Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Էմին Տերյան. Եթե մեր քաղաքական գործիչները Տերյան կարդան, բարի մտքեր կունենան եւ կսիրեն ժողովրդին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2012 15:24

Այսօր «Էրեբունի Պլազայում» տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի աջակցությամբ հրատարակված «Վահան Տերյան. Ընտիրը» ժողովածուի շնորհանդեսը:

Հազար օրինակով տպագրված գրքի օրինակների մի մասը կտրամադրվի Երեւանի եւ մարզային դպրոցներին, Արցախի գրադարաններին եւ բանասիրական ֆակուլտետներ ունեցող բուհերին:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը ելույթի խոսքում ասաց, որ Տերյանի գործերը քիչ են հրատարակվել. «Նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ ընթերցողի սեղանին դնելով մեր գրականության հսկաների ստեղծագործությունները: Կարապետյանները կարեւորում են համազգային արժեքների փոխանցումը սերունդներին եւ վերջիններիս դաստիարակումն այդ արժեքներով, այդ թվում՝ գրականության միջոցով: Կարեւոր է, որ հատկապես երիտասարդները ծանոթ լինեն մեր գրականության շքեղ ստեղծագործություններին»: Ճաղարյանը հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է տպագրել Տերյանի գործերի նոր ժողովածու:

Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ Տերյանը մեր բացառիկ դասականներից է. «Նոր ժողովածուն լույս է տեսել առանց միջամտությունների եւ ընդգրկում է հրաշալի հատված Հրանտ Մաթեւոսյանից: Նա յուրահատուկ կերպով է վերլուծում Տերյանին, ով նոր մոտեցում մտցրեց գրականության եւ մշակույթի մեջ: Կուզենայի, որ մեր մյուս դասականների ստեղծագործությունները նույնպես դրվեն շրջանառության մեջ»:

«Վահան Տերյան. Ընտիրը» ժողովածուի խմբագիր, Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը աստվածային համարեց այն իրողությունը, որ հայ ժողովուրդն ունի Տերյանի պես բանաստեղծ. «Ժողովածուն մեծ համակրանքի արժանացավ: Հուլիսի նախավերջին կիրակի օրը այն հասել է Ջավախք: Ժողովածուն մատչելի է. ճիշտ է, տերյանագիտության մեծ հայտնագործություն չենք արել, բայց աստվածահաճո գործ է կատարվել»:

Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին Տերյանը փաստեց, որ առանց միջամտությունների վերահրատարակվող ժողովածուները վկայում են Տերյանի ստեղծագործությունների արդիականության մասին. «Վերեւներից հրամայողներ չկան, քանի որ այդ գործերը ժողովրդի սերն են արտահայտում: Մեր գրքերը թանկ են վաճառվում, բայց արագ սպառվում են, քանի որ ժողովուրդն իսկապես սիրում է Վահան Տերյանին: Հույս ունեմ, որ Տերյանի ձեռագրերը նույնպես կհրատարակվեն, քանի որ առանց դրանց ամբողջական չեն ակադեմիական հրատարակությունները»:

Գրիգոր Էմին Տերյանի խոսքով՝ եթե քնելուց առաջ կարդանք Տերյան, մեր առողջությունը եւ լեզուն կլավանան. «Իսկ եթե քաղաքական գործիչները կարդան Տերյան, բարի մտքեր կունենան եւ կսիրեն մեր ժողովրդին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930