Տաքսի վարող մի շարք վարորդներ դիմել են «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությանը՝ դժգոհելով, որ չնայած հունիսի 22-ից լիցենզավորման կարգի միջից վերացվել է մեքենաների տարիքային սահմանափակումը, սակայն տրանսպորտի տեսչությունը տուգանում է տաքսու այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները տարիքային սահմանափակման պատճառով չէին կարողացել լիցենզավորվել: Կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքերով՝ միանգամից մեծ քանակությամբ տաքսու վարորդներ հայտեր են ներկայացրել լիցենզիա ստանալու, եւ քանի որ նրանց քանակը մեծ է, տրանսպորտի եւ կապի նախարարությունում այդ գործընթացը տեւում է մոտ մեկ ամիս: Որպեսզի մարդիկ այդ մեկ ամսվա ընթացքում կարողանան աշխատել, նախարարության կողմից, որպես բարի կամքի դրսեւորում, տրամադրվում է տեղեկանք, որով կարող են աշխատել մինչ լիցենզիայի պատրաստ լինելը: Ըստ Գեւորգ Դոստուրյանի՝ վարորդների կողմից նախարարության այս նախաձեռնությունը ոգեւորությամբ է ընդունվել, սակայն նրանց ոգեւորությունը կարճ է տեւել. տեղեկանքների առկայության պարագայում անգամ տրանսպորտային տեսչության կողմից նրանք տուգանվել են:
Այս առնչությամբ Գ. Դոստուրյանը 18.09.12 թ. գրությամբ դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ակնկալելով նրա միջամտությունը խնդրի լուծման հարցով. «Այս 4-5 տարվա ընթացքում հաջողվել է վարորդներին վստահություն ներշնչել, եւ մարդիկ հազիվ գալիս են օրինական դաշտ, իսկ տրանսպորտի տեսչությունն իր անարդարացի տուգանքներով կարող է այդ տարիների աշխատանքը ջուրը գցել»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ