Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոփոխություններ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում

Սեպտեմբեր 19,2012 14:33

Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար:

Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա, քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում: Քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում է ընդունվում նաեւ վարորդական վկայականի փոխանակման, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու դեպքում:

Ավտոմոբիլով գործնական քննությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Բացի վերոնշյալից, որակավորման քննություններին մասնակցելուց առաջ քաղաքացու տվյալները համեմատվում են հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ, եւ եթե առկա է համընկնում, ապա արգելվում է մասնակցել քննություններին:

Կառավորության որոշման նոր նախագծի համաձայն, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին:

Վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննությունը:

Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում:

Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել մեկ փուլով` միայն ավտոդրոմում (ավտոհրապարակում), իսկ մինչեւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Նախագծով վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաեւ տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին:

Բացի այդ, նախագծով հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը եւ փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ:

Այս որոշմամբ, փաստորեն կվերանան քաղաքացու կողմից գրավոր դիմում ներկայացնելու, գործնական քննությունը երկու փուլով անցկացնելու, քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում կայացնելու եւ քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու գործընթացները, պարզեցնելով եւ թափանցիկ դարձնելով վարորդական իրավունքի վկայական ստանալու ամբողջ գործընթացը:.

rea.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930