Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո

Սեպտեմբեր 19,2012 14:22

 Սարմեն Ղահրամանյան

Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին:

«Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ հա¬մար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։

                                                                                                             Մ. Գալշոյան

«Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։

                                                                                                                  Դյուամել

 

Ուսանողական, տեխնիկումում հեռակա սովորելու տարիներին, հյուրանոցի, որտեղ իջեւանում էր, հարկերից մեկի հերթապահին էր սիրահարվել Բորիկը։ Մի կաղլիկ-չաղլիկ, լուսերես-բարեհոգի ու լավ տվյալ¬ներով-գեղեցիկ կնոջ, ով սովորեցնող ու փորձված-ազատ-անարգելք սիրուց ազատ ժամանակ, արդեն մոր-մեծավարի խնամք էր դնում նրա նկատմամբ։ Ու Բորիկը չէր կարողանում կտրվել էդ կնոջից ու էդ տաք մթնոլորտից, ու քննությունները հանձնելուց հետո, դեռ երկար օրեր-շաբաթներ մեծ քաղաքներից մեկի հյուրանոցի հերթապահ-կնոջ տաք-ջերմ գրկում էր ննջում՝ գյուղ չէր վերադառնում, ու որպես գյուղի մշակույթի տան տնօրեն` անկառավարելի թողնված մշակույթի տանը հեռվից-զանգով արվող-հերթապահ-ձեւական հրահանգներով էր տնօրինություն անում` «մի կարգին-սրտացավ-մոտիկից» չէր անում` մին¬չեւ «նամուսի մեռած-աբուռով հայրը» համագյուղացիների խորա¬մանկ ակնարկներից զգացված-կասկածելով, իր մինուճար տղայի՝ «քա¬ղա¬քում կապը կտրած քածի-մածի խելքին ընկնելու, վարակիչ հիվանդություն-միվանդություն ձեռք բերելու-գյուղում իրեն խայտառա¬կելու» մտքերից անակնկալի եկած-վախեցած-ստիպված, հիշոցներով, անասելի-փրփրած հիշոցներով փոստից-փոստ ընկնում, զանգերով-հիշոցներով-խնդրանքներով-սպառնալիքներով համոզում եւ ծնողներին ու գյուղին ու գյուղի մշակույթի տունը մոռացած-երախտամոռ որդուն ստիպելով տուն էր բերում։

Ու ամեն անգամ վերադարձին Բորիկը պատճառաբանում էր հորը, ամեն անգամ մի բանով պատճառաբանում-արդարանում էր հորը։ Ու էդ օրն էլ ավտոբուսով ուշ գյուղ հասել, լիքը լցված-տարված, հիմա թեւի տակ դրված, դատարկ-ճմռթված ճամպրուկով իրեն գյուղի ակումբին էր տվել, գյուղի ակումբին էր տվել, որի տերն ու տնօրենը, ռեժիսորն ու սցենարիստն էր, եւ իբր, այս ամբողջ բացակա ժամանակ ակումբի բարձիթողի վիճակով էր մտազբաղ, ու` գրադարանավարուհուն, կինոմեխանիկին, էլեկտրիկին, մնացած բաժինների պատասխանատու աշխատակիցներին սաստող-կարգի բերող նկատողություններ էր անում նկատված թերությունների համար, էս աթոռը` էն սեղանի տակն էր կո¬խում, էն սեղանը` պատի մյուս անկյունն էր քարշ տալիս ծանր գործ անողի շնչարգել-բարձրաձայն-փնչոցներով… սակայն մտքում «ակնկա¬լում էր», «ակնկալում էր», որ ակումբի գործերը պրծնելուց, գիշերով տուն հասնելուց հետո, հայրը-տնեցիները քնած կլինեին, քնած կլինեին, ու էս պատմությունը ընդամենը հոր միջքաղաքային հեռախոսազրույց-հիշոցներով կվերջանար։ Սակայն հայրը մնացած դոմինոյասեր համա¬գյու¬ղացիների նման դոմինո էր խաղում ակումբի խաղասենյակում եւ ենթականերին շշպռող-սաստող տղայի ձայնը լսելով, վեր թռչել ու հայրավարի սեփական տղայի օձիքից էր բռնել, օձիքից բռնել ու ասել էր, ասել էր՝ էս ի՞նչ էիր անում էնտեղ էսքան ժամանակ, այ տղա, հը՞, էս ի՞նչ էիր անում էնտեղ։ Ու Բորիկն իրեն չէր կորցրել, եւ ինքը գյուղի մշակույթի տան տնօրենն է, ու բնավորությունն էր այդպիսին՝ ծանր, բազմաբովանդակ թեմաներ էր սիրում կիսատ-պռատ շոշափել հասկացողի-մտածողի ենթադրաբանություններով, եւ համագյուղացինե¬րը ենթագիտակցորեն եւ ուղղակի հասկանում էին, նրանք հասկանում էին, որ ինքն էլ չի հասկանում «իր բացած թեմաների» իմաստը, եւ սի¬րում էին` մեծահոգի, բացսիրտ, բոլորին հասնող Բորիկին՝ համագյուղա¬ցիները հարգում-սիրում էին նրան, բայց նաեւ այդ թերության համար մինչ այդ օրը` Կիսատ-Լցված Կուժ էին դրել անունը ու նրան Կիսատ-Լցված Կուժ էին ասում, եւ իբր` կիսատ-լցված կուժը քայլքի տակին-գլխին լխկլխկում է, սակայն այդ օրվանից Բորիկին համագյուղացիները Րաֆֆի կնքեցին, Րաֆֆի կնքեցին նրան, ու մեղավորը հայրն էր, հայրն էր մեղավորը, որ հարցը տվել ու ձեռքը դեռ տղայի օձիքին, հարցի պատասխանին էր սպասում։ Նաեւ իր եւ հոր գլխին իզուր հավաքված համագյուղացիներն էին տրված հարցի պատասխանին սպասում, եւ «գյուղին կուլտուրա դաստիարակող»-տնօրեն Բորիկը չէր խեղճացել իր պատասխաններում ու պարտականություններում ու` թեթեւ, հանգիստ, օձիքը հոր պինդ բռան մեջ թեթեւ ասել էր՝ գնացել էի նաեւ Երեւան՝ Արմենի մոտ, եւ Արմենի հետ գիրք էինք գրում, մենք Արմենի հետ գիրք ենք գրում։ Ու հայրը հերթական-գեղեցիկ խաբվելուց ջղայնացած-նեղսրտված ասել էր՝ ի՞նչ գիրք, արա՛, ա’ շան տղա, ի՞նչ գիրք, ու Բորիկը, հոր գլխի վրայով, համագյուղացիների գլխի վրայով, հանգի՜ստ, թեթե՜ւ նայել ու հանգի՜ստ-թեթե՜ւ ասել էր, ասել էր՝ «Խամսայի մելիքու¬թյունների» երկրորդ հատորը։ Եւ հայրը ժամանակին հանքավայրի տնօրեն էր աշխատել, գյուղի բրիգադիր, կուսկազմակեր¬պու¬թյան քարտուղար, եւ լավ քթածակ ունեցող սովետի թրծված ակտիվիստների պես ու նման ամեն ինչից մի քիչ կարդացել ու ամեն ինչից մի քիչ հասկանում էր, եւ շատ լավ, ճարտար, պատրաստված խոսում էր` ասված բառերի արժեքին նշանակություն չտալով ու` խոսքի ման չէր գալիս, եւ հիմա առանց խոսքի ման գալու` ասել էր, ասել է` գլխիս Րաֆֆի է՞ս դառել, ա՛ շան տղա: Րաֆֆի է՞ս դառել գլխիս: Րաֆֆին էդ գիրքը գրելու համար Ղարաբաղի չոլերն էր ընկել, Չանախչու տակ, Րաֆֆու քարի մոտ թուրքերից ծեծ կերել-ոսկե ժամացույցն է կորցրել… դու Ղարաբաղից փախել-գնացել-Երեւանի չոլերում ու հյուրանոցներում կապը կտրած աղջիկների հետ պատիվդ կորցնելով ե՞ս Ղարաբաղի մելիքությունների մասին գիրք գրում: Ա’ շան տղա:

…Բորիկը շեկ, կարմրոտ, առողջ-ժեռոտ տղա է, դեռ չի հասցրել ամուսնանալ, լավ-բնական խելք ունի, բայց դպրոցում լավ չէր սովորել եւ «թեթեւ է անցել բոլոր առարկաների վրայով»` «թեթեւ», ու հիմա` Ալի¬շանն ու Րաֆֆին, Վարուժանն ու Ծերենցը, Ռուբեն Սեւակն ու Պարույր Սեւակը խառնում էր խնջույքներում ու միջոցառումներում արտասանած իր մեջբերումներում եւ ոտանավորներում, խառնում էր,  բայց հոգ չէ, հոգ չէ` հոգի դնելով, ճոխ, աժդահա իր կերպարի պատկերավոր շարժումնե¬րով, իր ուզած շեշտադրումներով ոտանավորներ էր արտասանում գրա¬կա¬նության մեր մեծերից, նաեւ չգիտես որտեղի՞ց` մեկը-մեկից տխուր, մելամաղձոտ երգեր գտնում, ծոր տալով երգում ու խաղաղ օրերի կա¬րոտը քաշող տղաներին էր լացացնում խրամատում: Եւ գյուղի մշա¬կույթի տան տնօրեն լինելով, կռվի տարիներին եւս պարտավորված էր «խոխեքի կուլտուրայից հետ չմնալու» մտասեւեռումից ու հե՛նց` Րաֆ¬ֆին ո՞ւր է, մի բան արտասանի-լսենք` «խոխեքը» ձայնում են, Բորիկը գնդացիրը մի կողմ շպրտում, վազում է` մեկ էլ ինձ Րաֆֆի եք ասել… բայց կիսատ է թողնում, երեւի բախտը բերել է, որ իրեն Րաֆֆի են ասում, ուրիշներին` գեղջկավարի ավելի դիպուկ անուններ են կպցնում, իսկ ինքը գիտնական-գրողի անուն է վաստակել` շոյող է, ու ոգեւորված վրա-վրա է տալիս… Ալիշան.

 

Հայո՜ց աշխարհիկ գարունդ է հասել,

Ահա գեղեցիկ գարուն քո եկել.

Ո՜վ դու ի վաղուց մոռցված հայրենիք,

Ո՜վ դու իմ սըրտիս անմոռաց տեղիք…

 

Ու մի օր նույն հանգով ու նույն ոգեւորությամբ արտասանում էր եւ հիմա երկրորդ ձեռքն էլ տարածեց-խորը շունչ քաշեց ու նոր թափ էր առնելու, սակայն Արսենն իրեն ոչ յուրահատուկ-նեղսրտված փռթկաց¬րեց ու հռհռաց. կրթված-գաղափարով, պատրաստված-սկզբունքային տղա է, կադրային զինվորական, մայոր, Լյովային կողքից օգնում էր քարտեզի նշագրումներում-նոր ստացված զենքի փորձարկումներում, բայց առաջարկված հրամանատարությունից հետ կանգնեց, հետ կանգ¬նեց առաջարկված հրամանատարությունից` կկռվեմ մինչեւ վերջ ու կզոհվեմ, բայց հրամանատարության հետ գլուխ չունեմ` իմացածս հիշոցներն ինձ հերիքում են, նորերը սովորելու կարիքը չունեմ նոր շփումներում, ասել էր: Մեծ քաղաքից չորս տարի է, ինչ եկել է Արսենը, կռվի ձենը լսել-թողել-եկել ու համագյուղացիների հետ կռվում է թուրքի դեմ, եւ կողքը նստած, իր հետ մեծ քաղաքից եկած, համագյուղացինե¬րին միացած Արմենի ուսին եկավ ձեռքը, ուսին զարկեց ու ասաց` ի՜նչ է, Հայոց աշխարհիկի գարունը հասել է, հա՞, էս ձմեռ ժամանակ` պետակա¬նությունը ծաղրանքի վերածած-ծաղրածու-տնավարի պահվածքով պաշ¬տոն¬յաներո՜վ, լոթի-փոթի-թաթալաբազ հհշականներո՜վ, ազնվացեղու¬թյու¬նը կորցրած, դնչին տված եւ վիրավորվածությունից տեղում սահմա¬նափակ պտույտներ տվող-խրտնած ձիուն նմանվող դաշնակներո՜վ, բյուրոկրատ հանրապետականներո՜վ, բլնգած-գարնան սիզախոտ-շուտ համակերպվող ռամկավարներո՜վ, սահմանի «փափուկ տեղերում» մի երկու օր գլուխ պահած, հիմա` հացի-մսի-պանրի-բրնձի-կարագի խա¬նութ¬ների տեր դառած, զենքը կողքներից կախ կամ յուրայինների վզակոթներին դեմ տված պահեստապետ-«ֆիդայիններո՜վ», ժամանա¬կին ուշքից գնացած, հիմա ուշքի եկող-հոխորտացող, ճահիճ-սովետը նորից գլխներիս փաթաթել փորձող կոմունիստներո՜վ կամ անունները վերափոխած-ինքնասիրությունը կորցրած-հազիվ անկախություն ստա¬ցած Հայրենիքը իրենց անճարակությունից նորից սրա-նրա թեւի տակ կոխելու փորձարկումների ելած գունավոր-անգույններո՜վ` ջա՜ն Հայրե¬նիք, եւ ասաց` մի ուրիշ բան կարո՞ղ ես արտասանել, ու Բորիկը դեռ երկար տքնում էր, եւ Արսենը ծամածռություն, ուրիշին նմանվելու, մարդուն նսեմացնելու, մականուն-մակդիր կպցնելու սովորություն չու¬ներ եւ ուրիշների նման չասաց` Րաֆֆի, ասաց` Բորի՛կ, մի ուրիշ բան, սրտամոտ, կարո՞ղ ես արտասանել, եւ Բորիկն ասաց` ինչո՞ւ, դու չգիտե՞ս, որ սա նաեւ գաղափարախոսական բանաստեղծություն է, սա հատուկ ընտրել եմ, որ տղաների սերը թեժանա Հայրենիքի նկատմամբ` վաղը կռիվ ենք տալու, սա հատուկ եմ ընտրել, բա սերունդն ինչպե՞ս է դաստիարակվելու առանց էս կարգի բանաստեղծության, եւ Լյովան գլխով հավանություն տվեց, եւ Արսենը ասաց` ճիշտ ես ասում, առանց ուսումի, առանց հայրենասիրական գրականության սերունդը վայրենի ու խուժան է մեծանալու, դու ճիշտ ես ասում, բայց սերունդը նաեւ իր օջախով է մեծանում-դաստիարակվում, եթե հայրը-մայրը լղոզված են, ճմռթված են, տասը երեսանի ու լպրծուն եւ լկստված են, ապա զավակը նույնն է լինելու, զավակը հորն ու մորն է քաշելու, տանը ինչ տեսնի` այն է սովորելու, եւ քարոզը չի օգնելու, չի օգնելու: Իսկ էս տղաներին պետք չէ, էս տղաներն արդեն մոր կաթի հետ են ստացել հայրենասիրությունը, չորս տարի զենքը ձեռքներին, զենքն ինքնակամ ձեռքներն առած տղաներին քարոզ կարդալ-շիրա տալ հարկավոր չէ, էդ նրանց պիտի կարդալ, ովքեր պոռոտախոս հայրերի հովանավորությամբ ու հետը կռավատի տակ մտել ու փեդ էլ դեմ տաս` դուրս չեն գալու, եւ Էդգարը քռքռաց. «Համա լավ ասացիր, փեդը ես դեմ կտամ»,- ասաց, ասաց` դու մի ուրիշ բան արտասանիր, Րաֆֆի, էն` «Կերուխումը», եւ Բորիկն ասաց` «Գինարբո՞ւքը»` Զարիֆյա՞ն, եւ Էդգարն անկրթվածությունից նեղվեց, վատ զգաց, ասաց` Ջհանդամյա՞՚ն, ի՞նչ ես քո կիսատ-պռատ գիտունությամբ ձեւեր թափում, դու գիտես` որն եմ ասում, եւ Բորիկը պատրաստակամ առաջ մղվեց, ձեռքը պատկերավոր առաջ մեկնեց.

 

Լեցո՛ւր բաժակը՝ խմեմ

Գինին անո՜ւյշ հեշտանքին.

Ալ կծաղրե՛մ այս կյանքին

Սրբությունները դժխեմ;

Լեցուր բաժակը` խմե՛մ

Գինին հարո՜ւստ հեշտանքին.

Գինով ըլլամ ու կյանքին

Անմըտությունը երգեմ…

Լեցո՛ւր, լեցո՜ւր, որ խըմեմ,

ՄԱՀՆ է ահա աչքիս դեմ…

 

Բորիկը լավ էր արտասանում ու երկար արտասանեց, եւ Էդգարն ասաց` օ՜ֆ, օ՛ֆ, էս անտեր գյուղի բինորվան մեր պապերը վատ տեղ են հիմնել` Աղդամի բերանին, երկու անգամ` 1905 եւ 1918 թվերին թուրքերը երկու անգամ էս գյուղը գրավել, թալանել ու հիմնահատակ քանդել են, մեր պապերն էլ հաստակողի անխելքությամբ նորից նույն տեղում են հիմնել: Էս Աղդամից կատաղած քաղաք չկա, եւ էս քաղաքը որ գրավենք, է՜, ա՛յ գինարբուքը էդ ժամանակ եմ կազմակերպելու: Եւ Մոսին ասաց` այ ապուշ, ոտանավորի մեջ ուրիշ բան էր ասում, կերուխումի մասին չէր ասում… եւ Էդգարը ի պատասխան-վրա պրծավ` բա ի՞նչ էր ասում, ասում էր` գինին-օղին խմեմ, քիթ-բերանով ընկնեմ անո՜ւյշ հեշտոցին մեջ, եւ Մոսին ասաց` ա՛յ, ապուշ, հեշտանքին մեջ էր ասում, ու Կարոն ասաց` Էդգարը ճիշտ է ասում` գոմիկների համար տարբերություն չկա, եւ Ռոբի¬կըն ասաց` Րաֆֆի՛, Քոթոյի հետ մի կարճ ներկայացում էլ կազմակեր¬պիր, ու տղերքը հռհռացին` Քոթո-Մայիսն էլ հետները, եւ Մայիսն ասաց` կարողանո՞ւմ եք, դուք էլ խաղացեք, եւ Ռոբիկն ասաց` բայց ի՞նչ մտածե¬ցիր, որ վրա տված բեմ դուրս պրծար ու թե` հուշարարն է ասում, եւ Արսենը էդ խաղաղ ժամանակներում գյուղում չէր ու Մայիսի` դերեր խաղալու մեջ անծանոթ էր եւ ասաց` ինչի՞ մասին եք ասում, եւ Արմենն ասաց` խաղաղ օրերին Բորիկը օրումեջ ներկայացումներ էր դնում, եւ գյուղի դերասան մասը չէր հերիքում ու Մայիսին էլ էր հրավիրել խաղա¬լու, սա էլ` սցենարն անգիր չէր արել եւ, երբ իր խաղալու հերթն էր եկել, պոլի փետը հրացանի տեղ ձեռքն են տվել ու մեջքին խփել ու բեմ գցել, հուշարարն էլ սցենարն է ականջին կարդացել, ինքն էլ բարձրաձայն արտաբերել է դահլիճում նստած հանդիսատես-համագյուղացիներին` Մհե՛ր, Մհե՛ր, ասաց հուշարարը, եւ տղերքը նորից փորները բռնեցին, ու Էդգարն ասաց` ես էլ գիտեմ, էս գյուղում մենակ ես ու Գարիկն ենք դոդը, եւ Արսենն ասաց` բա ափսոս չի՞ գյուղն ու գյուղացիները` ռամիկ մար¬դիկ, ռամիկ խոսակցություններով` կովը մրսեց ու ցռեց, խոտը էս տարի պակաս է, օձը էն դմակը կախ ոչխարի ոտքից կծել է, ոտքը ուռել է եւ վայ թե` սատկ, մեր Լեւոնը Մոսկվայում Ալիեւին ասել էր` ի՞նչ ասացիր, եւ մի ուժեղ ապտակ է տվել Ելցինի առաջ, ու Ելցինը որպես տանտեր, վատ է զգացել, բայց աչքին դեպի Լեւոնը` Ալիեւին անտեսանելի-թաքուն հուպ տվել ու աչքին թաքուն հուպ տալով, ասել է` Լեւոն Հակոբիչ, չի կարելի, չի կարելի, ինքը քեզանից տարիքով մեծ, արյունը պակաս մարդ ա… ամբո՜ղջ ժամերով, ամբո՜ղջ ժամերով գցել-բռնելով-ծո՜ւյլ-դանդա՜ղ-քննարկում են հանգիստ ու կարեւոր եղած-չեղածը… բա ափսոս չի՞ գյուղն ու գյուղացիները: Իրենք` դպրոցի ներքնահարկում, ռմբակոծու¬թյունն ու հարձակումները` անպակաս, վաղը, մյուս օրը` կենդանի կլինե՞ն, թե՞ չէ, սակայն անլեզու հայվանի տանջանքն ու սոված մնալն է իրենց ցավը, երկրի գլխավորին` ուրիշից ուժեղ լինելու-հաստատակա¬մու¬թյան մեջ տեսնելը, զավակներին տրված խրատներում` հողը թուրքին չհանձնելու պայմանը, իրար լսելու, իրար հարգելու իմաստն է իրենց խոսքերում-զրույցներում` ռամիկ մարդն ուրիշ է` մաքուր է, ու խաղերից, դիվանագիտությունից հեռու է` ուժեղ է: Որ խաղաղվեց` երեխաներիս-կնոջս վերցնելու եմ-գամ գյուղ, գալու եմ խոզ պահեմ, կով պա… եւ Էդգարը կտրեց, ասաց` մենակ, թե սուրճ չխմես, եղբոր նման, գյուղ գալուց հետո, եւ Արսենը զարմացած ասաց` ինչո՞ւ, Էդգարն ասաց` գիտե՛ս, չէ՞, ղարաբաղցին աչքաբաց ա, մոտը մի բաժակ սուրճ են խմում, ինքը չեմուչեմ անելուց հետո, երկուսն է խմում, պրոֆեսորների մեջ են գցում` ամենապրոֆեսորն է դառնում, խուժանի մեջ են գցում, ամենա¬խու¬ժանն է դառնում, խաղ տվողների մեջ են գցում` ամենադիվանագետն է դառնում, կարող է` իսկականի՞ց աղվանցի ենք, ոչ հայ ենք եւ ոչ էլ` ադրբեջանցի: Եվ Մոսին ասաց` դե շաշ-շաշ դուրս մի տուր, էն օրն էլ մեկն ասմ ա` ասում են` ղարաբաղցի տղերքը` ոչինչ, բայց աղջիկներն ու կանայք լաչառ են` մինչեւ ամուսինը մի բառ կասի, իրենք տասն են ասում, ես էլ ճարս կտրած ասացի` ղարաբաղցի կանայք լաչառ են, է՜, որ առյուծ տղերք են ծնում, ու թուրքի մերը լացացնում: Բայց…

 

Շարունակելի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930