրում, դասավանդում և կատարում եմ, եղել եմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում սա առաջին փորձն է: Ազատ ժամանակս քիչ է, դասավանդելուց շատ անգամ ինքս էլ եմ շատ բան սովորում»:

Ըստ բանախոսի հանդիսատեսը կատարողների հետ է ծերանում, կլասիկ երաժշտություն լսելիս ուղեղի աշխատանք է պետք, իսկ պատանիները կարծես անկարող են դա լսել: Նրա համոզմամբ Հայաստանում պետք չէ Արամ Խաչատրյան լսել, կոմպոզիտորին արտերկրում է հաճելի ունկնդրել:

Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և արդեն տեղի են ունեցել երեք փայլուն համերգներ՝ հռչակավոր շեփորահար Սերգեյ Նակարյակովի, Ալեքսանդր Չաուշյանի, Բորոդինի անվան լարային քառյակի մասնակցությամբ: Սեպտեմբերի 20-ին համերգը ազդարարում է փառատոնի երկրորդ շրջապտույտը:

Անկախության տոնին նվիրված հոբելյանական համերգին կհնչի կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի ստեղծագործություններից: Շառաֆյանը նշեց, որ երջանիկ է ու հուզված, քանի որ իր ստեղծագործությունը կկատարի Սուրեն Բագրատունին: Նրա խոսքով կոմպոզիտոր լինելը դժվար ճանապարհ է, ամեն պահ պետք է ապացուցել, որ արժանի ես այդ կոչմանը.

<«Ես չեմ նվագում, իմ գործն են նվագում, հուզմունքը կա, սակայն երբ քո գործն են նվագում, դա ավելի հուզիչ է: Առանց հուզմունքի կարծում եմ, որ երաժշտությունը չէր կարող լինել, իսկ համերգները՝ դրանք մեր կյանքի մի հատվածներն են»:

Հռչակավոր թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի պնդմամբ, երիտասարդները հետաքրքրություն ունեն դեպի արվեստը, և փառատոնի միտքն էլ այն է, որ հրավիրվեն լավագույն երաժիշտները աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի հայ ունկնդրին ծանոթացնեն իրենց հետ:

Անկախության տոնին նվիրված հոբելյանական համերգին կհնչեն Շոստակովիչ՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Վաչե Շառաֆյան՝ Լակրիմոսա՝ թավջութակի, երգչախմբի, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Գլազունով՝ Ջութակի կոնցերտ, Ռավել՝ Վալս: Որպես մենակատարներ հանդես կգան Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Պոլինա Լեշչենկոն (դաշնամուր, Բելգիա), Բորիս Բրովցինը (ջութակ, Մեծ Բրիտանիա), Արծվիկ Դեմուրչյան (սոպրանո, Հայաստան):

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930