Կալիֆոռնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-ում տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել՝ դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի եւ ավելի լայն իմաստով՝ Արեւմուտքի հետ: Ինչո՞ւ հոգեւոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա եւ ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ Հռոմի պապը, առավել եւս՝ ինչո՞ւ այդ պատճառով պետք է զոհվի Լիբիայում Ամերիկայի դեսպանը: Սա, հավանաբար, այն ջրբաժանն է, որը տարբերակում է արեւմտյան եւ արեւելյան մտածելակերպը: Ըստ վերջինիս՝ գոյություն չունեն մասնավոր անձինք՝ իրենց մասնավոր կարծիքով: Կան միայն ազգային-կրոնական թիմեր, որոնք խաղում են կամ, համենայնդեպս, պիտի խաղան միեւնույն կանոններով: Ըստ այդ մոտեցման՝ մարդկային անհատական դրսեւորումներ գոյություն չունեն՝ ամեն ինչ կարգավորվում է վերեւից եկող հրահանգներով: Դա բավականին նման է այն հայեցակարգին, որը քարոզում էին բոլշեւիկները՝ պարզապես ազգի եւ «ճշմարիտ» հավատացյալների փոխարեն հանդես էին գալիս «դասակարգերը», ինչի հետեւանքով ամեն ինչ դառնում էր «դասակարգային»՝ իդեալները, մարդասիրությունը, ճշմարտությունը: Նա, ով իրեն թույլ էր տալիս ենթադրելու, որ այդ ամենը կարող է վերդասակարգային բնույթ կրել, առնվազն փտած ինտելիգենտ էր:
Մեր հասարակական կյանքում նույնպես անհատական, անձնական դրսեւորումները մերժվում են «վերնախավի» կողմից: Եթե հնչում է որեւէ տեսակետ, այդ «վերնախավի» դատավորները շտապում են մտցնել այդ կարծիքը որեւէ «ռուբրիկայի» մեջ՝ իշխանություն, թե ընդդիմություն, ՀՀԿ, թե ԲՀԿ, ազգային, թե ապազգային: Եվ եթե այդ տեսակետը ինչ-որ առումով ձեռնտու չի լինում, ապա հակափաստարկների համակարգը կառուցվում է հենց այդ՝ «թիմային» հոգեբանության հիման վրա:
Երբ մի կուսակցական փորձում է հերքել մյուս կուսակցականին՝ «դու ծառայում ես քո տերերին» փաստարկով, միշտ բնական հարց է առաջանում՝ իսկ նման բան ասողը ո՞ւմ է ծառայում՝ բացարձակ ճշմարտությա՞նը, դարավոր իմաստությա՞նը: Վաղուց արդեն եկել է ժամանակը, երբ կուսակցականներն իրար եւ մնացածների մեջ տեսնեն անհատների՝ իրենց ճիշտ կամ սխալ դրսեւորումներով եւ ոչ թե «դասակարգային ճշմարտությունների» մարմնավորումը: Դա կօգնի փնտրել ցանկացած՝ ամենահակակրելի կերպարի արտահայտած մտքում կամ գործելակերպում ռացիոնալ հատիկը եւ բանավիճել դրա շուրջ: Իսկ փնովելն ու գովերգելը թողնել մանկապարտեզային եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին:
Երեկ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործը լսվելու է առանց լուսանկարելու եւ տեսանկարահանելու: Ոչ թե այն պատճառով, որ նիստում պետական գաղտնիքներ են հրապարակվելու, այլ՝ որովհետեւ լրատվամիջոցներն այդ դատավարությունը, իր կարծիքով, սխալ են լուսաբանում: Այդ դատավորն էլ, հավանաբար, իր դասակարգային ճշմարտություններն ունի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ