Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հատուկ չենք ընկնում հնչեղ անունների հետեւից»

Սեպտեմբեր 19,2012 14:11

Չնայած «Վերադարձի դասական երաժշտության փառատոնը» նման անունների պակաս չունի

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ եւ համանուն փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ «Ազգային պատկերասրահն» այլեւս ճանաչված է ու շարունակական՝ որպես գարնանային տոն, ու պատահական չէ, որ ունկնդիրը դիմել էր իրենց եւս մեկ փառատոն՝ տոն ունենալու ցանկությամբ: Արդյունքում՝ Գարիկ Նազարյանի հետ համատեղ 2007-ին հիմնադրել են «Վերադարձի դասական երաժշտության փառատոնը»:

Վերջինս այս տարի արդեն 6-րդ անգամ կմեկնարկի սեպտեմբերի 24-ին եւ կձգվի մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը ասացին, որ երաժշտական այս բացառիկ իրադարձությունը հայրենիք վերադարձի յուրօրինակ կոչ է այլ երկրներում ստեղծագործող հայազգի երաժիշտներին: «Իբրեւ երաժիշտ նախանձախնդրորեն վերաբերվելով հարցին, որոշեցինք թեկուզ ժամանակավոր՝ փառատոնի շրջանակներում վերադարձնել տաղանդավոր մեր երաժիշտներին ու ներկայացնել հայ ունկնդրին»,-նշեց տիկին Շահինյանը:

«Վերադարձի դասական երաժշտության փառատոնը» բաղկացած է 8 համերգներից, նախատեսված են պրեմիերաներ, անվանի դաշնակահար-մանկավարժներ Վաչե Ումր-Շատի ծննդյան 90 եւ Ամալյա Բայբուրթյանի 85-ամյակին նվիրված երեկոներ: Բացման համերգին, որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, առաջին անգամ փառատոնի շրջանակում կհյուրընկալվի աշխարհահռչակ «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախումբը, որի հետ ելույթ կունենա բազմաթիվ մրցույթների դափնեկիր, իսրայելաբնակ թավջութակահար Լեւոն Մուրադյանը:

Մարիամ Շահինյանի խոսքով, ոչ միայն նախկին հայաստանցի երաժիշտներն են «վերադառնում», այլեւ փառատոնի շնորհիվ տարբեր երկրներից ժամանած այլազգի արվեստագետները ծանոթանում են Հայաստանի մշակույթին եւ պատմությանը:

«Առավոտի» դիտարկմանը, թե մեր երկրում դասական երաժշտության մի քանի փառատոն է անցկացվում, արդյոք դրանք մրցակիցներ չե՞ն, Գարիկ Նազարյանը պատասխանեց. «Դա նորմալ մրցակցություն է, որը ամեն բնագավառում էլ առկա է: Լավ կլինի, որ մրցակցության հետ մեկտեղ նաեւ համագործակցություն լինի, որովհետեւ, ի վերջո, բոլորս միտված ենք մեկ նպատակի՝ դասական երաժշտության պրոպագանդմանն ու տարածմանը: Ընդհանուր առմամբ դրական միտումներ կան վերջին տարիներին դասական երաժշտության տարածման առումով՝ շնորհիվ նմանօրինակ փառատոների»: Նազարյանը հավելեց, որ թեեւ իրենց փառատոնում միշտ անվանի երաժիշտներ են հանդես գալիս, սակայն իրենք հատուկ չեն «ընկնում» հնչեղ անունների հետեւից, որովհետեւ փառատոնը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում եւ կարեւորում է բարձրակարգ երաժշտությունն ու պրոֆեսիոնալիզմը:

«Վերադարձի դասական երաժշտության փառատոնի» կազմակերպիչները փաստեցին, որ իրենց միջոցով Հայաստանում հանդես եկած այլ երաժիշտներ հետագայում ընդգրկվել են հայաստանյան այլ նախագծերում:

«Ուրախալի է, երբ մենք ներկայացնում ենք որեւէ արվեստագետի, ու դրանից հետո նրանք վերադառնում են: Օրինակ՝ մենք 2008-ին հրավիրեցինք ճանաչված «Ալիաջ» կվինտետը, հետո մեկ տարի անց նրանց հրավիրեց Հայաստանի մշակույթի նախարարությունը»,- հիշեց Մարիամ Շահինյանը:

Նա ափսոսանքով հայտնեց, որ սիրով կրկին կհրավիրեին ճանաչված կվինտետին, սակայն վերջինիս հայազգի երաժիշտներից մեկը՝ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, բանակի խնդիր ունի. «Ուզում եմ խնդրել, որ մեր կառավարությունը նման երաժիշտների համար մի լուծում գտնի, ինչպես դա արվեց Սերգեյ Խաչատրյանի, Հրաչյա Ավանեսովի պարագայում: Ի դեպ, Հրաչյայի հարցը հենց մենք բարձրացրինք, եւ նա հնարավորություն ունեցավ ներկա գտնվել «Վերադարձի փառատոնին»:

Այնուհետեւ նա երկրորդ համերգով հանդես եկավ Երիտասարդական նվագախմբի հետ»:

Ինչո՞ւ այսօր գործարարները պատրաստ են շոու-բիզնեսի վրա լուրջ գումարներ դնել, իսկ դասական համերգներին չեն աջակցում:

Մարիամ Շահինյանն ասաց, որ հիմնադրման պահից իրենց կողքին է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, փառատոնն էլ անց է կացվում ՀՀ նախագահի տիկնոջ հովանու ներքո, այս տարի պաշտոնական մի գործընկեր էլ ունեն՝ «Արարատ» կոնյակի գործարանը: Նա կարծում է, որ եթե հայ մեծահարուստները մի փոքր կամք եւ ցանկություն դրսեւորեն, հաստատ կաջակցեն դասական արվեստին, մանավանդ դրա պահանջարկը կա, վկան՝ լեփ-լեցուն դահլիճները եւ երիտասարդ ունկնդիրների մեծ թիվը:

Մեր զրուցակիցները դժվարացան նշել, թե ում են համարում փառատոնի զարդը կամ այցեքարտը:

«Մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրը կարող է մեր զարդը համարվել, թեեւ չենք ուզում հատուկ որեւէ մեկին առանձնացնել, մեր փառատոնի այցեքարտն է եւ Վահագն Պապյանը, եւ Լեւոն Մուրադյանը, եւ Սվետլանա Նավասարդյանը, եւ Հայրապետ Առաքելյանը՝ բոլորը…»,- հայտնեց Գարիկ Նազարյանը: Մարիամ Շահինյանն էլ դրվատանքով խոսեց բոլոր այն երաժիշտների մասին, որոնք երբեւէ չեն մերժում հրավերը՝ «Վերադարձի» եւ «Ազգային պատկերասրահ» փառատոներին մասնակցելու ու «տեղավորվում» են կազմակերպիչների հնարավորությունների մեջ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930