«Եթե 2012 թվին հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 17.36%-է կազմել, որի մասին շատ է խոսվում, որ ստվերայնությունը չկրճատող միտում է, այս տարի այն կավելանա մոտ 21.4%-ի: Դա շնորհիվ նրա, որ մեզ մոտ նոր հարկատեսակ է գործելու`«Եկամտային հարկի մասին օրենքը», սա եկամտահարկի եւ սոցապահովության վճարների համակցված հարկումն է:
Այստեղ ստվերային տնտեսության կրճատումը ավելի շատ կգնա եւ շարքային քաղաքացիների վրա կծանրանա»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ եկող տարվանից ուժի մեջ մտնող հարկատեսակի մասին:
Պարոն Սաֆարյանի խոսքերով` այս հարկատեսակով սոցվճարներն ամբողջությամբ թողնվում է աշխատողի վրա, սակայն կառավարությունը պետք է հորդորի գործատուներին, որպեսզի վերջիններս իրենց հին աշխատողներին չկրճատեն:
Կարդացեք նաև
Իսկ հին աշխատող չունենալու պարագայում, ըստ Վազգեն Սաֆարյանի, սոցվճարները չեն ավելացվի աշխատավարձին, որպեսզի աշխատողը չտուժի: Սակայն, պարոն Սաֆարյանը նշեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կան կետեր, որոնցով թույլատրվում է որոշակի հանգամանքներում աշխատակիցներին ազատել աշխատանքից:
Ըստ միության նախագահի. «Այսինքն`եթե 120 հազար դրամ աշխատավարձ է ստանում, գործատուն պետք է 19 հազարով ավելացնի, որ աշխատավարձի խնդրում չտուժի: Ամեն մի գործատու չէ, որ բարեխիղճ կլինի եւ ամեն մի աշխատող չէ, որ իր իրավունքները կկարողանա պաշտպանել»:
Պարոն Սաֆարյանի կարծիքով, նոր հարկատեսակը կոսմետիկ շղարշող փոփոխություն է, որով մեր կառավարությունը փորձում է ցույց տալ, իբր թե եկամտային հարկի մասնաբաժինը ընդհանուր հարկային փաթեթում. «Փորձել են ինչ-որ չափով աստիճանաբար մեծացնել ուղղակի հարկերի մասնաբաժինը ընդհանուր հարկային փաթեթում: Մեզ մոտ ուղղակի հարկերը` շահութահարկը եւ եկամտահարկը միասին, 28-29 %-ից չեն անցնում, այս պարագայում, եկամտային հարկը այս ստրուկտուրան էապես կփոխի: Անուղղակի հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կբարձրանա: Բայց պետք էր դա անել այլ ճանապարհով, ստեղծել մասսայական աշխատատեղեր, բարձր աշխատավարձեր տալ, որպեսզի եկամտահարկ շատ հավաքվեր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ