Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը Գագիկ Ծառուկյանի չափ ներդրում չի արել»

Սեպտեմբեր 19,2012 13:45

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Վայոց ձորի մարզպետին

«Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող են լինել բացառապես կամակատար, եւ որոնք որեւէ շարժում կամ բառ արտաբերելու իմպուլս ստանում են միայն, երբ իրենց սեփականատերը տալիս է համապատասխան հրահանգը: Եվ երբ տվյալ սեփականատերերը՝ գերագնահատելով իրենց գործիքների ունակությունները, վերջիններիս պետական պաշտոններ են վստահում, ահա այստեղ է, որ առաջանում է կոնֆլիկտ՝ մտքի իսպառ բացակայության եւ սեփական տերերին հաճոյանալու գենետիկական բնազդի միջեւ: Իսկ նման կոնֆլիկտը, բնականաբար, առաջացնում է մտքերի այնպիսի տխմարագույն շքերթ, ինչը երկնել է տվյալ մարզպետը»,- Aravot.am-ին իր դիտարկումները փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանին: Հիշեցնենք, որ Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի քարոզարշավային հանդիպումների ժամանակ մարզպետը քննադատական խոսքեր էր հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին: «Չեմ կարծում, որ կոնֆլիկտ գոյություն ունի՝ էթիկայի նորմերի տեսանկյունից: Ցանկացած քաղաքական գործունեություն ենթադրում է եւ դրական վերաբերմունք, եւ քննադատական: Քաղաքական գործընթացները, մրցակցությունը հենց դրանով էլ պայմանավորված են: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ մյուս քաղաքական կուսակցությունները մեզ գովերգում ու գովաբանում են: Նրանք էլ մեզ են քննադատում: Մենք էլ մեր եւ դրական, եւ քննադատական վերաբերմունքը տարբեր հարցերի վերաբերյալ արտահայտում ենք: Բա քաղաքական տեսակետները էլ ուրիշ ի՞նչ ձեւով են ներկայացնում: Առավել եւս, որ քննադատությունը անձնավորված չէ, անձին չի վերաբերում, այլ քաղաքական ուժին, որը պատասխանատվություն է ստանձնել»,- «Առավոտին» պարզաբանել էր պարոն Ղազարյանը:

Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է վրդովվել մարզպետի քննադատությունից, չի՞ կարծում, որ նա իրավացի է, քանի որ կոալիցիոն համաձայնագրով հինգ տարի ղեկավարելով մարզը՝ ԲՀԿ-ն իրական հնարավորություն է ունեցել կառավարման համար իրեն վստահված տեղերում իրական գործունեություն ծավալելու: Պատասխանը եղավ. «Մարզպետները, որոնք ԲՀԿ քվոտայով պաշտոնավարել են Վայոց ձորում, իրենց լիազորությունների սահմաններում, կարծում եմ, արել են առավելագույնը: Շատ պարզ տարբերակ կա տեսնելու, թե ժողովուրդն ումից է գոհ, ումից՝ դժգոհ, մարզի որ պաշտոնյայից է գոհ, որից՝ դժգոհ: Դիմեք ժողովրդին: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ԲՀԿ-ի քվոտայով նշանակված մարզպետների աշխատանքից ժողովուրդը միանշանակ դժգոհ չի եղել»: Նկատեցինք, որ ընդամենը 15-20 օր առաջ ինքներս եղել ենք Եղեգնաձորում, զրուցել մարդկանց հետ, եւ մարդիկ դժգոհություններ էին արտահայտում բոլոր պաշտոնյաներից՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: «Դա արդեն գլոբալ խնդիր է: Ժողովուրդն, ընդհանրապես, միշտ դժգոհ է ցանկացած պաշտոնյայից, բայց մենք խոսում ենք կոնկրետ մարզի, կոնկրետ պատասխանատուի մասին: Իր հնարավորությունների եւ լիազորությունների սահմաններում ԲՀԿ-ի քվոտայով նշանակված բոլոր պաշտոնյաներն արել են առավելագույնը: Իհարկե, ես հայտարարություն չեմ անի, որ ավելին հնարավոր չէր անել, բայց հաստատ ավելի վատ չեն աշխատել, եթե ոչ ավելի լավ, քան տվյալ մարզպետի կուսակցությանը պատկանող պաշտոնյաները: Իսկ ընդհանրապես, ես չեմ կարծում, որ նոր եկող պաշտոնյային վայել է աշխատելու փոխարեն քննադատել նախորդներին եւ փորձել դիվիդենդներ շահել: Դա արդեն խոսում է մեկ բանի մասին՝ տվյալ պաշտոնյան ուղղակիորեն չի հաջողելու»:

Հետաքրքրվեցինք՝ համամիտ չէ՞ տիկին Զոհրաբյանը, որ ինչ-որ տեղ իրավացի է ՀՀԿ-ական մարզպետը, երբ նկատառում է ներկայացնում, որ այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն՝ ԲՀԿ առաջնորդը կարող էր հենց Վայոց ձորում ավելի շատ ներդրումներ անել՝ իրականացնելով նաեւ կուսակցության կարգախոսը: Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Հայաստանյան տնտեսվարողներից եւ գործարարներից որեւէ մեկը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չափ ներդրում չի արել: Եվ ես այդ մարզպետին խորհուրդ եմ տալիս իր այդ կոչը, հորդորն ուղղել ՀՀԿ-ական այն գործարարներին, որոնք կարող էին Գագիկ Ծառուկյանի գոնե կեսի-կեսի չափ ներդրումներ անել, սակայն չեն արել»: Թե հատկապես ՀՀԿ-ական ո՞ր գործարարներին նկատի ունի տիկին Զոհրաբյանը՝ մեր հարցին պատասխանեց. «ՀՀԿ-ական բոլոր գործարարներին»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930