Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով:
Խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների գծով կատարված փոփոխություններից՝ նախարարը նշեց, որ դրանք նպաստել են ընդունելության քննությունների օբյեկտիվությանն ու թափանցիկությանը. «Այս ընդունելության քննությունների վերաբերյալ մամուլում չեմ ընթերցել սուր քննադատություններ: Փոփոխությունների արդյունքում նվազել է կրկնուսույցների պահանջարկը, քանի որ քննությունների հանձնման շտեմարանային մեթոդը կանխատեսելի դարձրեց քննությունների արդյունքները: Ծնողները չէին հավատում, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն համոզվեցին դրանում: Գրանցված հաջողություննեըը ցույց տվեցին, որ ընդունելության քննությունները կարող են անցնել նվազագույն կոռուպցիոն ռիսկերով»:
Աշոտյանը հավելեց, որ այս քննությունների ընթացքում ուսանողներն ունեին պաշտպանվածության զգացողություն. «Նրանց հնարավորություն տրվեց բողոքարկել քննությունների արդյունքները՝ այդպիսով հեշտացնելով պաշտպանվածության մեխանիզմը: Իսկ քննությունների ընթացքի ձայնագրումը եւ տեսագրումը հիմք էին հանդիսանում բողոքարկումների համար: Բացի այդ, վերանայվել է հարյուր իրավական ակտ՝ խնդիրները լուծելու նպատակով»:
Ա. Աշոտյանը փաստեց, որ բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազումը տեղի է ունենում դանդաղ տեմպերով. «Դեռեւս կա ուսանողների մի հատված, որը շահագրգիռ է կոռուպցիոն մեխանիզմների առկայության գործում: Քանի դեռ ուսանողը չի կանգնում մեր կողքին եւ չի պայքարում որակյալ կրթություն ստանալու համար, կոռուպցիոն ռիսկերը դժվար են արմատախիլ լինում: Դիմում եմ բոլոր ուսանողներին՝օգնեք մեզ, եւ ես երաշխավորում եմ նախարարության լիակատար աջակցությունը՝ արդարության վերականգնման հարցում: Մեզանում առկա են քաղաքացիական գիտակցության շնորհիվ օբյեկտիվության վերականգնման բազմաթիվ օրինակներ»:
Կարդացեք նաև
Աշոտյանը նաեւ ներկայացրեց Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում հրապարակված տվյալները՝ Հայաստանի կրթական համակարգի վերաբերյալ. «Այս տարվա զեկույցում մեր ցուցանիշները դրական են վերջին վեց տարիների համար:
Ընդհանուր առմամբ, ցուցանիշների աճ է գրանցվել ութ կետով, այդ թվում՝ տարրական կրթական համակարգում, իսկ բարձրագույն կրթական համակարգում ցուցանիշը լավագույնն է: Հետընթաց է գրանցվել երկու ենթակետով, մասնավորապես՝ նախորդ տարում բարձրագույն կրթական համակարգում ուսանողների ներգրավվածության մասով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ