Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռիում առողջապահության ոլորտում աշխատող կադրերի սերնդափոխության կարիք կա

Սեպտեմբեր 19,2012 14:08

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն ասում է, որ մարզում անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, ուռուցքաբանի, վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգի կարիք կա. «Ինչքան թափուր աշխատատեղի խնդիրը չէ, որքան սերնդափոխության խնդիրն է: Մեր բժիշկների միջին տարիքը 54-ից բարձր է: Մարդը հասնում է թոշակի տարիքի, փոխարինող չունի, պահում ենք այնքան, որ փոխարինողը գտնվի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն ունենք երիտասարդներին դեպի մարզ գրավելու»: Նա նշում է, որ թեեւ յուրաքանչյուր երիտասարդի համար Երեւան քաղաքում ապրելն ու աշխատելը ավելի ցանկալի է, այնուամենայնիվ, տարիների փորձը ցույց է տվել, որ մարզերից ավելի կայացած բժիշկներ են դուրս գալիս ոլորտ: «Բժշկությունը, առողջապահությունն այն բնագավառն է, որ մարզերից ավելի կայացած բժիշկներ են դուրս գալիս, եւ եթե այսօր նայենք Վանաձորը եւ Երեւանի խոշոր կլինիկաները, ապա առաջատար մասնագետներ համարվում են շրջաններից գնացած, շրջաններում կայացած մարդիկ»: Առողջապահական ոլորտում կադրային բացը լրացնելու եւ առաջացած խնդրին համարժեք լուծում տալու համար էլ, ըստ Սամվել Լամբարյանի, անհրաժեշտ է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների ուսումնառության վերջին տարվա պրակտիկ աշխատանքները մարզերում անցկացնել: «Այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր բժշկական հիմնարկ համարվի Բժշկական համալսարանի բազային կենտրոն, ուսանողներն էլ գան, գոնե իրենց վերջին մեկ տարին պրակտիկա անցնեն մարզում, ավարտելուց հետո իրենք թող որոշեն՝ մնան տեղում, թե գնան»,- ասում է Լամբարյանը: Իսկ մինչ այդ, մարզպետարանն արդեն Երեւանի պետական բժշկական համալսարանի մի քանի շրջանավարտների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, մի մասի հետ էլ պայմանագրեր կնքել: Արդյունքում՝ երիտասարդ մասնագետները կտեղափոխվեն մարզ եւ կաշխատեն տեղում: «Այս պահին մանկաբույժի հետ պայմանագիր ենք կնքել, էնդոկրինոլոգի հետ էլ պայմանավորվածություն ձեռք բերել: Մենք կապահովենք նրանց կոմունալ-կենցաղային պայմաններով, նպաստավոր պայմաններով, որ աշխատեն մարզում: Մարզը երիտասարդ կադրերով ապահովելը շատ լուրջ գործընթաց է: Սկսել ենք Վանաձորից, աստիճանաբար կտարածվենք այլ տարածաշրջանների վրա»,- եզրափակում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930