Արվեստաբան Վահե Գասպարյանի խորհուրդը՝ մերօրյա «թագավորներին»
Արեւմուտքում մշակութային մթնոլորտի կայացման ու առաջընթացի գործում մեծ է վերլուծաբանի դերը, մինչդեռ մեզանում ասպարեզը գործնականում թողնված է միայն ստեղծագործողներին։ Հազվադեպ են երեւում արվեստագետ-վերլուծաբանները։ Եթե վերջին շրջանում երբեմն հայտնվում են թատերագիտական, երաժշտագիտական հրապարակումներ, ապա այս «մասով» կերպարվեստի ոլորտում լռություն է։
Այս առիթով «Առավոտի» հետ «կիսելով» իր մտահոգությունը, շեշտելով, որ իսկապես մեզանում չկա արվեստի քննադատների ինստիտուտ, նկարիչ, արվեստագիտության թեկնածու Վահե Գասպարյանը փաստեց. «Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը իր շուրջն էր համախմբում տարբեր ոլորտներ ներկայացնող արվեստագետներին եւ ականջալուր լինում մասնագետների հայտնած յուրաքանչյուր խոսքին ու կարծիքին։ Կոնկրետ՝ կերպարվեստի քննադատների շնորհիվ էր, որ թագավորն իբրեւ պալատական նկարիչ հրավիրեց Դիեգո Վելասկեսին։ Կամ՝ բարերարներ Մեդիչիների ընտանիքը, որ մեծապես հայտնի է որպես արվեստի հովանավոր, դարձյալ իր շուրջն էր համախմբում արվեստագետներին եւ նրանց կարծիքից ելնելով՝ հանգում ճիշտ որոշումների։ Հիշյալ ընտանիքը այնքան էր խորացել քանդակագործության ոլորտ, որ միանգամից այս կամ այն արվեստագետին չէր պատվիրում որեւէ աշխատանք, այլ կավից կամ գիպսից պատրաստած էսքիզը ներկայացնում էր քաղաքի կենտրոնում, որտեղ այցելուները կարծիքներով թղթեր էին փակցնում։ Եվ միայն ձայների դրական մեծամասնության դեպքում քանդակի վերջնական ձուլման համար վարպետին հատկացվում էր գումար»։ Մեր զրուցակիցը կարծում է, որ գուցե նման օրինակո՞վ առաջնորդվեն նաեւ Հայաստանում։
Նա փաստեց նաեւ, որ չնայած ժամանակի «ցենզուրային», ԽՍՀՄ-ում առաջինը հենց Հայաստանում Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ հիմնվեց Ժամանակակից արվեստի թանգարան։
Վահե Գասպարյանը գտնում է, որ այդքան անհրաժեշտ քննադատությունը առաջին հերթին հարկավոր է հենց արվեստագետներին։ «Քննադատության շնորհիվ է, որ արվեստի մնայուն գործեր ստեղծեցին Հարություն Կալենցը, Փարաջանովը, Մինասը եւ մյուսները։ Իսկ ժամանակին երիտասարդ Ժանսեմի, Գառզուի հռչակը խթանեցին պարբերականներում նրանց մասին լույս տեսած մի քանի նախադասությամբ՝ ժլատ, բայց «գովերգող» լուրերը»։
Հարցին, թե ինչո՞ւ ինքը հանդես չի գալիս քննադատական հոդվածներով, արվեստագետը հակիրճ պատասխանեց. «Չեմ ուզում սպիտակ ագռավ երեւալ»։ Իսկ ինչո՞ւ են լռում ճանաչված արվեստաբաններ Քնարիկ Ավետիսյանը, Վիգեն Ղազարյանը եւ մյուսները: Մեր զրուցակիցը, չգիտես ինչու, ասվածն ընդունելով որպես վիրավորանք, նշեց, թե հիշատակված անունները զբաղված են արվեստագիտությամբ, մասնագիտական մամուլում հանդես են գալիս վերլուծական հոդվածներով եւ, ի վերջո, դասավանդում են։
Արվեստագետը նշեց նաեւ հայաստանյան TV-ներում մշակութային լրագրողների բացակայության փաստը, մանրամասնելով. «Արվեստագետներից, այդ թվում՝ անվանի, շատերը մերժում են եթերը, ասելով, թե ուղղված հարցերը անգրագետ են, իսկ թե ինչո՞ւ TV-ները աշխատանքի չեն հրավիրում ոչ միայն կերպարվեստի, այլեւ մշակույթի մյուս ոլորտների մասնագետներին, դա ինձ համար անհասկանալի է։ Հեռուն պետք չէ նայել. այդքան արեւմտյան հաղորդումներ են տեղայնացվում: Խորհուրդ կտամ մեր TV-ների ղեկավարներին հաճախ դիտել ռուսաստանյան «Կուլտուրայի» ծրագրերը, որոնք վարում են անվանի արվեստագետներն ու արվեստաբանները»։ Վահե Գասպարյանը հավելեց, որ հայրենական TV-ների վերջին շրջանի աշխատաոճը տեղի է տվել թյուր, գուցեեւ՝ իրական խոսակցությունների, թե ճանաչված դառնալու համար եթե գումար ունես՝ կվճարես, ու ե՛ւ հաղորդում կնկարահանվի, ե՛ւ հետագայում գիրք էլ կտպվի, եւ այսպես շարունակ։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ