Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը իր եղբոր պարտության մեջ մեղադրում է Արթիկի ոստիկանապետին

Սեպտեմբեր 19,2012 14:02

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայրում՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում, կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել պարոն Մակեյանի ամենաչսիրած կուսակցության՝ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հրաչիկ Սալնազարյանը: Վերջինս 7 ձայնի առավելությամբ առաջ է անցել Պետրոս Մակեյանի հարազատ եղբորից՝ Վարդան Մակեյանից, ով նախկինում լինելով գյուղապետ՝ այս անգամ եւս պայքարի էր դուրս եկել իր աթոռը հետ ստանալու համար: Նշենք, որ կաթոլիկական այս գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարում էին 3 թեկնածուներ, որոնցից Հրաչիկ Սալնազարյանը ստացել էր 568 ձայն, Վարդան Մակեյանը՝ 561 եւ Հովակիմ Բոյաջյանը՝ 124 ձայն:

Պետրոս Մակեյանը, բնութագրելով իր ծննդավայրում կայացած ՏԻՄ ընտրությունները, հայտարարել էր, թե գյուղում հաղթել է մի «ալկաշ», ու ասել էր, որ բողոքարկելու են ընտրությունների արդյունքները: Aravot.am-ի այն հարցին՝ փաստորեն Մակեյանների բողոքը լսող չեղա՞վ, որ ոչինչ չփոխվեց, ու հաղթեց ՕԵԿ-ականը, Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանն ասաց. «Ընտրությունները նորմալ կայացել են, թեկնածուն ընտրվել է, հիմա ով ում ինչ է անվանում՝ դա իրենց գործն է: Համայնքի ղեկավարի մասին մենք երկու առումով դիմումներ ստացանք, որ ինքը համայնքում խոչընդոտում է ինչ-որ աշխատանքների իրականացմանը, բայց ուսումնասիրությունների արդյունքում ոչ մի միջադեպ չի արձանագրվել, ավելին ասեմ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով որեւէ դիմում-բողոք, առաջարկություն չի եղել: Ընտրությունները շատ նորմալ ընթացակարգով են անցել, եւ 7 ձայնի տարբերությամբ ընտրվել է գործող ՕԵԿ-ական գյուղապետը: Այո, Մակեյանների բողոքարկմամբ ոչինչ չի փոխվել, ժամկետն էլ ավարտվել է, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որոշումները կայացրել են: Դա արդեն իրենց գործն է, կարող են բողոքարկել դատարան, չգիտեմ՝ դատախազություն, բայց բողոքները՝ պետք է որ արձանագրության մեջ հատուկ կարծիք նշվի, որից հետո նոր ընթացք ստանան: Ես, ինչքան գիտեմ, այդպիսի բողոքներ չեն եղել»:

Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացանք նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից, ով զայրացած ասաց. «Վերահաշվարկ կատարվել է, սակայն այսօրվա ՏԻՄ ընտրություններով իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք վախենում են անգամ մի գյուղը ընդդիմադիր թեկնածուին հանձնելուց կամ նորմալ ընտրապայքար թույլ տալուց: Ինչպես գիտեք, իմ եղբոր հետ մրցում էր փչացած ՕԵԿ-ը, եւ այս ընտրություններում մեծ դերակատարություն ունեցան Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը՝ ՕԵԿ-ի քվոտայով ընտրված ոստիկանապետը, ու իր կրիմինալ տարրերը, այն տարրերը, որոնք սկզբնավորվել են մայրաքաղաքում ու բուծվել գյուղերում: Վերահաշվարկի պահանջ ներկայացնելիս ականատես եղանք, որ ցուցակները նախապես բացել էին, պարկերից հանել. այս մասին կա արձանագրություն, եւ այս ամենը կատարվել էր թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի անմիջական մասնակցությամբ: Ես մի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ այդ ՕԵԿ-ականը, բառի իսկական իմաստով, պրոֆեսիոնալ ալկաշ է, կրթություն չունեցող, անգրագետ, չորս եղբայր են, չորսն էլ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախած, իսկ այն երկու թեկնածուները, որոնք կրթված են, գյուղապետի, դպրոցի տնօրենի պաշտոն ու Ղարաբաղյան պատերազմ տեսած, փաստորեն զիջեցին անգրագետ ալկաշին»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930