Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով:
Նախարարն արձանագրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով 2011թ.-ից մեկնարկած հահակոռուպցիոն երկամյա ծրագիրն ի կատար է ածվել արդեն 75 տոկոսով: Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ավարտին մնացել է երեք ամիս, գրանցվել են շոշափելի արդյունքներ:
Մասնագիտական կրթական հաստատությունների վերաբերյալ Արմեն Աշոտյանն ասաց, որ ընդունելության քննությունները «վերացնելու» արդյունքում երիտասարդներն անարգել են ընդունվում քոլեջներ եւ ուսումնարաններ. «Ընդունելության քննությունների հարցազրուցային տարբերակը պահպանվել է միայն նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթական հաստատություններում: Մյուս տեղերում ընդունելությունն իրականացվում է ատեստատի միջին գնահատականին համապատասխան: Ոլորտում նվազել են կոռուպցիոն ռիսկերը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դպրոցական համակարգին՝ ԿԳ նախարարն ասաց, որ շարունակում են խնդիրներ առաջացնել հիմնականում ծնողական խորհուրդների կազմակերպած դրամահավաքները. «Դրանք չենք դիտվում որպես կոռուպցիոն դրսեւորումներ, քանի որ մեծամասնությունն ուղղված է դպրոցի գույքային եւ տնտեսական խնդիրների լուծմանը: Բայց այլ խնդիր է, եթե դրամահավաքները տեղի են ունենում տնօրենների կամ ծնողների շահադիտական նպատակներից ելնելով: Ծնողների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիական գիտակցության խնդիրը»: Դպրոցական համակարգի մյուս խնդիրը ուսուցիչների աշխատանքի ընդունելության հարցն է. «Ընդունելության մրցութային կարգը գործում է մեկ ու կես տարի եւ այս ընթացքում բախվել է հին մարդկանց դիմակայությանը: Մրցույթները որոշ դեպքերում անթերի են անցնում, սակայն իրացման փուլում առկա են շահագրգիռ ընտրություններ»,-հավելեց նախարարը:
Աշոտյանի խոսքով, ԿԳ նախարարությունը դիտվում է որպես կրթական ոլորտի միակ պատասխանատու, սակայն դպրոցների մի մասը գտնվում է մարզպետարանների ենթակայության ներքո. «Ապակենտրոնացված կառավարման այդ մոդելը խոչընդոտում է փոփոխությունների իրականացմանը, հետեւաբար՝ առաջիկա տարիների համար պետք է ներդնել կենտրոնացված կառավարման համակարգը: Չեմ ասի, թե ԿԳ ենթակայության դպրոցները գտնվում են խիստ բարվոք վիճակում, բայց իրավական առումով դրանք գերազանցում են ԿԳ ենթակայությունից դուրս գտնվող դպրոցներին: Մարզային դպրոցների խախտումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում գլխավորապես Արմավիրից, Արագածոտնից եւ Կոտայքից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ