Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերություններին, վերջերս տեղի ունեցած դեպքերին, ասաց, որ պատմությունը կրկնվում է: Պատմական ակնարկ կատարելուց հետո Շիրինյանը նշեց, թե մենք անհուսալի դաշնակիցներ ունենք: «Գերմանացիները, հունգարացիներն ու թուրքերն իրար հետ են, կոորդինատները շատ չենք փոխել: Այս իրականության մեջ մենք մխրճվում ենք մի խաղի մեջ, որը զգուշանալու, չվախենալու, պետական աշխատանքի անհրաժեշտություն ունի: Մենք ինֆորմացիայի աղբյուրների ճշգրտման կարիք ունենք, որովհետեւ չստուգված ինֆորմացիաները հետախուզությունների համար կարեւոր դեր են խաղում»,- ասաց Շիրինյանը՝ նկատի ունենալով Սաֆարովի արտահանձնման դիմաց Հունգարիային տրված 3 միլիարդը:
Բանախոսի ձեւակերպմամբ՝ մենք մի բան ունենք, որից պետք է զգուշանալ: Ըստ նրա՝ որպես ժողովուրդ հուզական ենք, մեր մշակութային «կոդը» շատերին է հայտնի, մեր արժեքային համակարգը նույնպես, եւ այն կենտրոնները, որոնք կառավարում են փոքր պետությունները, շատ արագ ու հեշտ պլանավորում են նաեւ Հայաստանի գործողությունները. «Եթե մի քիչ խորամանկ ու սառը լինեինք, մի քիչ էլ դերասանություն անեինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Հունգարական իրադարձությունների համատեքստում Ջինը բաց է թողնվել շշից հենց այն պահին, երբ այն ինչ- որ հետախուզության համար պետք է եղել: Ես վստահ եմ՝ դա կառավարվում է: Հայկական կողմը լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, թե Հունգարիային 3 միլիարդ է տրվել. որտեղից մեզ այդ ինֆորմացիան, չէ՞ որ մենք այդ գումարի կտրոնը չենք տեսել: Պետք է սառը գործել, որովհետեւ սառը գործող ժողովրդին մատների վրա չեն խաղացնում»:
Շիրինյանը նշում է՝ մենք հստակ ինֆորմացիա չունենք Ադրբեջան-Հունգարիա գործարքի մասին, բայց տրամաբանություն ունենք .«Այստեղ գործը գնում է Պարսկաստան- Ռուսաստան բլոկի դեմ, որտեղ Հայաստանը դիտվում է նրանց դաշնակիցը, այսինքն՝ մենք ուրիշ ընտրություն էլ չունենք: Ես չեմ հավատում որ հունգարացիները 3 միլիարդի համար նման բան կսարքեին, ես մեխանիզմները լավ եմ պատկերացնում: Ամերիկացիների վերահսկողությամբ աշխարհում ՆԱՏՕ-ի անդամ, եվրակառույցներին անդամագրված Հունգարիան մի հիվանդ վարչապետ է ունենում, որը հիվանդ որոշում է կայացնո՞ւմ, սա բացառվում է: Հնարավոր է՝ Հունգարիային պարտադրել են, քանի որ նա ՆԱՏՕ-ի երկիր է, հետեւաբար «պապան» ականջները կքաշեր, եթե սխալվեր: Հունգարիան Ֆրանսիա չէ, որ կարողանա միջուկային ծրագրերից դուրս գալ… Ահա այստեղ քայլ է արվում: Իսկ եթե այսպես չի, ուրեմն վաղուց վարչապետը, արտգործնախարարը պաշտոնանկ արված կլինեին: Հունգարիան դասական պետություն է, Հայաստան չէ, որ արտգործնախարարը Ֆիլիպիններում ֆռֆռա, երբ ազգային անվտանգության հարց է լուծվում: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, ապա ես հետեւյալ կարծիքին եմ՝ հերթական կոկորդիլոսի արցունքներն են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ