Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խմբագրի եւ նրա ամուսնու սպանությունից հետո խմբագրությունում տեսել են կասկածյալին

Սեպտեմբեր 19,2012 16:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց հայր եւ որդի Վաղարշակ եւ Հակոբ Աբաջյանների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Նրանք մեղադրվում են «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության համար:

Այս դատական նիստերը ընթանում են միշտ լարված, թե տուժող կողմը, թե վկաները, թե ամբաստանյալի հարազատները բավական զգայուն են, երբ տեսնում են դատական նիստերի դահլիճում որեւէ լրատվամիջոցի:

Այսօր, մինչ դատը կսկսվեր, երբ նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալները, սպանվածի տարեց մայրը, հարազատները փորձեցին մոտենալ ամբաստանյալներին: Դատական կարգադրիչները փորձեցին հանգստացնել նրանց, իսկ երբ տեսան, որ անհուսալի է վիճակը դառնում, դուրս հանեցին Յուրայի մորը:

Այդ ընթացքում, երբ փորձում էինք լուսանկարել, հիմա էլ ամբաստանյալների հարազատներից մի կին խանգարեց՝ ասելով, թե իրավունք չունենք լուսանկարել, անգամ դիմեց իր պաշտպաններին՝ Նարինե եւ Ռուբեն Ռշտունիներին: Ինչեէ, մի կադր հաջողվեց: Հետագայում այդ կինը փորձեց տուժող Արմենուհի Ստեփանյանին ստախոսության մեջ մեղադրել, ու հեռացվեց դահլիճից առհասարակ:

Մինչ տուժող Արմենուհի Ստեփանյանի ցուցմունքը, հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Փաստորեն, լրագրողը 5 անգամ ցուցմունք է տվել, ինչը, ըստ ամբաստանյալների պաշտպանների, էական հակասություններ ունի դատաքննության ժամանակ տրված ցուցմունքների հետ:

Տուժող Արմենուհի Ստեփանյանն ասել էր, որ 12 000 դոլար գումար է տվել սպանված Ալվարդ Աբրահամյանին: Վերջինը խոստացել էր իր ծանոթ, ամբաստանյալ, «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի միջոցով լուծել իր բնակարանի հարցը, քանի որ մինչ օրս բնակվում է վարձով եւ տուն չունի:

Տուժողը մեկ ասել էր, թե 8000 է տվել, հետո՝ 2000, ապա 2000-ն էլ տվել էր Վաղարշակին, սակայն այն մինչեւ վերջ չկարողացավ հիմնավորել:

Նա ասաց, որ վերջին անգամ Ալվարդի հետ հանդիպել է անցյալ տարվա օգոստոսի 31-ին, ժ.18-ի սահմաններում:

Ուշագրավ էր, որ տուժողն ասաց, թե սեպտեմբերի 1-ին իրենց խմբագիր Ալվարդ Աբրահամյանի աշխատասենյակում (Արշակունյաց 2, 13-րդ հարկ) տեսել էր Վաղարշակին, հետո զարմացել էր ու հասկացել, որ նա եկել էր հետքերը մաքրելու:

Նա ասաց, որ Ալվարդի աշխատասենյակի բանալին ուներ լրագրող Սուրեն Գեղամյանը եւ Ալվարդը, ուրիշ ոչ ոք:

Ի դեպ, ըստ պաշտոնական վարկածի, օգոստոսի 31-ին, ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրապյանի վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրապյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրապյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրապյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930