Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գյուղատնտեսները չեն հավատում գյուղացիական միավորումներին` դրանք համեմատելով «կոլխոզ-սովխոզների» հետ

Սեպտեմբեր 19,2012 14:58

Այսօր հայ գյուղատնտեսները Եվրամիության փորձագետներից  հետաքրքրվեցին, թե էներգակիրների թանկացման հետեւանքով գյուղացու կորցրած եկամուտների հարցը Եվրամիությունն ինչպե՞ս է լուծում, արդյոք եվրոպացի գյուղատնտեսը փոխհատուցվո՞ւմ է կորցրածի համար կամ գյուղացիական խոշոր տնտեսություններ, միավորումներ ստեղծելն ի՞նչ կտա հայ գյուղացուն: Եվրամիության փորձագետները Հայաստան էին ժամանել «ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում» համաժողովին իրենց փորձը ներկայացնելու: Միջոցառումը տեղի ունեցավ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, որին մասնակցում էին մեր երկրի տասնյակ գյուղատնտեսներ:

Ռումինացի մասնագետ Անդրեա Ագրիգորոեի խոսքերով, համաեվրոպական կանոններով փոխհատուցելու սխեմա չկա, որպեսզի չստեղծվի անհավասար մրցակցային պայմաններ այլ երկրների համար:

Պարոն Կահելի Ռեյջոն, որը Ֆինլանդիայի ներկայացուցիչն էր, ասաց, որ նախկինում վառելիքի բարձրացման դիմաց հողագործները սուբսիդիաներ ստացել են, սակայն երբեմն այդ գումարները ֆերմերները ծառայեցրել են այլ նպատակների համար: Տիկին Անդրեան հայ գյուղատնտեսներին խորհուրդ տվեց 1000 հեկտարից մեծ գյուղացիական միավորումներ չստեղծել, ինչպես որ Ռումինիան է արել, քանի որ շատ մեծն էլ իր բացասական կողմերն ունի:
Հայ գյուղատնտեսներից մեկը նկատեց, որ ժամանակին հացահատիկային կուլտուրաների նպատակով օգտագործվող վարելահողերում այժմ վառելիքի նյութեր են աճեցվում, ինչի պատճառով էլ աշխարհում հացահատիկի պակաս կա եւ դրանից էլ գները բարձրանում են: Եվրամիության ներկայացուցիչը պատասխանեց, որ Եվրամիությունն էլ այսօր չի կարողանում լուծել այդ հարցը. «Կարեւոր խնդիր է դա այսօր: Այդ թանկացումներով պայմանավորված է նաեւ սննդամթերքի գների բարձրացումը եւ ի տարբերություն ամերիկյան կառավարության, Եվրամիությունը չի խրախուսում վարելահողերը այդ նպատակով օգտագործելը»:

Aravot.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսական խորհրդատվական պետական ծառայության գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի տնօրեն Ջիվան Ասլանյանը, որը գործունեություն է ծավալում Շիրակի մարզում, ասաց, որ այսօր գյուղացու թիվ մեկ խնդիրը «շրջանառու միջոցների բացակայությունն է»: Ըստ նրա, գյուղացիներից շատերը մենատնտեսներ են եւ ոչ մի կերպ չեն համակերպվում կոոպերատիվներ մտնելու գաղափարին, իսկ միայնակ վարել-ցանելն էլ արդյունք չի տալիս եւ այն ծախսված միջոցները, որոնք ներդրվել են ողջ տարին` չեն արդարացվում. «Մինչեւ հողերի խոշորացում չլինի արդյունքը լավ չի լինի: Միավորված խոշոր տնտեսությունը շատ ավելի լավ եկամուտ կբերի, քան առանձին առանձինը»:

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը նույնպես կարծիք հայտնեց, որ այսօր գյուղացու ամենամեծ խնդիրը ռեսուրսների բացակայությունն է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը, սակայն վստահեցրեց, որ ՀՀ-ում արդեն 47 կոոպերատիվ ստեղծվել է: Չնայած, դրան հասնելը մեր երկրի պարագայում այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինչպես փոխնախարարն է ասում, գյուղացիներից շատերը այդ խոշորացումը նմանեցնում են նախկին «կոլխոզ-սովխոզների» հետ եւ խորհրդային տարիների դառը փորձն աչի առաջ ունենալով` երբեմն հրաժարվում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930