Փոստային բեռնափոխադրումներ իրականացնող «DHL Exspress» համաշխարհային կազմակերպությունը նշում է իր հայաստանյան գործունեության 20-ամյակը: Այս առնչությամբ, այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում իրենց գործունեության մասին: ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի «DHL Exspress»-ի գործադիր տնօրեն Ադրիան Մարլեյը վստահեցրեց, որ Հայաստանում իրենց մատուցած ծառայությունները համապատասխանում է «DHL» բրենդի` ամբողջ աշխարհին հայտնի որակին: Նրա ներկայացմամբ, չնայած Եվրոպայում որոշ տնտեսական դժվարություններ կան` կապված զուտ ժամանակի տնտեսական խնդիրների հետ, այդուհանդերձ իրենց գործունեությունն ամբողջ աշխարհում շարունակում է ծաղկել:
«Յումակս» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցիչ Միխաիլ Յուխանանն էլ հավելեց, որ 20 տարիների գործունեության ընթացքում արձանագրել են մեծ հաջողություններ, եթե 1992 թ.-ին իրենց գործունեության սկզբում 1 աշխատող կար, ապա այսօր նրանց թիվը հասել է 40-ի: Մ. Յուխանանն ասաց, որ իրենց ընկերությունը Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ցուցակում է է, վերջին 3 տարիներին էլ, նույնիսկ ճգնաժամի պայմաններում 10-15 տոկոսով աճ են արձանագրել: Նրա խոսքերով, Հայաստանից առավելապես ուղեւորափոխադրումներ իրականացվում են այն ուղղություններով, որոնցում կա մեծ հայկական սփյուռք, օրինակ` ամենաակտիվը Ռուսաստանն է, հետո` ԱՄՆ-ն եւ Եվրոպական երկրները:
Գնային քաղաքականության մասին էլ Մարլեյն ասաց, որ դրանք պայմանավորված են շուկայի ընդհանուր գներով. «Մեր ծառայությունը կապված է օդային երթուղիների աշխատանքի հետ, վերջերս նավթի գները համաշխարհային շուկայում աճում են, իսկ դա չի կարող ազդեցություն չունենալ մեր գնացուցակի վրա: Նա նաեւ անդրադարձավ ծառայությունների հնարավոր խափանումներին եւ բեռների ուշացումներին, նշելով, որ ցանկացած բիզնեսում երբեմն կարող են ձախողումներ լինել: Ըստ նրա, լավ բիզնեսի չափորոշիչն այն է, թե եղած բարդություններին ինչպես է ընկերությունն արձագանքում, սա նաեւ շատ կարեւոր է հաճախորդին պահելու համար:
Յուխանանն էլ ավելացրեց, որ իրենք ապահովագրական շուկայում դեռ չեն գտնում մի ընկերություն, որը կապահովագրի «DHL Exspress»-ի ծառայությունները: Նա հավատացրեց, որ իրենց ծառայությունը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ` եղանակային փոփոխություններից, եթե այդ ամենը չի լինում, փաստաթղթային փոխադրումների 95-96 % Հայաստան են հասնում 2 օրում. «Մենք ունենք կայաններ ամբողջ աշխարհում, որտեղ աշխատում են մարդիկ, տեխնիկա: Լինում են դեպքեր, երբ մարդը մի քիչ ուշադիր չէ, սակայն 20 տարվա ընթացում քիչ բողոքներ են եղել: Բացի այդ, գողեր կան ամենուր, անկախ երկրից: Ի դեպ, 20-ամյակի շրջանակներում ակցիաներ կամ զեղչեր չեն սպասվում, իսկ ահա 20 ամենախոշոր հաճախորդները հրավիրված են ճաշկերույթի»:
Արմինե ՀՈՎՀԱՆՆՒՍՅԱՆ