Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ ԵՄ անդամներ. «Ձեւավորվում է կոնսենսուս՝ մինուս ՀՀԿ եւ իր կույրաղիք ՕԵԿ ձեւաչափով»

Սեպտեմբեր 19,2012 15:29

ՀՀՇ երիտասարդական միությունը ՀԱԿ ակտիվիստների ակցիաների ժամանակ հայտարարել էր, որ դիմելու է մյուս երիտթեւերին՝ կոչ անելով իրենց վերաբերմունքը արտահայտել ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրգործի հետ կապված: Այս տարվա փետրվարին Ծաղկաձորում հրավիրած սեմինարին բոլոր կուսակցությունների երիտթեւերը հռչակագիր են ստորագրել, որով ստանձնել են նաեւ քաղաքական հետապնդումների դեպքում համապատասխան վերաբերմունքի արտահայտում:

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամները տեղեկացրեցին, որ նաեւ նամակներով են դիմել կուսակցությունների երիտթեւերին՝ պարզելու, թե ով է դատապարտում այն: ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանի խոսքերով՝ «ՀՀԿ-ի երիտթեւը չի պատասխանել նամակով, նույնիսկ դիրքորոշում չի հայտնել: Սա համարում ենք քաղաքական էթիկայի կանոնների կոպիտ խախտում: ՕԵԿ-ից ստացել ենք նամակ, թե ծանրակշիռ փաստարկներ եւ հիմնավորումներ չունենալու պատճառով ՕԵԿ-ը չի միանում ՀԱԿ ակտիվիստների պայքարին: Մենք երկար ժամանակ չէինք հասկանում՝ իրավապաշտպան գրասենյակի հե՞տ գործ ունենք, թե՞ քաղաքական մարմնի երիտթեւի: Կարծես իրավապաշտպանական գրասենյակի զեկույց լիներ: Իրենց փորձերը, որ անընդհատ փորձում են հարցը տեղափոխել իրավական դաշտ՝ փորձ է խուսափելու քաղաքական դիրքորոշում արտահայտելուց, խուսափում են պատասխանատվությունից: Նրանք ստորագրել էին փետրվարյան հայտարարությունը, պարտավոր էին միանալ»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ պատիժ է սահմանվում՝ այդ հռչակագիր-հայտարարությունը խախտելու համար՝ նա պատասխանեց. «Որեւէ իրավական պատասխանատվություն չկա, արձանագրում ենք, որ քաղաքական ուժը տեր չի կանգնել իր խոստմանը»:

«Ժառանգության» երիտթեւից նշել են, որ արդարադատության մեջ քաղաքական ասպեկտը պետք է բացառվի: Այդ թեւի համար մեծ ցավ է, որ ընդդիմադիրի ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման:

«Ազատ դեմոկրատներից» ի պատասխան կոչ են արել պատկան մարմիններին արդար եւ անկողմնակալ դատավարություն իրականացնել՝ բացառելով քաղաքական կողմնակալությունը:

ԲՀԿ երիտթեւը պատասխան նամակում նշել է՝ «ՀՀ-ում որեւէ քաղաքացի չի կարող եւ չպետք է հետապնդվի քաղաքական հայացքների համար»:

ՀՅԴ-ից «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը եւ Դաշնակցության երիտթեւը հայտնել են, որ երիտասարդների նկատմամբ ներկայացված պատժաչափը ակնհայտ անհամաչափ է արած արարքին: Նրանք պատրաստակամություն են հայտնել համատեղել իրենց ջանքերը՝ արդար, իրավաչափ պետության կերտման գործում:

Արշակ Մուսախանյանի խոսքերով՝ «Արձանագրում ենք, որ ընդդիմադիր բոլոր ուժերի երիտթեւերը ՀԱԿ-ի երիտասարդների կողքին են, դատապարտում են տեղի ունեցած անարդարությունը: ՀՀ ներքին քաղաքական զարգացումները նաեւ արտացոլվում են երիտթեւերի դիրքորոշման վրա: Փաստորեն ձեւավորվում է կոնսենսուս՝ մինուս ՀՀԿ եւ իր կույրաղիք ՕԵԿ ձեւաչափով, որը ցիտել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, մենք նույնպես կիսում ենք դա»: Նա նշեց, որ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի երիտթեւերի հետ այլեւս որեւէ հետագա համագործակցություն չեն տեսնում. «Այն քաղաքական ուժերի երիտթեւերը, որոնք իրենց ընդունած սկզբունքներին տեր չեն կարող կանգնել, մենք նրանց հետ հետագա համագործակցություն չենք տեսնում: Պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունը ՀՅԴ, «Ժառանգության», ԲՀԿ-ի երիտթեւերի հետ»:

Մեր հարցին՝ Ձեզ բավարարո՞ւմ է ԲՀԿ-ի երիտթեւի այդքան ընդհանրական պատասխանը՝ Արշակ Մուսախանյանը պատասխանեց, որ եթե կարդանք իրենց ուղարկած նամակը, այդ պատասխանը լրիվ նորմալ է:

ՀՀՇ գործադիր խորհրդի անդամ Բաբկեն Ուռուտյանի խոսքերով՝ «Մենք արդեն 5 տարի տեսել ենք քաղբանտարկյալներ, թող իրենց քայլերով չվախեցնեն իշխանությունները մեզ»:

ՀՀՇ անդամները տեղեկացրին, որ ուրբաթօրյա պիկետները շարունակվելու են: Տեղի են ունենալու ավելի մեծ մասշտաբի ակցիաներ էլ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930