Մեզ հասած բազմաթիվ դժգոհությունների համաձայն, արդեն երրորդ ամիսն է` Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, երաժշտական դպրոցների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել:
Ավելին, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ահռելի գումարների պարտքեր ունի այն բոլոր կազմակերպություններին, որոնց այս կամ այն գործը անելու համար պատվերներ է տվել: Օրինակ `այդպիսիներից մեկը Արամ Ադամյանին պատկանող Ախուրյանի հզոր շինկազմակերպությունն է, որի որդին` ավագանու ցուցակի առաջին հորիզոնականը գլխավորող Արտակ Ադամյանը, ըստ շրջանառվող լուրերի, հարկադրված ավագանու անդամ է դարձել` հոր պարտքերը հետ վերադարձնելու ակնկալիքով:
Իսկ որ ամենազավեշտականն է, քաղաքապետ Ղուկասյանը պարտքեր ունի նաև իր հարազատ որդուն` Սպարտակին, որը վերջին շրջանում դարձել էր քաղաքի գլխավոր «ասֆալտչիկներից» մեկը, հայրը պատվեր էր տալիս որդուն, վերջինս էլ սիրահոժար ընդունում էր ու փողոցները կարկատան անում: Ըստ մարզպետարանի որոշ պաշտոնյաների, նա որդուն պարտք է մոտ 450 միլիոն դրամ: Իսկ որպես ընդհանուր պարտքի չափ` շեշտվում է 2 միլիարդ դրամը, նույնիսկ ասում են, թե քաղաքապետը թղթի պարտք ունի:
Aravot.am-ն այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է, արդյոք, ստանձնել նախորդ քաղաքապետի պարտքերը, որին ի պատասխան՝ պարոն Բալասանյանն ասաց. «Նախ՝ ընդունում-հանձնում պետք է տեղի ունենա, կարգն է այդպիսին, համապատասխան ակտ պետք է կազմվի, եթե պարտքերը լինեն իրատեսական, ես իրավահաջորդ եմ, հնարավոր է և ստանձնեմ, դրա համար աուդիտները, ֆինանսների նախարարության հանձնախումբը ստուգումներ կանցկացնի բյուջեի հետ կապված, ու կորոշվի՝ պարտքերը իրատեսակա՞ն են, թե՞ ոչ»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ