Գինեսի ռեկորդների գիրքը շարունակում է լրացվել նոր ռեկորդներով: Դրանք հաճախ տարօրինակ են, երբեմն էլ, պարզապես, հիմար:
Աշխարհի ամենատարեց մարմնամարզուհին 86-ամյա Ջոաննա Կաասն է: Նա ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 20-ին եւ ամեն տարի մասնակցում է Սաքսոնիայում կազմակերպվող սպորտային մարմնամարզության սիրողական մրցումներին:
Բրիտանիայի «Սիլվերսթոուն» ավտոմրցուղում սահմանվել է միեւնույն վայրում նույն մակնիշի ավտոմեքենաների ամենաշատ քանակությամբ ներկայության ռեկորդ: Այդ «շքերթում» գրանցվել է իտալական «Ֆերրարի» մակնիշի 964 ավտոմեքենա: Նախորդ ռեկորդը սահմանվել էր Ճապոնիայի «Ֆուձի» մրցուղում՝ 490 մեքենա:
Աշխարհի ամենամեծ բիցեպսներն ունի ներկայումս ԱՄՆ-ում բնակվող եգիպտացի Մուստաֆա Իսմայիլը: Նրա ձախ թեւի բիցեպսի շրջագիծը պրկված վիճակում 64,77 սմ է, աջինը՝ 63,5 սմ:
Աշխարհում ամենածանր կին սումոիստը Շարրան Ալեքսանդերն է, որի անձնական քաշը 203,21 կիլոգրամ է:
Աշխարհի ամենածանր հեծանիվը՝ 750 կիլոգրամ, պատրաստել է հոլանդացի Վոտեր վան դեր Բոշը:
Աշխարհի ամենաարագավազ այծը «անգլիացի» է: Տնային այդ կենդանին մշտապես մասնակցում է վազքի մրցումների եւ 179 մեկնարկից հաղթել է 165-ում:
Աշխարհի ամենամեծ մոտոցիկլետը պատրաստել է Ավստրիայի Պերտա քաղաքի բնակիչ Ռեյ Բաումանը, որը ժամանակին մարզական մեքենաների վրա էքստրեմալ հնարքներ է կատարել: 13 տոննա կշռող եւ 3,5 մետր բարձրություն ունեցող նրա հսկան հանգիստ կարող է «տրորել» հենց այդ մարզական մեքենաները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ