Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանը, ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու գարեջրի գործարանի ռեստորանում հաղթանակը տոնելու համար խնջույք էր կազմակերպել: Այդ խնջույքին ավելի շատ ՀՀԿ-ականներ են եղել, քան ԲՀԿ-ականներ: Aravot.am-ը այսօր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինքը մասնակցե՞լ է այդ քեֆին, մատաղին: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ մասնակցել: Այդ քեֆի օրն այն օրը չէր, որ ես խրախճանքի մասնակցեի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ, այո’, Սամվել Բալասանյանին ինքն է առաջադրել: Դրանից հետո Սամվել Բալասանյանը հերքեց նախագահին` ասելով, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը, ինչի համար շնորհակալ է նրան: Սուքիաս Ավետիսյանի դիտարկմամբ` «Ես զարմանում եմ, որ դեռեւս կան մարդիկ, որոնք ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել, այն էլ նրանից հետո, երբ նախագահը կոնկրետ ասում է, որ իրեն ինքն է առաջադրել: Ինքը չէ, ով ուզում է լինի` ես դա չեմ ընդունում: Կա կոնկրետ փաստ, կոնկրետ իրականություն, եւ նախագահն էլ կոնկրետ ասել է: Հիմա նախագահի ասածից հետո եթե ինչ-որ մարդիկ ուզում են այլ կերպ մեկնաբանել` ես դա չեմ ընդունում: Կապ չունի` Սամվել Բալասանյանն է, թե իրա կողքինն է` չեմ ընդունում»:
Մենք ճշտեցինք` Դուք նորից պնդում եք, որ նախագահը ի՞նքն է առաջադրել` պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այո, այո: Եթե նախագահը չառաջադրեր նրան, շատ մեծ հաջողությամբ ՀՀԿ-ն կունենար իր թեկնածուն եւ լրիվ ուրիշ ձեւ կլիներ: Նորից հաղթող թեկնածու կունենար: Բայց քանի որ նախագահը ինքն է առաջադրել, բնական է, որ ՀՀԿ-ն թեկնածու չէր ունենալու եւ սատարելու էր Սամվել Բալասանյանին: Այսօր ժամանակն է, որ ով որ ընտրվել է, խելոք նստի զբաղվի իր աշխատանքով, ոչ թե նախագահի ասածները մեկնաբանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև